05:58:00 27.03.2026
Քսանյոթ տարի ԱՄՆ-ում եմ ապրել և վերջին տասը տարին էլ՝ Հայաստանում (որի կեսը ակտիվ զբաղվել եմ քաղաքականությամբ)։ Այդ ընթացքում, թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում, շփվել եմ ամեն տեսակի հայի հետ և, ցավոք սրտի, բազմիցս տեսել եմ կեղծ հայրենասիրություն կամ, ինչպես Նժդեհն է ասում՝ «ստահայրենասիրություն»։
Դա նրանք են, ովքեր Հայաստանը սիրում են, բայց հայրենասեր չեն։ Նրանք, ովքեր վարպետ են դարձել Հայաստանը հեռվից սիրելու արվեստի մեջ։ Նրանք, ովքեր «հայրենասեր» են, երբ Հայրենիքը հաղթանակած է, բայց անհետանում են, երբ Հայրենիքը պարտված է և շարունակվում է անպատվել թշնամու կողմից։ Նրանք են, ովքեր իրենց «հայրենասեր» են համարում մինչև գալիս է այն պահը, երբ իսկապես պետք է լինել հայրենասեր և անել հայրենասիրական գործեր։
Այս ամենը շատ պարզ նկատել էի Կալիֆորնիայում՝ գրեթե երեք տասնամյակ ապրելով, և հայրենադարձվելուց առաջ կարծում էի, որ Հայաստանում իրավիճակը տարբեր կլիներ։ Բայց պարզվեց՝ սխալվել էի, քանի որ Հայրենիքում այդ հարցում որևէ տարբերություն չկա։ Նժդեհի գրածները ավելի խորությամբ կարդալուց հետո հասկացա, որ այս երևույթը ամենևին էլ նորություն չէ։
Թողեմ նա ավելի լավ բացատրի՝
«Չեմ ճանաչում, նմանապէս, մի այլ ժողովուրդ, որի հայրենասիրությունը բովանդակութեամբ այնքա՜ն աղքատ լիներ, որպիսին է դա մեր ժողովրդի մի մասի մօտ...Բոց ու խանդ - որքան ուզէք, բայց ծոյլ, անպտուղ, անզոհաբերող է այդ հայրենասիրութիւնը: Եւ հենց այդ է պատճառը, որ մեզանում «հայրենասէր» համարուածն էլ վտանգի ժամանակ իր հայրենիքը թողել է կրակների մեջ եւ փախել վատօրէն...Հայաստանը կարօտ է կոնկրետ ու կենդանի հայրենասիութեան...Հայոց հայրենասիրութիւնը կրում է տօնական, հանդիսային, ազնվապետական բնոյթ: Դա յարմար է հռետորութեան և տաք սեղանների շուրջը շաչող բաժակաճառերի, բայց ո՛չ եւ Հայաստանին ու հայութեան: Հայաստանը պէտք ունի հանապազօրեայ եւ զոհայօժար հայրենասիրութեան: Գռեհիկ, անհայրենասիրութեան աստիճան գռեհիկ է ոմանց հայրենասիրութիւնը...Մեր հայրենիքի դժբախտութեան ներքին պատճառներէեն գլխաւորը - դա հայ մարդու օրուայ ստահայրենասիրութիւնն է...Ինչո՞ւ հայկական կազմակերպութիուններից ու հաստատութիւններից շատերը դարձել են կեղիքի դպրոց...Հայրենիքին, որ ասել է՝ ե՛ւ ցեղին - վայել է խոր պաշտամունք. նրան հայրենապաշտնե՛ր են պէտք, որպիսին դառնում են ցե՛ղը, միայն ցե՛ղը դաւանողները: Այո՛, առանց ցեղասիրութեան չկա՛յ ճշմարիտ հայրենասիրութիւն:» - Նժդեհ
Հ.Գ. Լուսանկարը արվել է 2015 թվականին Լոս Անջելեսում՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ժամանակ, որից մեկուկես տարի անց ես տեղափոխվեցի Հայաստան։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ