04:58:00 17.02.2026
Անի, Կարս, Շուշի՝ մեր Հայկական լեռնաշխարհի սրբությունները, որոնք նաև այս ամբողջ տարածաշրջանի գանձերն էին, ցավոք սրտի նույն դաժան ճակատագրին արժանացան՝ նույն հիմնական պատճառով։ Երեքն էլ կորցրինք ոչ թե արդար կռվով, այլ դավաճանության հետևանքով, քանի որ մեր երկրի ներսում հայադավները համագործակցում էին արտաքին թշնամիների հետ՝ ոսոխին հանձնելով դարպասների բանալիները։ Մեկը կորցրինք գրեթե 1000 տարի առաջ, մյուսը՝ մոտ 100, իսկ վերջինը՝ մոտ 10 տարի առաջ։
Առնվազն հազար տարի մեր ազգը չափազանց տուժել է դավաճանների ձեռքով և, ցավոք, շարունակում է տուժել մինչև օրս, որովհետև մեր կարճատես ու ազգուրաց էլիտան ոչինչ չի սովորել պատմությունից և իր հույսերը մշտապես կապել է օտարների հետ։ Պայքարելու և զոհաբերություններ կատարելու փոխարեն՝ հնազանդվել ու հանձնվել են, որովհետև ժամանակավոր հաճույքներն ու «խաղաղությունը» ավելի կարևոր են համարել, քան փառքն ու պատիվը, որոնք իրական և երկարատև խաղաղություն են բերում, որից, իհարկե, բխում է մնայուն երջանկությունը։ Մեր հերոս նախնիները հասկացել էին պայքարի ու զոհաբերության ոչ միայն կարևորությունը, այլև անհրաժեշտությունը. դրա համար նվիրյալները հողեր են ազատագրել, իսկ դավաճանները՝ հողեր հանձնել։
Օտար ուժերը, օգտագործելով մեր ներքին ազգադավներին, դարերի ընթացքում կամաց-կամաց փոքրացրել են մեր Հայրենիքի սահմանները։ «Սեղմել» են մեր երկիրը մինչև այն չափը, որը նեոբոլշևիկներն անընդհատ ներկայացնում են որպես «իրական Հայաստան», մինչդեռ դա մեր պատմական Հայրենիքի ընդամենը մեկ տասներորդն է։ Այդ «իրական Հայաստանը» իրականում եզրին կանգնած Հայաստանն է, քանի որ դրանից ավելի սեղմվելը կնշանակի Հայրենիքի վերջնական կորուստ։
Մեր իրավիճակը դիտարկելով ու վերլուծելով՝ առաջին հայացքից կարող է անհույս թվալ և անիմաստ երևալ պայքարել ավելի հզոր Հայաստանի համար։ Բայց երբ հիշում եմ զսպանակների հետ կապված ֆիզիկայի պարզ օրենքները, ավելի լավատես եմ դառնում։ Զսպանակը, երբ սեղմվում է իր ամենափոքր չափին, չի կորցնում իր ուժը։ Ընդհակառակը՝ այն կուտակում է էներգիա։ Որքան խորն է սեղմումը, այնքան մեծ է ազատման սպասող ուժը։ Նույնը կարելի է ասել ժողովուրդների մասին։ Այսօր Հայաստանը կարող է թվալ փոքրացած՝ տարածքով, ազդեցությամբ, ինքնավստահությամբ, բայց ֆիզիկան ցույց է տալիս, որ սեղմումը ոչ թե վերացում է, այլ խտացում։ Երբ ազգը դիմանում է ցեղասպանությանը, գաղութատիրությանը, դավաճանությանը, պարտությանը և նվաստացմանը՝ չլուծարվելով ու չկոտրվելով, նա չի թուլանում։ Նա կուտակում է ներուժ, որովհետև սեղմված զսպանակը հավերժ սեղմված չի մնում։
Մեր թշնամիները մեզ այնքան են «սեղմել», որ դրանից ավելի սեղմվելն այլևս անհնար է։ Այդ պատճառով վստահ եմ մեր գալիք զարթոնքի և ազգային հեղափոխության վրա, ինչպես վստահ եմ, որ ուժեղ սեղմված զսպանակը ուժգին կարձակվի։ Հազար տարվա ընթացքում կորցրել ենք մեր Հայրենիքի մեծ մասը, բայց իմ խորին համոզմունքն է, որ այդ ամենը հետ ենք բերելու այս դարում, և մեր պայքարը լինելու է այդ ամբողջ գործընթացի սկսման կայծը։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Դեպի Մեծ Հայք, Դեպի Փառահեղ Ապագա՛
#Այս_Անգամ_Աշխարհը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ