ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Հայկ Նազարյան - Ճառ #22 - «Հոսանք»-ի ժողովում (21-03-2026)

03:00:00 21.03.2026

Հայկ Նազարյան - Ճառ #22 - «Հոսանք»-ի ժողովում (21-03-2026)

Ճառ #22
Ժողովում

Ինչպես գիտենք ու ինչպես տեսնում ենք, մեր երկրի շուրջ շատ թեժ իրավիճակ է նորից ստեղծվել, որը կարող է բռնկման եզրին բերել մեր ամբողջ տարածաշրջանը: Կարող ենք անդադար խոսել այս դեպքերի մասին, բայց քանի որ այսօր մարտի 21-ն է՝ գարնան առաջին օրը, որոշեցի խոսել ճշմարտության մասին, և թե ինչ նշանակություն ունի այն մեզ և ընդհանուր առմամբ մեր շարժման համար: Գաղտնիք չէ, որ գարնան առաջին օրը հնագույն հայկական օրացույցում նաև Նոր տարին էր: Դրա համար կարծում եմ ՝ այսօր շատ հարմար օր է ճշմարտության մասին խոսելու, քանի որ ինչպես գարնան առաջին օրը խորհրդանշում է լույսի հաղթանակը խավարի նկատմամբ, այնպես էլ ճշմարտությունը խորհրդանշում է լույսը՝  ստերով լցված այս խավար աշխարհում: 
Մեր շարժումը, իհարկե, էապես և բովանդակությամբ ընդհանրապես նման չէ Հայաստանում գործող որևէ քաղաքական ուժի, և վստահ եմ՝ նրանք, ովքեր մեզ մի քանի տարի կամ նույնիսկ մի քանի ամիս հետևում են, համաձայն կլինեն ասածիս: Նման չենք ոչ միայն նրա համար, որ ամբողջությամբ անկախ ենք և որևէ կապ չունենք նախկիներից ու ներկաներից բաղկացած այս դավաճանական համակարգի հետ, այլև նրա համար, որ մենք մեր շարժումը հիմնադրել ենք մաքուր հայ ազգայնական գաղափարների վրա, և մեզ համար կարևորը ոչ թե քաղաքական կոռեկտությունն է, այլ հենց ճշմարտությունը: Մենք մեր ազգին վերաբերող ամեն արտաքին ու ներքին կարևոր հարցի շուրջ հայ ազգայնական դիրքորոշում ենք բռնում ու առանց վարանելու ասում ենք ճշմարտությունը, որովհետև դա մեր պարտքն ենք համարում, քանի որ ստելը հայ արիական էության մեջ չի եղել ու չի էլ կարող լինել:
Այս օրերին, երբ մենք օրեցօր մոտենում ենք կրկեսային ու խայտառակ նոր ընտրություններին, ավելի ակնհայտ է դառնում մեր քաղաքական դաշտում գործող դավաճանությունը, և ավելի անտանելի են դառնում տարբեր քաղաքական մարմնավաճառների ստերը: Նրանք հենց խորհրդանշում են այն խավարը, որը ծածկել է մեր ամբողջ երկիրը: Սակայն մենք որոշել ենք ճշմարտությունը խոսել, որովհետև մենք մեզ միայն քաղաքական գործիչներ չենք համարում, այլ նաև ճշմարտության ասպետներ: Այսօր, երբ քաղաքականությունը հաճախ վերածվում է շահերի խաղի, մեզ անհրաժեշտ է նման նոր ասպետություն, որպեսզի քաղաքական գործիչը հանդես գա ոչ թե որպես ժամանակավոր պատեհապաշտ դերակատար, այլ որպես հավերժության զինվոր՝ առաջնորդված ոչ թե անձնական շահով, այլ ազգային գաղափարներով՝ մեր Ցեղակրոն հավատով։
Ճշմարտության ասպետը միայն քաղաքական մարտիկ չէ, այլ նաև մեր սուրբ արիական արժեհամակարգի պահապան է։ Նա կանգնած է ազգի ու պետության միջև որպես կամուրջ, որպես երաշխավոր, որ իշխանությունը իր ամբողջ ուժով արժանապատվորեն կծառայի հայրենիքի ու պետականության շահերին։ Ճշմարիտ ասպետությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է եսասիրությունը։ Իսկ երբ մեր քաղաքական գործիչները ճանաչեն իրենց պարտականությունները և առաջնորդվեն ճշմարիտ ասպետությամբ, նրանց վարած քաղաքականությունը կդառնա ոչ թե բաժանման, այլ համախմբման ուժ։
Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ ստերը ամենուրեք են, և որտեղ, ցավոք սրտի, ստելը դարձել է նորմալ երևույթ: Այն աստիճանի է սուտ ասելը ընդունելի դարձել, որ կարծում ենք՝ քաղաքական գործիչը պետք է սուտասան լինի: Եվ երբ մի քաղաքական գործիչ է հայտնվում, ով սկսում է միայն ճշմարտությունը խոսել, նա համարվում է «տարօրինակ», «ծայրահեղ» կամ «անլուրջ»: Ահա սա ցույց է տալիս, թե մեր հասարակությունը, հատկապես քաղաքական դաշտը որքան հեռու է ճշմարտությունից ու արդարությունից: 
Այս ստերը մեզ շարունակում են պահել պատրանքի մեջ, և այդ պատրանքը վերացնելու միակ ձևը առանց վախի ճշմարտությունը բարձրաձայնելն է: Եվ մենք՝ որպես այս հակազգային նեոբոլշևիկյան համակարգից դուրս ու այս համակարգին ամբողջությամբ դեմ ազգայնական քաղաքական շարժում, պարտավոր ենք ճշմարտությունը խոսել: Ասեմ ավելին՝ ճշմարտություն խոսելը ոչ միայն մեր պարտականություն է, այլև՝ առաքինություն, որը մեզ համար ճանապարհ է բացում դեպի արդարություն և վեհություն: Մենք մեզ հեղափոխականներ ենք համարում, որովհետև այս ստերի դարում ճշմարտություն խոսելը իրոք հեղափոխական գործողություն է:
Այսօրվա Հայաստանում շատերը քնած են, որովհետև ապրում են հարմարավետության մեջ կամ զբաղված են իրենց առօրյա հոգսերով։ Նրանց հեշտ է կերակրել կեղծիքներով, քանի որ ճշմարտությունը ցավոտ է, իսկ նրանք ցավից խուսափելուն են սովորել։ Բայց մի ազգային շարժում, որը ցանկանում է իրական հաղթանակ բերել և իսկական վերածնունդ առաջացնել, չպետք է հետևի այդ քնի մեջ ընկած բազմությանը։ Այն պետք է բարձրանա և կառուցվի միայն մեկ բանի վրա՝ ճշմարտության։
Առանց ճշմարտության չկա ուժ, և առանց ուժի չկա միասնություն, և առանց միասնության չկա փրկություն։ Մի շարժում, որը խուսափում է ճշմարտությունից՝ ժողովրդին դուր գալու կամ հեշտ ճանապարհով գնալու համար, գուցե ամբոխ կհավաքի, բայց ազգ երբեք չի կառուցի։ Գուցե այսօր ծափահարում են, բայց վաղը դա կդառնա դավաճանություն։ Մեր ժամանակակից պատմության ընթացքում բազմիցս ենք տեսել այս օրինակը՝ քաղաքական մարմնավաճառներ, որոնք կեղծ խոսքեր են տվել ու սին հույսեր փայփայել՝ արհամարհելով ճշմարտությունը, և այդ կերպ մեզ տարել են դեպի խայտառակ պարտություն, և հիմա էլ տանում են համընդհանուր կործանման։
Ճշմարտությունը յուրաքանչյուր իսկական ազգայնական շարժման հիմքն է։ Այն ցույց է տալիս, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ինչպիսին պետք է դառնանք։ Այն բացահայտում է ստերը և պահանջում է կարգապահություն և զոհողություն։ Այդ պատճառով էլ մարդիկ այն մերժում են, բայց հենց դրա համար է անհրաժեշտ։ Ոմանք կասեն. «բայց ժողովուրդը հիմա ճշմարտություն չի ուզում»։ Թող ասեն։ Մենք այստեղ չենք՝ ժողովրդին հաճոյանալու և կեղծ խոստումներ տալու։ Մենք այստեղ ենք՝ արթնացնելու և ճշմարիտ ու հավիտենական ճանապարհը ցույց տալու համար։ 
Ճշմարտությունը զենք է, որը կոտրում է պատրանքները, և այն կոփում է ազգի հոգին ապագա փորձությունների համար։ Եվ միայն ճշմարտության վրա հիմնված շարժումը կմնա կանգուն, երբ մյուսները փլուզվեն գալիք մեծ ճգնաժամին, քանի որ կեղծիքը իշխում է պատրանքի ժամանակ, իսկ պատրանքի պատրվելու դեպքում ճշմարտությունը հաղթանակած է դուրս գալիս: Հարկավոր եմ համարում այստեղ մեջբերել Նժդեհի շատ դիպուկ խոսքերը՝ «Ճշմարտությունը կդաստիարակի արին ու ազնիվը: Պարտություն, ստրկություն, տառապանք, ահա՛ կեղծիքին հարկատու ժողովուրդների ճակատագիրը: Ճշմարտությունն, ընդհակառակը, կհզորացնի ու կփրկի՝ դարձնելով ազգերին հաղթական: Առաջինը տխուր ախտանիշն է հոգիների խանգարման: Երկրորդը, կրկնենք իմաստունի հետ, ամենամեծ Աստվածությունն է, որ բնությունը հայտնաբերել է մարդկության համար և օժտել այն ամենամեծ ուժով: Ճշմարտության մեջ ապրող անհատի և հավաքականության հիմքը դրված է լինում ժայռի, կեղծիքի մեջ խարխափողինը՝ ավազի վրա», մեջբերման ավարտ:
Կարճաժամկետում կեղծիքը գուցե ապահով թվա, բայց երկարաժամկետում այն մահացու է։ Կեղծ շարժումը երբեք չի կարող բերել իրական բարգավաճում։ Անկախ, միացյալ ու հզոր Հայաստանը կարող է ծնվել միայն ճշմարտության հիմքի վրա՝ ասված՝ համարձակությամբ, ապրած՝ կարգապահությամբ, և պաշտպանված՝ կրքով ու անկոտրում կամքով։ Թող մյուսները վազեն հարմարավետության հետևից։ Թող ուրիշները ստեն՝ անցողիկ հետևորդներ հավաքելու համար։ Մենք ընտրում ենք ճշմարտությունը և գնում ենք մեր միակ ճշմարիտ ուղիով, որովհետև գիտենք՝ առանց դրա հզոր ազգային շարժում չենք կարող կառուցել, և առանց այդ հզոր ազգային շարժման՝ մեր հայրենիքի ու անկախ պետականության համար փրկություն չի կարող լինել։
Շատերը, մեզ հետևելով, վստահ եմ՝ կմտածեն, թե ինչու ենք մեր սակավաթիվ ռեսուրսներով շարունակում մեր գործունեությունը քաղաքական դաշտում, քանի որ մեր հաջողությունը մեծամասնության համար այս պահին «անհնարին» կթվա։ Լիովին հասկանալի է, որ մարդիկ այդպես կկարծեն, սակայն ես հավատում եմ, որ ճշմարտության և ամուր կամքի վրա հիմնված փոքրաթիվ շարժումը երկարատև հեռանկարում ավելի մեծ հաջողություն կունենա, քան միայն կեղծիքների և փողի վրա հիմնված մեծաքանակ ու անբովանդակ, փուչիկ շարժումները:
Ես հավատում եմ դրան, որովհետև ճշմարտություն խոսելը ոչ միայն պարտականություն ու առաքինություն է, ինչպես արդեն նշեցի, այլև դրա մեջ թաքնված ուժ կա, որը շատերը թերագնահատում են՝ կարծելով, թե ճշմարտությունն ու քաղաքականությունը պետք չէ իրար հետ կապ ունենան։ Սակայն դա իրականում սխալ և դեպի կործանում տանող մոտեցում է ցանկացած քաղաքական շարժման համար։ Կեղծիքների վրա հիմնված քաղաքական շարժումը նման է ստերի վրա հիմնված ամուսնության։ Հետևաբար ազնիվ և լուրջ քաղաքական գործիչը, հատկապես քաղաքական առաջնորդը, ով իր ժողովրդին ուզում է ցույց տալ ճիշտ ճանապարհը, պետք է ոչ միայն կարևորի ճշմարտությունը, այլև այն դարձնի անհրաժեշտություն՝ անկախ նրանից, թե որքան դառը, չընդունված ու քաղաքականապես ոչ կոռեկտ լինի այդ ճշմարտությունը այս պահին։
Ճշմարտությունն ու առհասարակ ճշմարիտ ուղին միայն մեկն է լինում, ինչպես մաթեմատիկայում կարող են լինել բազմաթիվ սխալ պատասխաններ, բայց միայն մեկ ճիշտ պատասխան։ Եվ ես խորապես հավատում եմ, որ այն ուղին, որով անցնում է մեր շարժումը, հենց այդ միակ ճշմարիտ ուղին է՝ այդ միակ հավիտենական ճանապարհը, քանի որ մեզ համար ճշմարտությունը բարձրագույն արժեք է։ Նախկինում շեշտել եմ և կրկին կշեշտեմ, որ մեր ուղուց բացի՝ այլ ուղի չկա․ կա միայն մեկ ճշմարիտ և հավիտենական ճանապարհ, և դա հենց «Հոսանք»-ի ճանապարհն է։ Այնքան եմ հավատում դրան, որ կյանքումս, առանց որևէ «պլան Բ» ունենալու, շարունակում եմ անցնել այդ ճանապարհով՝ զոհաբերելով իմ կարիերան և միայն քաղաքականությամբ զբաղվելով։ Նույնիսկ եթե փորձեմ, չեմ էլ կարող ուրիշ բանով զբաղվել։ Առանց նման հավատի և ռիսկի դիմելու՝ մենք երբեք չենք կարող ճշմարտությունը հասցնել հաղթանակի։
Երբ պատերազմից վերադարձա և հիմնադրեցի մեր շարժումը, ինքս ինձ խոսք տվեցի, որ կքարոզեմ միայն ճշմարտությունը՝ փորձելով հայ ազգայնականներին համախմբել հենց այդ ճշմարտության շուրջ՝ անկախ նրանից, թե որքան դժվար կլինի այդ աշխատանքը, և որքան վիթխարի կլինի նման պատասխանատվությունը։ Ինքս ինձ ասացի, որ նույնիսկ եթե հաջողության հասնելու մեկ տոկոս հավանականություն լինի, կդիմեմ այդ քայլին, քանի որ ճշմարտության ուղուց զատ՝ ինձ համար բոլոր մյուս ուղիները ոչնչացման ճանապարհներ են։ 
Ի վերջո, մենք այս պայքարի մեջ ենք, որովհետև ազգայնական լինելուց բացի՝ ուրիշ ոչինչ չենք կարող լինել և պայքարելուց բացի՝ ուրիշ ոչինչ չենք կարող անել։ Երբ այդ տեսանկյունից ենք այս ամենը դիտարկում, մեզ համար հօդս են ցնդում թերահավատությունն ու բոլոր կասկածները։ Այդ է պատճառը, որ մենք պետք է շարունակենք մեր պայքարը՝ առանց նայելու, թե որքան դանդաղ կամ արագ կլինի մեր առաջընթացը, կամ որքան երկար կտևի հաջողության հասնելը։
Մենք անում ենք այն, ինչ պետք է անենք, քանի որ ուրիշ ոչ ոք դա չի անելու, և անցնում ենք այս ճշմարիտ ու հավիտենական ճանապարհով, որովհետև ուրիշ ոչ ոք մեր փոխարեն չի անցնելու և չի էլ կարող անցնել։ Մենք միայն քաղաքական շարժում չենք կառուցում․ մենք, պատմություն կերտելով, հավերժության գործընթացի կարևոր մասն ենք կազմում՝ գործընթաց, որը երկարաժամկետ հեռանկարում մեր ազգին բերելու է զարգացում, մեր Հայրենիքին՝ բարգավաճում և մեր պետությանը՝ փառահեղ հաղթանակ։
Մենք մեր ճշմարիտ շարժումը առաջ կտանենք, քանի որ խավարի մասին բողոքելու փոխարեն որոշել ենք մեկ մոմ վառել և այս դժվար ու մշուշոտ ժամանակներում մեր հայրենակիցների մեջ մեր ապագայի հանդեպ արթնացնել հույսն ու հավատը և բարձրացնել մեր ողջ ազգի մարտական ոգին, քանի որ դա է հաղթանակի, փրկության և վերածննդի միակ ճանապարհը: 

-      Հայկ Նազարյան
       21 մարտի, 2026թ․


Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։