ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Շատերը, ինձ հետևելով, վստահ եմ՝ կմտածեն...

06:11:00 27.02.2026

Շատերը, ինձ հետևելով, վստահ եմ՝ կմտածեն...

Շատերը, ինձ հետևելով, վստահ եմ՝ կմտածեն, թե ինչու եմ իմ սակավաթիվ ռեսուրսներով շարունակում գործունեությունս քաղաքական դաշտում, քանի որ իմ հաջողությունը մեծամասնության համար այս պահին «անհնարին» կթվա։ Լիովին հասկանալի է, որ մարդիկ այդպես կկարծեն, սակայն ես հավատում եմ, որ ճշմարտության և անկոտրում կամքի վրա հիմնված փոքրաթիվ շարժումը երկարատև հեռանկարում ավելի մեծ հաջողություն կունենա, քան միայն կեղծիքների և փողի վրա հիմնված մեծաքանակ ու անբովանդակ, փուչիկ շարժումները, որովհետև վերջում ճշմարտությունն է հաղթանակած դուրս գալիս։ 

Ես հավատում եմ դրան, որովհետև ճշմարտություն խոսելը ոչ միայն առաքինություն է, այլև դրա մեջ թաքնված ուժ կա, որը շատերը թերագնահատում են՝ կարծելով, թե ճշմարտությունն ու քաղաքականությունը իրար հետ ընդհանրապես կապ չունեն։ Սակայն դա իրականում սխալ և դեպի կործանում տանող մոտեցում է ցանկացած քաղաքական շարժման համար։ Կեղծիքների վրա հիմնված քաղաքական շարժումը նման է ստերի վրա հիմնված ամուսնության։ Հետևաբար ազնիվ և լուրջ քաղաքական գործիչը, հատկապես քաղաքական առաջնորդը, ով իր ժողովրդին ուզում է ցույց տալ ճիշտ ճանապարհը, պետք է ոչ միայն կարևորի ճշմարտությունը, այլև այն դարձնի անհրաժեշտություն՝ անկախ նրանից, թե որքան դառը, չընդունված ու քաղաքականապես ոչ կոռեկտ լինի այդ ճշմարտությունն այս պահին։ Նույնիսկ կարող ենք պնդել, որ ճշմարտությունը բարձրաձայնելը պարտականություն է յուրաքանչյուր գիտակից և արժանապատիվ մարդու համար։

Ճշմարտությունն ու առհասարակ ճշմարիտ ուղին միայն մեկն է լինում, ինչպես մաթեմատիկայում կարող են լինել բազմաթիվ սխալ պատասխաններ, բայց միայն մեկ ճիշտ պատասխան։ Եվ ես հավատում եմ, որ այն ուղին, որով անցնում է մեր շարժումը, հենց այդ միակ ճշմարիտ ուղին է՝ այդ միակ հավիտենական ճանապարհը, քանի որ մեզ համար ճշմարտությունը բարձրագույն արժեք է։ Նախկինում շեշտել եմ և կրկին կշեշտեմ, որ մեր ուղուց բացի այլ ուղի չկա․ կա միայն մեկ ճշմարիտ և հավիտենական ճանապարհ, և դա հենց «Հոսանք»-ի ճանապարհն է։ Այնքան եմ հավատում դրան, որ կյանքումս, առանց որևէ «պլան Բ» ունենալու, շարունակում եմ անցնել այդ ճանապարհով՝ զոհաբերելով անձնական կյանքն ու կարիերան։ Նույնիսկ եթե փորձեմ, չեմ էլ կարող ուրիշ բանով զբաղվել։ Առանց նման հավատի և ռիսկի դիմելու՝ մենք երբեք չենք կարող ճշմարտությունը հասցնել հաղթանակի։

Երբ պատերազմից վերադարձա և հիմնադրեցի մեր շարժումը, ինքս ինձ խոսք տվեցի, որ կքարոզեմ միայն ճշմարտությունը՝ փորձելով հայ ազգայնականներին համախմբել հենց այդ ճշմարտության շուրջ՝ անկախ նրանից, թե որքան դժվար կլինի այդ աշխատանքը և որքան վիթխարի կլինի նման պատասխանատվությունը։ Ինքս ինձ ասացի, որ նույնիսկ եթե հաջողության հասնելու մեկ տոկոս հավանականություն լինի, կդիմեմ այդ քայլին, քանի որ ճշմարտության ուղուց զատ ինձ համար բոլոր մյուս ուղիները ոչնչացման ճանապարհներ են։ Ի վերջո, մենք այս պայքարի մեջ ենք, որովհետև ազգայնական լինելուց բացի ուրիշ ոչինչ չենք կարող լինել և պայքարելուց բացի ուրիշ ոչինչ չենք կարող անել։ Երբ այդպես ենք դիտարկում, մեզ համար հոդս են ցնդում թերահավատությունն ու բոլոր կասկածները։ Այդ է պատճառը, որ մենք պետք է շարունակենք այս պայքարը՝ առանց նայելու, թե որքան դանդաղ կամ արագ կլինի մեր առաջընթացը, կամ որքան երկար կտևի հաջողության հասնելը։

Մենք անում ենք այն, ինչ պետք է անենք, քանի որ ուրիշ ոչ ոք դա չի անելու, և անցնում ենք այս ճշմարիտ ու հավիտենական ճանապարհով, որովհետև ուրիշ ոչ ոք մեր փոխարեն չի անցնելու և չի էլ կարող անցնել։ Մենք միայն քաղաքական շարժում չենք կառուցում․ մենք, պատմություն կերտելով, հավերժության գործընթացի կարևոր մասն ենք կազմում՝ գործընթաց, որը երկարաժամկետ հեռանկարում մեր ազգին բերելու է զարգացում, մեր Հայրենիքին՝ բարգավաճում, և մեր պետությանը՝ փառահեղ հաղթանակ։

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Դեպի Մեծ Հայք, Դեպի Փառահեղ Ապագա՛

#Այս_Անգամ_Աշխարհը #Ճակատագրի_Շարժումը

«Ճշմարտությունը կդաստիարակի արին ու ազնիվը: Պարտություն, ստրկություն, տառապանք, ահա՛ կեղծիքին հարկատու ժողովուրդների ճակատագիրը: Ճշմարտությունն, ընդհակառակը, հզորացնի ու կփրկի՝ դարձնելով ազգերին հաղթական: Առաջինը տխուր ախտանիշն է հոգիների խանգարման: Երկրորդը, կրկնենք իմաստունի հետ, ամենամեծ Աստվածությունն է, որ բնությունը հայտնաբերել է մարդկության համար և օժտել այն ամենամեծ ուժով: Ճշմարտության մեջ ապրող անհատի և հավաքականության հիմքը դրված է լինում ժայռի, կեղծիքի մեջ խարխափողինը՝ ավազի վրա:» - Գարեգին Նժդեհ   

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։