05:37:00 15.09.2026
Հաճախ է լինում, երբ տարբեր մարդիկ ինձ գրում են կամ մեկնաբանություն թողնում՝ ասելով, օրինակ՝ «նման հավաքներով ու ճառերով բան չեք լուծի, գործ արեք» կամ ինչ-որ նման հիմար բան, կարծես թե իրենք ինչ-որ «գործ անող» են։ Սիրում են միայն առցանց մեծ-մեծ խոսել «գործ անելու» մասին, մինչդեռ իրենք մի հատ մատը մատին չեն տվել և աջ ու ձախ միայն տարբեր հայադավներին են սատարել։ Նրանք, փոխանակ իրենց անձնական օրինակով ու գործով ցույց տան բոլորին, թե ինչպես է լինում այդ «գործ անելը», հանդգնում են քննադատել ու քարկոծել նրանց, ովքեր փորձում են մի բան անել, որքան էլ առայժմ փոքր ու ոչ կարևոր թվա այն։ Նման մարդիկ պարզապես ինքնագիտակցություն չունեն և ընդհանրապես զուրկ են հեռատեսությունից, քանի որ իրենց քթից այն կողմ չեն կարողանում տեսնել։
Իսկ երբ նրանց ասում ես, թե ինչ հեռանկարային ծրագրով «գործ» պետք է արվի այս ժամանակավոր խաղաղ ու կայուն ժամանակներում, ասում են՝ «դրա ժամանակը չկա»։ Զավեշտալին այն է, որ նույնն ինձ ասում էին մոտ 5 տարի առաջ, երբ նոր էի հիմնադրել մեր շարժումը, և պատերազմից արդեն վեց տարի անց շարունակում են դա անմտորեն կրկնել ու ոչինչ չանել։ Փոխանակ այս շատ կարևոր ժամանակը ճիշտ օգտագործելու՝ զբաղվում են միայն դատարկ բողոքելով ու բազմոց քշելով։ Ըստ նրանց՝ մենք երբեք ժամանակ չունենք, հետևաբար անիմաստ է ինչ-որ բան անել։
Անհամբեր երեխայի պես մտածում են արագ «գործ անելու» մասին և կարծում են, թե միանգամից նման «գործ անելով» ամեն ինչ արագ կլուծվի ու կընկնի տեղը։ Նրանք չեն հասկանում խնդրի խորությունն ու լրջությունը և դրա համար էլ չեն հասկանում դրա լուծումը, քանի որ, խնդիրը լավ հասկացած լինելով, նման ապուշ բաներ ամեն անգամ չէին ասի։ Փորձում են իրենց «գործ անող» մարդու տեղ դնել, բայց իրականում արդարացնում են իրենց ծուլությունը, անգործունեությունը, ապիկարությունը և, այո՛, նաև վախկոտությունը։
Այնուամենայնիվ, մենք նրանց նման կարճամիտ դատարկաբաներին բանի տեղ չենք դնում, քանի որ շները հաչում են, իսկ քարավանը շարժվում է առաջ։ Նրանց նման անհիմն կոչեր չենք անում ու չենք ապրում սին հույսերով, որովհետև նրանց նման կտրված չենք իրականությունից և հասկանում ենք, թե ինչ պետք է արվի։
Մեզ համար շատ պարզ է, որ այս ժամանակներում իրական «գործ անելը» նշանակում է կազմակերպվել, գաղափարներ սերմանել, ճանաչողություն ձեռք բերել, ճշմարտություն տարածելով վստահություն վաստակել և այդ ամենով փորձել մեր ազգի գիտակից չնչին փոքրամասնությանը ներգրավել մեր հավերժության դրոշի ներքո՝ անդամ, աջակից, համակիր կամ հետևորդ դարձնելով։
Ոչ ոք մեզ չի կարող շեղել այս միակ ճշմարիտ ուղուց, որովհետև քաջ գիտակցում ենք՝ եթե իսկապես տենչում ու երազում ենք մեր ազգային քաղաքական պայքարը վճռականորեն ու հաստատակամորեն առաջ տանել և պատմական ճիշտ ժամանակին մի օր հասցնել հաղթանակի՝ կերտելով ազգային պետություն և ստեղծելով Ցեղակրոն Հայաստան, ապա չենք կարող հենց այս օրերին հրաժարվել հետևողական, նվիրված ու կազմակերպված գործողություններից։
Ձևավորում ենք ստվերում, կոփվում ենք պայքարով և կանչվում ենք ճակատագրի կողմից
«Սովորենք և գործադրենք որոշ փրկարար ճշմարտություններ: Վերապրեցնենք մեր ցեղի հոգու մեջ այդ գերագույն ուժերը՝ որպես ազգ չկորչելու համար»։ — Նժդեհ
#Sic_Parvis_Magna #Ճակատագրի_Շարժումը #Այս_Անգամ_Աշխարհը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ