ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Երբ նոր էի Հայաստան տեղափոխվել՝ արդեն մոտ 10 տարի առաջ...

05:23:00 24.02.2026

Երբ նոր էի Հայաստան տեղափոխվել՝ արդեն մոտ 10 տարի առաջ...

Երբ նոր էի Հայաստան տեղափոխվել՝ արդեն մոտ 10 տարի առաջ, ճանաչում էի բավականին շատ «հայրենասերների»՝ թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում, որոնք համացանցում բավականին ակտիվ էին։ Գրեթե բոլորը ինձ գիտեին, և գրեթե բոլորը իմ գաղափարների համակիրներ էին, իսկ մի մասին նույնիսկ «ընկեր» էի համարում։ Բայց պատերազմի մեր խայտառակ պարտությունից, և հատկապես 2023 թ․-ի հայաթափումից հետո, փոխանակ ավելի ակտիվ դառնային, գրեթե բոլորը հոդս ցնդեցին և վախկոտների պես մտան մի քարի տակ ու սկսեցին ջայլամի պես ապրել։ Արցախն ամբողջությամբ կորցնելուց հետո այդ դրոշակ ծածանողներն ու մեծ-մեծ խոսացողները անցան իրենց սովորական գործերին, կարծես թե ոչ մի բան չէր փոխվել, ու ամեն ինչ շատ նորմալ է։

Սակայն ինձ մոտ լրիվ հակառակը եղավ․ պատերազմից հետո ես զգացի, որ պետք է սկսեմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ և ոչ թե շարունակեմ պատրանքների մեջ ապրել։ Արցախի դեմ դավադրությունը դեռ շատ վառ է մնացել իմ մտքում, քանի որ նման հարցերում ես փղի հիշողություն ունեմ։ Ամեն տարի իմ մեջ կուտակված զայրույթը մարելու փոխարեն ավելի է աճում, երբ տեսնում եմ, որ նույն դավաճանությունը շարունակվում է ցայսօր։ Չեմ կարող ինքնախաբեությամբ զբաղվել, երբ տեսնում եմ, որ քաղաքական դաշտում նույն հայադավները ամբողջ Հայաստանն են տանում կործանման, ինչպես Արցախը տարան։ Զայրույթն ու ատելությունը օրեցօր մեջս աճում է, բայց այդ կուտակվող էներգիային ես միշտ կառուցողական ելք եմ տալիս՝ այն օգտագործելով որպես վառելիք իմ քաղաքական գործունեության համար։

Պատերազմից վերադառնալուց մեկ տարի հետո, երբ զրոյից և առանց որևէ օգնության՝ մեն-մենակ հիմնադրեցի «Հոսանք»-ը, ինքս ինձ խոսք տվեցի, որ կհրաժարվեմ ամուսնությունից ու սովորական կարիերայից, մինչև չպատժվեն նոյեմբերյան հանցագործները, ովքեր մեր բանակի ու պետության մեջքին դանակ խրեցին, և մինչև Հայաստանը նորից հաղթանակած չդառնա։ Շատերը այսպիսի մտածելակերպը գուցե «ծայրահեղական» համարեն, բայց ծայրահեղ իրավիճակներում «ծայրահեղ» լինելը իրականում շատ բնական է։ Ամեն դեպքում, ավելի լավ է «ծայրահեղական» լինեմ, քան զիջումների գնացող, այս խղճուկ վիճակի հետ հաշտվող, դավաճանությունն ընդունող, ինքնախաբեությամբ զբաղվող և անտարբեր ապրող ինչ-որ մեկը, ով այս կյանքում հրաժարվել է պայքարից։

Հայաստան տեղափոխվեցի 2016 թ․-ին՝ Ապրիլյան Քառօրյա պատերազմից ամիսներ անց, որովհետև լսել էի հողի կանչը, և այս բոլոր դեպքերից հետո որոշեցի մնալ ու մի բան անել, որովհետև իրական հայրենասերը պարտավոր է անձնական պատասխանատվություն կրել իր Հայրենիքի ճակատագրի համար։ Եթե չի սիրում, թե ինչ է կատարվում, ապա պետք է ճիշտ ուղղությամբ քայլ կատարի՝ անկախ նրանից, թե որքան «անհույս» է թվում իրավիճակը և որքան «անհավանական» է հաղթանակին հասնելը։ Միշտ երազել եմ անկախ, միացյալ ու հզոր Հայաստանի մասին և չեմ դադարի իմ պայքարը, մինչև այդ երազանքը իրականություն դարձնելու առաջին կայծը չբոցավառվի։ Եթե մենք չկարողանանք մեր կյանքի ընթացքում այն տեսնել, պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր ապագա սերունդները կարողանան դա տեսնել, քանի որ դա մեր հերոս նախնիների հանդեպ պարտքն է և Արարչից տրված մեր պատմական սուրբ առաքելությունը։

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Դեպի Մեծ Հայք, Դեպի Փառահեղ Ապագա՛

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։