05:13:00 28.02.2026
Ոդիսևսից մենք շատ բան կարող ենք սովորել։ Նա, երբ վերադարձավ իր հայրենի երկիր Իթակա 20 տարի բացակայելուց հետո ու իմացավ, որ մի խումբ ձրիակեր սրիկաներ գրավել են իր պալատը և պալատի ներսը պղծում են ու անպատվում են պալատի ծառաներին, միանգամից հասկացավ, թե ինչ պետք է անի, բայց չշտապեց։ Նա անմիջապես աղեղն ու նետը չվերցրեց, որպեսզի իմպուլսիվ կերպով միանգամից վրեժ լուծի։ Նա որոշեց ավելի ստոիկ մոտեցում ցուցաբերել։ Նա ընդունեց «խեղճ» ծերուկի կերպար, որպեսզի այդ ավազակներից որևէ մեկը իրեն չճանաչի և մոտիկից տեսավ, թե ինչպես էին գլխիվայր շուռ տալիս իր ամբողջ ունեցվածքը։ Չիմանալով, թե ով է, ավազակները նրան ծաղրում էին ու վիրավորում, բայց Ոդիսեոսը չէր ուզում ժամանակը ծախսել յուրաքանչյուր խուլիգանի վրա։ Նա ուզում էր ավելի մեծ գծագիր մշակել՝ գծագիր, որի արդյունքում ճիշտ պահին ու ճիշտ հանգամանքներում բոլորը կպատժվեին։
Ոդիսևսը, շարունակելով համբերատար լինել, առանձնացրեց իրեն հավատարիմ մնացածներին և մշակեց այդ գծագիրը։ Ամեն ինչ կազմակերպելուց հետո նոր որոշեց գործի անցնել և բոլորին հավաքելով մեկ սենյակում՝ նրանց անգթորեն ուղարկեց գրողի ծոցը՝ մաքրելով իր պալատը այն տականքներից, ովքեր տարիներ շարունակ կոռումպացրել ու այլասերել էին իր աշխարհը։ Ոդիսեոսը իմաստուն ռազմիկ-արքա էր և հասկանում էր, որ այդ սրիկաների հետ ավելի մեղմ ձևով վարվել հնարավոր չէր։ Նա դիմեց այդ վճռական քայլին, որովհետև դա էր այդ իրավիճակի համար միակ ճիշտ ու արդար լուծումը։
Հոմերոսը «Ոդիսականը» գրելիս մեզ միայն պատմություն չսովորեցրեց: Նա նաև շատ կարևոր դաս տվեց համբերության, հայրենասիրության, կազմակերպվածության, ողջամտության, վճռականության, վրեժխնդրության և արդարության մասին՝ դասեր, որոնք երբեք չպետք է մոռանանք...
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ