01:17:00 07.04.2026
Արդեն մոտ տասը տարի Հայաստանում ապրելով և դրա կեսը քաղաքականությամբ ակտիվ զբաղվելով՝ ամեն տարի ավելի լավ եմ հասկացել, թե ինչու Նժդեհի գրքերից մեկի վերնագիրը կոչվում էր «Որդիների պայքարը հայրերի դեմ», և թե ինչու էր Նժդեհը ապագայի հանդեպ իր հույսը միշտ կապում երիտասարդության հետ։ Նա, ինչպես նաև պատմության մեջ բոլոր հեղափոխական առաջնորդները, հասկացել են, որ հեղափոխական հոգին կարող ենք գտնել հիմնականում նոր սերնդի երիտասարդների մեջ։ Այդ է պատճառը, որ պատմության մեջ մեծ հեղափոխությունները կատարվել են երիտասարդների շնորհիվ։ Մեր Առաջին Հանրապետության հիմնադիրների մեծ մասը 40-ից ցածր երիտասարդներ են եղել, ինչպես նաև Արցախյան ազատագրական պատերազմում մեր ազատամարտիկների մեծ մասը։
Մեր երկրում, ցավոք սրտի, սովետական սերունդը կարծրացած միտք, դախացած հոգի և աղավաղված, ստրկամիտ ու խղճուկ նեոբոլշևիկյան աշխարհայացք ունի՝ անկախ նրանից, թե որքան իրենց «ազգային» կամ «հայրենասեր» կհամարեն։ Այդ կոմունիստական ախտը մտել է իրենց ոսկորների մեջ, և դա չեն էլ գիտակցում։ Շատ քիչ բացառություններ, իհարկե, կան, ինչպես ամեն հարցում, բայց գրեթե բոլորը վախենում են իրական փոփոխությունից։ Նրանք ավելի լավ է այս հին ու փտած համակարգից ծանոթ դավաճան ընտրեն, քան այս հայրենադավ համակարգից ամբողջությամբ դուրս գտնվող նվիրյալ նոր մեկին, որովհետև նրանց մեջ վաղուց մարել է հեղափոխական կրակը, եթե, իհարկե, երբևէ ունեցել են դա։ Դրա համար ամեն անգամ նույն սխալներն են անում ու հիասթափվում, և հետո գլուխները քորում են, թե ինչո՞ւ ոչինչ չի փոխվում։
Հետևաբար, ցանկացած ազգային քաղաքական շարժում, հատկապես Հայաստանում, որն ուզում է իրական ու արմատական փոփոխություն բերել՝ ազգային հեղափոխություն անելով և ազգային պետություն կերտելով, պետք է նախ և առաջ ներգրավի նվիրյալ երիտասարդությանը։ Այլապես այդ շարժումը դատապարտված է կործանման։ Հայաստանի բարգավաճման, զարգացման ու հզորացման համար անհրաժեշտ է ցեղակրոն արժեքներով դաստիարակված հայկազունների նոր սերունդ։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ