02:01:00 28.04.2026
«Վե՛րջ կեղծիքի թագավորությանը մեր կյանքում, որ բազմիցս փորել է հիմքերը մեր ազգային գերիշխանության և կործանել այն: Թագավորող կեղծիքի երեսից հալածական է ճշմարտությունը մեր իրականությունից: Չկա՛, ճշմարտություն չկա՛ մեր կյանքում, և դրա համար էլ այնքան անլույս ու անհույս է մեր կյանքը, դրա համար էլ այնքա՜ն տգեղ են մեր բարքերը, այնքա՜ն խոպան մեր հոգիները: Չկա ճշմարտություն, դրա համար էլ ներքին համերաշխությունը շարունակում է մնալ որպես սնամեջ խոսք, դրա համար էլ մտքի, զարգացումի, ոգու աղքատությունն այնքա՜ն աղաղակող է մեր ազգային կյանքում: Չկա՛ ճշմարտություն, և դրա համար էլ մեր ժողովուրդի մի մասը Մետերլինգյան կույրերի նման մոլորված է «տգիտության անտառում»:
Կա փիլիսոփայող եսականություն, ատելություն, նախանձ, փոքրոգություն, քաղաքական շաղակրատանք: Կա այն ամենը, որ դժոխքն իսկապես դժոխք է դարձնում: Կա այդ ամենը, որովհետև ճշմարտություն չկա: Կա կեղծիքը և, ի ուրախություն թուրքերի, շարունակվում է ներքին իրարակերությունը: Կա կեղծիքը, և հայությունը կշարունակի գրավաստակ լինել, մի մասը՝ շինարարելով, մյուսը՝ քանդելով: Կեղծիքի մեջ շնչում են, ապրում են շատերը, և ահա՛, հայությունն իր ամբողջության մեջ շարունակում է մնալ հոգեպես տկար, ասել է՝ և անկարող ու անարժան անկախ հայրենիք ունենալու:
Ճշմարտության թագավորությունը մեր կյանքում, իրական ու անսասան պիտ դարձնի մեր ժողովրդի հաղթանակը իր արտաքին թշնամիների հանդեպ: Ճշմարտությունը, ա՜հ, երիտասա՛րդ հայություն, դա աստվածային այն լույսն ու ջերմությունն է, որով կսնվի ու կհզորանա հոգին անհատի ու ժողովրդի: Կեղծիքը կստրկացնի, ճշմարտությունը կփրկի: Վերջինը ուժ է, առաջինը՝ տկարություն: Վախկոտն ու ստորը, ահա՛ կեղծիքի աշակերտները: Ճշմարտությունը կդաստիարակի արին ու ազնիվը: Պարտություն, ստրկություն, տառապանք, ահա՛ կեղծիքին հարկատու ժողովուրդների ճակատագիրը: Ճշմարտությունն, ընդհակառակը, հզորացնի ու կփրկի՝ դարձնելով ազգերին հաղթական: Առաջինը տխուր ախտանիշն է հոգիների խանգարման: Երկրորդը, կրկնենքն իմաստունի հետ, ամենամեծ Աստվածությունն է, որ բնությունը հայտնաբերել է մարդկության համար և օժտել այն ամենամեծ ուժով: Ճշմարտության մեջ ապրող անհատի և հավաքականության հիմքը դրված է լինում ժայռի, կեղծիքի մեջ խարխափողինը՝ ավազի վրա:»
- Գարեգին Նժդեհ, «Որդիների պայքարը հայրերի դեմ
#Այս_Անգամ_Աշխարհը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ