04:12:00 17.03.2026
Քոչարյանը վերջերս կրկին սկսել է շատ խոսել «արժանապատիվ խաղաղության» մասին՝ այն ներկայացնելով որպես «երաշխավորված խաղաղություն», որը, ըստ էության, ոչինչ չասող ձևակերպում է և մեծապես չի տարբերվում գերագույն դավաճանի ասածներից։ Քոչարյանը, իհարկե, նկատի ունի Ռուսաստանից երաշխավորված խաղաղություն, այսինքն՝ պարզ ասած՝ Ռուսաստանը լինի մեր անվտանգության հովանավորը։ Փաշինյան կոչեցյալն էլ, իր հերթին, մակերեսորեն փորձում է Արևմուտքին ներկայացնել որպես մեր անվտանգության հովանավոր, ինչը, հեգնականորեն, մեզ ավելի խորն է տանելու Ռուսաստանի ծոցը (սրա մասին նախկինում բազմիցս գրել ու խոսել եմ)։
Ամեն դեպքում, ներկայիս հակահայկական կառավարության և կեղծ, ազգադավ «ընդդիմության» պատկերացումները «խաղաղության» մասին ամենևին չեն բխում մեր իրական ազգային շահերից։ Այս դավաճան նեոբոլշևիկները, պատմությունից ոչինչ չսովորելով, հայ ազգի փրկության և ճակատագրի հույսը կրկին կապում են օտար ուժերի հետ, ինչը մշտապես եղել է մեր աղետների և անկման գլխավոր պատճառը։ Երկու կողմն էլ շարունակում են իրենց խեղաթյուրված ու պարտվողական մտածելակերպով և աղավաղված աշխարհայացքով նենգաբար մոլորեցնել ու խաբել մեր հայրենակիցներին։ Կրկեսային ու խայտառակ ընտրությունները մոտենում են, և կրկին փորձում են համոզել, թե իբր հակառակ ճամբարներից են։ Սակայն գնալով ավելի պարզ է դառնում գիտակից հայերի համար, որ իրականում երկուսն էլ՝ իրար դեմ իբր պայքարելով, մեր պետությունն ու ամբողջ երկիրը տանում են անդառնալի կորուստների և վերջնական կործանման։
Մեզ՝ հայ ազգայնականներիս համար, կա միայն մեկ տեսակի խաղաղություն, և դա մեր իսկ ուժով պահպանված ու երաշխավորված խաղաղությունն է։ Այն խաղաղությունը, որտեղ հայ ազգը կարող է ուժին պատասխանել ավելի մեծ ուժով, իսկ հարվածներին՝ ավելի հուժկու հակահարվածներով։ Դրանից զատ բոլոր մյուս «խաղաղությունները» խաբկանք են՝ ուղղված հայ ազգին զինաթափելուն և ուժային գործոնից զրկելուն։ Միայն ուժային և զինված խաղաղությունն է, որ կարող է իրական խաղաղության դարաշրջան բացել մեր ազգի համար՝ ոսոխին ծնկի բերելով և հաղթանակը կրկին մերը դարձնելով։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ