ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Հայկ Նազարյանի ճառը առաջին համաժողովում՝ անգլերեն ենթագրերով (18-12-2024)

07:00:00 18.12.2024

Հայկ Նազարյանի ճառը առաջին համաժողովում՝ անգլերեն ենթագրերով (18-12-2024)

Ճառ #4
Առաջին համաժողովում

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Այս տարվա հենց առաջին օրը՝ մեր մարգարե Սպարապետ Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա պատվին, մենք արեցինք մեր առաջին հանրահավաքը և առաջին անգամ հրապարակայնորեն ներկայացանք հանրությանը այն ժամանակ, երբ Արցախը գրեթե նոր էր ամբողջությամբ հայաթափվել: Մինչ այդ մեր ազգի մեծամասնությունը երբևէ չէր լսել մեր շարժման մասին, իսկ մեր երկրում տիրող ապազգային մեդիայի տարբեր ԶԼՄ-ները ու նրանց ծառայող տարբեր վերլուծաբանները, դա քաջ գիտակցելով, առիթից օգտվեցին՝ փորձելով սևացնել ու վարկաբեկել մեր նորաստեղծ երիտասարդ քաղաքական շարժումը՝ փաստերը խեղաթյուրելով և մեզ դիտմամբ սխալ ներկայացնելով: 
Նույնպիսի մոտեցում ցուցաբերեցին միջազգային մեդիայի տարբեր ներկայացուցիչները, ովքեր նպատակադրված են ճնշել ցանկացած տեսակի ազգային դիմադրության արտահայտում: Եվ այդ սխալ ներկայացման պատճառով մեր առաջին հանրահավաքը վերածվեց այսպես ասած «սկանդալ»-ի ոչ միայն մեր հայրենիքում, այլև՝ արտասահմանում, բայց, ըստ իս, որքան էլ տարբեր ներքին կամ արտաքին ԶԼՄ-ներ մեզ փորձեցին վարկաբեկել, դա, միևնույնն է, նրանց չհաջողվեց, որովհետև ինչպես մեր ազգի, այնպես էլ այլ եվրոպական ազգերի ներկայացուցիչների մեծ մասը ի վերջո իրենց համակրանքը արտահայտեցին մեր նկատմամբ:
Այնուհետև մենք կատարեցինք որոշակի թեթև փոփոխություններ մեր արտաքին պատկերի հետ կապված, իսկ դրանից մի քանի ամիս անց արեցինք ևս երկու հանրահավաք արդեն քաղաքից դուրս, բայց այս անգամ մեդիան մեզ վարկաբեկելու փոխարեն լիովին անտեսեց ու արհամարհեց: Կարծում եմ՝ նրանք, ովքեր որոշ չափով զբաղվում են քաղաքականությամբ չեն զարմանա նրանց բարձրացրած վայնասունից կամ լռությունից: 
Դրանք սպասելի էին, քանի որ պարզից էլ պարզ է, որ նրանք ձեռքերը ծալած չեն հետևելու, թե ինչպես է Հայաստանում իսկական ազգային քաղաքական շարժում ձևավորվում ու զարգանում: Սկզբում փորձելու են կա՛մ նախատել, կա՛մ լռությամբ սպանել: Իրականում  նրանց իրենց կողմից մեր հասցեին ուղղված պարսավանքներով ու դատապարտություններով մեզ համար լավ ծառայություն կատարեցին՝ ապացուցելով, որ մենք իրոք ճիշտ ճանապարհի վրա ենք:
Սակայն, բացի նրանցից կային նաև քիչ թե շատ սթափ մտածողութուն ունեցող բազմաթիվ արժանապատիվ հայրենակիցներ, ովքեր այդպես էլ չհասկացան, թե ովքեր ենք մենք, և մենք մեզնից ինչ ենք ներկայացնում: Նման մարդիկ չհասկացան նաև, թե ինչու պատերազմից հետ վերադառանալուց մեկ տարի հետո, ուղիղ 3 տարի առաջ այս օրը ես որոշեցի միայնակ, առանց որևէ օգնության և սակավաթիվ ռեսուրսներով, զրոյից մի նոր ազգային քաղաքական շարժում հիմնադրել ու առաջնորդել՝ ներկայիս շարժումներից որևիցե մեկին միանալու փոխարեն:
Առաջին հայացքից դա, միգուցե, անհեթեթություն կամ խենթություն թվա շատերի համար, քանի որ իրենց պատկերացմամբ այն լիովին անտրամաբանական երևույթ է, հատկապես, երբ մենք քաջ գիտակցում ենք մեր առջև դրված անթիվ մարտահրավերների առկայությունը: Այնուամենայնիվ, սա մեզ համար նույնպես լավ ցուցանիշ է, քանի որ նման իրավիճակներում, ինչպես հայ հանճարեղ բանաստեղծ Պարույր Սևակն է ասել՝ «Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»:
Մենք բոլորս, հատկապես 44-օրյա դավադիր պատերազմից հետո, ականատես եղանք բազմաթիվ կեղծ ընդդիմական շարժումների, որոնց ղեկավարները իրենց ասածով ուզում էին իբր իշխանափոխություն անել, միևնույն ժամանակ՝ հեգնականորեն կրելով իշխանությունների նույն ապազգային մտածելակերպը և պահպանելով նույն պարտվողական ստատուս քվոն, որի պատճառով մենք տանուլ տվեցինք պատերազմը և մեր պապերի արյամբ ազատագրված Արցախը ամբողջությամբ կորցրինք:
Պարզվում է, որ այսպես կոչված «ընդդիմությունը» իշխանությունների հետ միասին, կամա թե ակամա մեր հայրենակիցներին լիովին հիասթափեցրին թե՛ բանակից, թե՛ քաղաքականությունից և, ինչպես տեսանք վերջերս՝ նաև եկեղեցուց: Սա անելով՝ նոր բացված վերքի վրա պարզապես աղ լցրին, այդպիսով՝ միայն ամրապնդելով ներկայիս իշխանության անդամների աթոռները և ավելի շատ հուսահատեցնելով մեր հայրենակիցներին: 
Նրանք ընդամենը կեղծ «հայրենասիրական» կոչերով ու մի մարդու դեմ ատելությամբ լցված ժամանակավորապես համախմբվում են, պարզունակ վանկարկումներ արտահայտում ու փողոցներ փակում, չհասկանալով, որ այդ ամենը ձախողման բաղադրատոմս է և, որը երբեք չի կարող երկարատև  բնույթ կրել: Նման բաներ անելով՝ նաև շեղում են մարդկանց և մարում՝ նրանց մեջ կուտակված արդարացի զայրույթը:
Տեսանք նաև այլ բազմաթիվ ապազգային պատեհապաշտ քաղաքական գործիչների, ովքեր ցանկացան այդ իրավիճակներից օգտվել զուտ իրենց անձնական շահերը առաջ տանելու համար: Սակայն, հատկանշական է, որ իրականում այս խռովություններին ու թոհուբոհին մասնակցող մեր հայրենակիցների մեծ մասը ունի բարի ու ազնիվ միտումներ, բայց, ցավոք, որպես գործիք է օգտագործվում:
Այս ամենը, իհարկե, նորություն չէ. մեր հայրենակիցները նման կարճամիտ մոտեցում ցուցաբերել են այս վերջին 33 տարում՝ մեր անկախության վերականգման առաջին իսկ օրվանից սկսած: Զավեշտալին այն է, որ այդպիսի մարդիկ մեզ նման` այսպես կոչված «ծայրահեղ» գաղափարներ կրողներին համարում են խելագար, չգիտակցելով, որ խելագարության սահմանումը հենց այն է, երբ անընդհատ նույն բաներն ես անում՝ ամեն անգամ ակնկալելով ստանալ տարբեր արդյունք: Անընդհատ այս նույն բաները անելով` մեր հասարակությունը է՛լ ավելի շատ է դեգրադացվել ՝ մարդկանց մտածողության մակարդակը հասցնելով շրիշակից ներքև մակարդակի: 
Մարդկանց մեծ մասի մտքում դեռևս մեկ կարևոր հարց կա, թե ինչպես ենք հեռացնելու այս իշխանություններին, կարծես թե դա անելով՝ միանգամից կլուծվեն մեր բոլոր խնդիրները: Հարկավոր է շեշտել մեկ կարևոր բան. չենք կարող իշխանափոխություն անել, եթե նախ և առաջ չանենք ընդդիմափոխություն և չենք կարող իսկական ընդդիմություն ունենալ, եթե անընդհատ նույն բաները անենք, ինչ անում են այդ ոչ մի օգուտ չտվող ընդդիմադիրները:
Մենք պարտավոր ենք լիովին այլ, նոր ու հեռատես մոտեցում ցուցաբերել, եթե իսկապես ուզում ենք մեր հայրենիքի խնդիրները լուծել և ոչ միայն Ազգային Ժողովում աթոռներ զբաղեցնել: Ներկայիս և նախկին իշխանությունները հանդիսանում են մեր երկրի ոչ թե բուն հիվանդությունը, այլ այդ հիվանդության ախտանիշները, և այդ հիվանդությունը բուժելու համար ոչ թե պետք է կենտրոնանալ ախտանիշները վերացնելու վրա, այլ հենց բուն հիվանդությունը բուժելու վրա:
Այս արտաքին խնդիրները կամ հիվանդությունը, որոնք նշեցի, իրականում մեր ներքին խնդիրների արտապատկերումն են, և մենք չենք կարող այս արտաքին խնդիրները լուծել, եթե չլուծենք ներքին խնդիրները ու չենք կարող այդ ներքին խնդիրները լուծել, եթե լավ չհասկանանք, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ խնդիրները: Այդ խնդիրները շատ ավելի խորքային են, քան մարդիկ պատկերացնում են, բայց դրանք լավ հասկանալով`մենք նաև լավ կհասկանանք լուծումը, որը ազգային գիտակցության հեղափոխությունն է, որի շնորհիվ մեր մեջ կզարթնի մարտական ոգին, և կվերածնվի Հայաստանը: Միայն այդպիսով մենք մեր միջից արմատախիլ կանենք մուրացկանությունը, ստրկամտությունը և հոգևոր տկարությունը: 
Մենք նույնպես չենք կարող կասեցնել մեր հայրենիքին սպառնացող տագնապալից արտաքին վտանգները, եթե չչեզոքացնենք մեր հայրենիքին վնաս հասցնող ներքին վտանգները: Մեր վերջին պարտությունը ու Արցախի կորուստը մի օրում տեղի չունեցան, դրանք տարիների ընթացքում մեր կատարած սխալ քայլերի ու սխալ արտաքին քաղաքականություն վարելու հետևանքներն էին, քանի որ պակաս էր այդ ազգային գիտակցությունը, այդ ազգային դիրքորոշումը, որը անհրաժեշտ է միջազգային ասպարեզում ազգանպաստ քայլեր կատարելու և ազգային դիվանագիտություն վարելու համար: 
Ինչպես արդեն ասացի, մենք այս վերջին 33 տարում՝ մանավանդ 2018թ.-ից հետո, տեսանք, թե ինչպես նման անհեռատես մոտեցումները աղետ բերեցին մեր երկրի գլխին ու կշարունակեն բերել աղետներ, եթե մենք շարունակենք մնալ այս ազգակործան շրջապտույտի մեջ, որտեղ անգիտակցաբար շարունակում ենք սատարել տարբեր դիմակներով նույն տիրոջը։
Այդ տարբեր դիմակները ֆինանսավորվում են տարբեր կամ հաճախ նույն գործակալական ցանցերի, օլիգարխների և աղանդների կողմից, որոնց նպատակն է մեր ազգին շփոթեցնել, մոլորեցնել, պառակտել և իրար դեմ հանել: Իրականում բոլորը ծառայում են նույն ազգավեր համակարգին ու օրակարգին: Բոլորը միասին կարծես թե պատրանքի գմբեթ են ստեղծել և ամեն ինչ անում են, որ դրսից մի իսկական ազգային ուժ չմտնի քաղաքական դաշտ: 
Ամեն դեպքում պետք է նշել, որ այս երևույթը միայն մեր ազգին յուրահատուկ չէ, այլ համատարած է գրեթե բոլոր երկրներում, հատկապես այսպես կոչված «ժողովրդավարական» երկրներում: Կեղծիքների վրա կառուցված այս ժամանակակից աշխարհում համատարած են ֆեմինիզմը, լիբերալիզմը, նեոբոլշևիզմը և նմանատիպ այլ հակազգային արժեքները, որոնք հակասում են մեր հայ-արիական մշակույթին ու էությանը: Յուրաքանչյուր գիտակից մարդ կարողանում է պարզ տեսնել, որ ներկայիս քաղաքական ու հասարակական համակարգը, որը տիրում է ողջ քաղաքակիրթ աշխարհում, չի կարողանում անվտանգություն ապահովել, իմաստ տալ ու երջանկություն բերել քաղաքացիներին։
Մեր ազգի մեծամասնությունը, հատկապես գիտակից հատվածը, տանել չի կարողանում, նույնիսկ նողկանքով է վերաբերվում այն ամենին, ինչը կատարվում է մեր հասարակության ու երկրի հետ: Այս երևույթը վանում է մեզ այնպես, ինչպես տգեղություն է մեզ վանում, իսկ գեղեցկությունը՝ մեզ հիացնում: Խորապես զգում ենք, որ իրականում այսպես չպիտի լինի, անկախ նրանից, որ չենք կարողանում բացատրել, թե ինչու ենք այդպես զգում: 
Իրականում մենք դրա համար ենք այս երեկո այստեղ հավաքվել, որովհետև բնազդաբար գիտենք, որ այսպիսին չպետք է լինի մեր քաղաքակրթությունը, հատկապես՝ հայոց աշխարհը: Առանց հասկանալու մենք ուղղակի գիտենք, որ ավելի վեհ ու վսեմ աշխարհ հնարավոր է ստեղծել: Մենք վստահ ենք, որ այս թղթետնակը փլուզվելու է ուզենք թե չուզենք, և մենք պարտավոր ենք այդ փլատակների վրա կառուցել լիովին նոր՝ մարդկային ու արդար աշխարհ: 
Երբ շատերին ասում ենք, որ մենք մեր սակավաթիվ ռեսուրսներով ուզում ենք լուրջ գործոն դառնալ քաղաքական դաշտում և օրինական միջոցներով մի օր գալ իշխանության, նրանք ասում են կամ կարծում են, որ դա հնարավոր չէ, դա անհեթեթություն է, քանի որ մենք մրցակցելու ենք այն մեծ քաղաքական ուժերի հետ, ովքեր մեզնից այս պահին հարյուր կամ գուցե շատ ավելի անգամ ռեսուրսներ ունեն: Կարծում են, որ, եթե այս պահին մեր շարժումը շատ ռեսուրսներ չունի, ուրեմն դատապարտված է ձախողման:
Սակայն, նրանք հաշվի չեն առնում մի շատ կարևոր փաստ. մենք ունենք մի բան, ինչը երկարատև հաջողություն արձանագրելու համար չափազանց ավելի կարևոր է, քան ներկայում շատ ռեսուրսներ ունենալը: Դա հենց ամուր գաղափարախոսությունն ու նվիրվածությունն է, որոնք շատ ավելի մեծ արժեքներ են, և, որոնցով օժտված չեն աստղաբաշխական ռեսուրսներ ունեցող քաղաքական ուժերը: 
Նորաստեղծ երիտասարդ շարժումը, որն ունի ամուր գաղափարական հիմք, ժամանակի ընթացքում հետևողական ու անհողդողդ պայքար մղելով, կարող է ձեռք բերել ռեսուրսներ և դրա շնորհիվ ավելի աճել ու զարգանալ, բայց նույնը չենք կարող ասել հակառակ դեպքում. գաղափարապես սին, բայց շատ ռեսուրսներ ունեցող քաղաքական շարժումը երբեք չի կարող «ձեռք բերել» վեհ գաղափարախոսություն, անկախ նրանից, թե տարիների ընթացքում որքան կշատանան տվյալ շարժման ռեսուրսները ու աջակցողները: 
            Այդ իսկ պատճառով էլ նման շարժումները, ինչպես մեր երկրի վերջին 30 տարվա պատմությունը ցույց է տվել, ոչ միայն դատապարտված են ձախողման, այլև՝ կործանման: Հետևաբար, այսուհետ, երբ լսում եք նորաստեղծ շարժման մասին, այդ շարժման ռեսուրսների վրա ուշադրություն դարձնելու փոխարեն, ուշադրություն դարձրեք այդ շարժման գաղափարախոսության և այդ շարժման առաջնորդի ու անդամների հաստատակամության և նվիրվածության վրա, որովհետև միայն դրանից կարող եք իմանալ՝ այդ շարժումն իսկապե՞ս կարող է ապագայում ազգին օգուտ տալ, թե՞ ոչ: Միայն դրանից պարզ կլինի՝ այդ շարժումը արդյո՞ք ապագա ունի, որն իսկապես պատմություն կկերտի, թե՞ ուղղակի նետվելու է պատմության աղբանոցը: 
Ոմանք էլ կասեն, որ ճիշտ ենք ասում, բայց «մենք դրա ժամանակը չունենք», սակայն տարիները անցնում են ու այդ խոսքերը արտահայտող մարդիկ ոչինչ չեն անում՝ տպավորություն ստեղծելով, որ այդ ամենը ասում են ընդամենը իրենց ծուլությունն ու տկարությունը արդարացնելու համար: 
Ոչ մեկս գուշակ չենք ու չենք կարող հստակ ասել, թե որքան ժամանակ ունենք կամ չունենք, բայց մեկ բան կարող ենք հաստատ ասել, որ մենք չենք կարող շրջանցել կազմակերպված պայքարի ճանապարհը, քանի որ պատմության բոլոր հզոր ու հաղթանակած շարժումները եղել են կազմակերպված պայքարի շնորհիվ: 
«Հոսանք»-ը ժամանակավոր նպատակով անփութորեն չի հիմնադրվել, որպեսզի իր հայրենակիցներին խաբելով ու կեղծ հույսեր տալով իշխանության գա, ինչը տեսնում ենք մյուս անխոհեմ ու անբովանդակ քաղաքական կազմակերպությունների մոտ։ Եվ ոչ էլ այն միտումով է հիմնադրվել, որ դրոշակ ծածանելով՝ անկապ ու դատարկ հայրենասիրական կոչեր անի։ Եթե եկել եք այստեղ հեշտ լուծում գտնելու համար, ապա կներեք, որ ձեր ժամանակը վատնեցի, բայց ես վաղուց ինքս ինձ խոսք եմ տվել երբեք կեղծ խոստումներ չտալ իմ հայրենակիցներին։ Մենք ասում ենք այն, ինչ պետք է լսել, ոչ թե այն, ինչ նրանք ուզում են լսել։ Մենք նաև լավ հասկանում ենք, որ ճշմարտությունը խոսելը ոչ միայն առաքինություն է, այլև կարևորագույն զենք՝ մեր թշնամիների դեմ պայքարելու և մեր ազգին ճիշտ ուղղությամբ համախմբելու համար: 
Այս կյանքում երկու տեսակի մարդ կա. առաջինը ներկա աշխարհը դիտարկում է որպես մի խավար վայր, որի պատճառով ոչ մի լույս չի կարող շողալ, և երկրորդը՝ ներկա աշխարհը դիտարկում է որպես մի խավար վայր, բայց, որի շնորհիվ լույսը շատ ավելի հեշտությամբ կարող է փայլել և լուսավորել խավարը։ Մեր շարժմանը միանում է և մեզ հետաքրքրում է երկրորդ տեսակը, այն լավատես անհատները, ովքեր խավարի մասին բողոքելու փոխարեն մի փոքր մոմ կվառեն։ 
Այնուամենայնիվ, մենք հասկանում ենք, որ մեր հայրենակիցները անընդհատ խաբվելու պատճառով ամենևին գործ չեն ուզում ունենալ քաղաքականության հետ և սկսել են ջայլամի պես ապրել, որովհետև այլևս չգիտեն՝ ինչին հավատալ: Մարդկանց մեծ մասը ոչ մեկին չի վստահում ու ոչ մեկին չի հավանում, և մենք նրանց չենք կարող մեղադրել, քանի որ քաղաքական մարմնավաճառները ավելի շուտ իրենց դիմակներն են փոխում, քան իրենց գուլպաները, և մկները ավելի երկար կյանք են ունենում, քան նրանց ստեղծած շինծու շարժումները: 
Սակայն, հիասթափությունը մեր Հայրենիքի հանդեպ մեր պարտականությունից խուափելու և միայն հանդիսատեսի դերում մնալու արդարացում չի կարող լինել: Եթե արժանապատիվ քաղաքացիները իրենց թևքերը չքշտեն ու չզբաղվեն քաղաքականությամբ, այդ դաշտում զբաղվելու են անհայրենիք սրիկաները և մեր պետականությունը տանելու են դեպի անդունդ:
Պարտավոր ենք անձնական պատասախանատվություն կրել ու մի բան անել, եթե նույնիսկ հաջողության հասնելու հավանականության տոկոսը շատ չնչին է: Որոշել ենք մի բան անել, քանի որ գործողության հետևանքով առաջացած կորուստները չեն կարող գերազանցել անգործության հետևանքով առաջացածներին: Մեր ապագա սերունդները պետք է դարեր անց հետ նայեն և իմանան, որ այս անհույս ժամանակներում կային պատվախնդիր հայեր, ովքեր չհուսահատվեցին ու ծնկի չեկան, ովքեր շարունակեցին պայքարել անկախ բոլոր հանգամանքներից: Պետք է ապագային ուղերձ հղենք, որ այս ստերի դարաշրջանում կային ազնիվ մարդիկ, ովքեր պատմության ճիշտ կողմի վրա էին կանգնած:
Այն ամբողջ տառապանքի ու քաոսի սերմերը, որոնց պտուղները մենք քաղում ենք այսօր, շատ վաղուց են ցանվել։ Գիտակցում ենք, որ այն ամենը, ինչ մեր դեմ է արվել դարեր շարունակ մեզ պառակտված պահելու համար, ունենալու է հուժկու հակազդում, քանի որ մեխանիկայի երրորդ օրենքը մեզ հուշում է՝ ամեն ազդում ունի հավասար և հակառակ հակազդում: 
Այդ պառակտման հակազդումը հենց հոսանքն է՝ մասնիկների ուղղորդված շարժումը, որը կարգուկանոնի նախադրյալն է: Առանց հոսանքի՝ չեն կարող լինել համախմբում և քաղաքական ու հասարակական համաձայնություն: Մեր թշնամիները որքան էլ ուզենան, չեն կարողանա մեզ պառակտել, եթե մեր մեջ լինի համախմբող գաղափարական հոսանք, դրա համար, առավել քան երբևէ, մեր ազգին պետք է այդ համախմբման հոսանքը:
Եթե ազգի մտավորականությունը գաղափարապես ճիշտ ուղու վրա դրվի, ժողովրդի մնացած մասն էլ կհետևի, և միասնությունը ինքնըստինքյան կհաջողվի: Մեր շարժման՝ «Հոսանք»-ի առաքելությունը մեր ազգին հենց այդ ճիշտ ուղու վրա դնելն է: Եթե ազգովի նույն կամքը չունենանք, չենք կարող հոսանքը ստեղծել, որը անհրաժեշտ է մեր ազգի միասնության համար: Մեր պայքարում մեր կամքը պետք է լինի մեր ազգի հավաքական կամքի արտացոլումը։ Հետևաբար, մեր գլխավոր նշանաբաններից մեկն է՝ «Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք»:
Իհարկե, կարևոր է գաղափարների մասին խոսելուց բացի, խոսել նաև ավելի գործնական ու կենսական խնդիրների մասին, որոնց մենք կանդրադառնանք մեր ապագա համաժողովներում, բայց թույլ տվեք ևս մեկ անգամ շեշտել, թե որքան անհրաժեշտ է մեր քաղաքական գործունեության ու պայքարի համար նախ և առաջ մի ամուր գաղափարական ու հոգևոր հիմք կառուցելը, մի պինդ կորիզ ստեղծելը, եթե մենք ուզում ենք որևէ հույս և հնարավորություն ունենալ մեր պայքարը մինչև հաղթանակ հասցնելու համար։ Մեր քաղաքական պայքարի համար կենսական նշանակություն ունի հոգևոր հիմք ունենալը։ Սա չենք կարող անտեսել ու չենք կարող այս դժվար ճանապարհը շրջանցել: Գաղափարախոսության պակասն է պատճառը, որ մեր ժողովուրդը անընդհատ աջ ու ձախ է քաշվում և մանիպուլյացիաների ենթարկվում, որովհետև, եթե ոչնչի չես հավատում, ապա ամեն ինչին էլ կհավատաս:
Մենք նման ենք մի արշավախմբի, որը կորցրել է իր կողմնացույցը և անտառում մոլորվելով՝ շեղվել ճիշտ ճանապարհից: Դրա պատճառով էլ չի կարողանում գտնել իր տունը, ոչ էլ իր վերջնակետը, չգիտի՝ ուր է գնում և ինչի համար է շարունակում իր ճանապարհը: Սակայն, փառք Արարչի, 100 տարի առաջ Գարեգին Նժդեհը Հայկ Ասատրյանի հետ միասին մեզ տվեցին այդ կողմնացույցը, այդ ջահը, որով մենք կկարողանանք գտնել ճիշտ ճանապարհը և հասնել մեր նպատակին: Այդ իսկ պատճառով «Հոսանք»-ը իրեն իրավունք է վերապահում վերցնել Նժդեհի կողմից փոխանցված ջահը և 21-րդ դարի քաղաքական դաշտում նորից կյանքի կոչել ցեղակրոնությունը՝ որպես հայությանը փրկելու միակ միջոց: 
Մեզ փոխանցվել է մի վեհ գաղափարախոսություն և մեր նպատակն է այդ գաղափարին տալ միջազգային ճանաչողություն: Մեր առաքելությունն է այդ գաղափարը վերածելու համաշխարհային շարժման: Մեզ ճիշտ ճանապարհը ցույց է տրվել, բայց մեզնից է կախված` կորոշենք անցնե՞լ այդ ճանապարհով, թե՞ ոչ։ Մենք, մեզ գիտակից ու պատասխանատու մարդ համարելով, պետք է ընդունենք այդ ճանապարհով անցնելու պարտականությունը՝ հանուն մեր հերոս նախնիների և հանուն մեր ապագա սերունդների։ 
Մեր հեռահար մոտեցումն անհրաժեշտ է, բացարձակապես անհրաժեշտ և անխուսափելի: Այն կարճատես մոտեցումները, որոնք, ինչպես արդեն ասացի, մեզնից առաջ տասնամյակներ շարունակ փորձել են ցուցաբերել մեր մյուս հայրենակիցները, ինչպես օրինակ՝ իշխանափոխություն անելը կամ կաշառակերությունը վերացնելը, չեն կարող լուծել մեր առջև դրված հիմնարար խնդիրները։ Դրանք չեն կարող մեզ վերադարձնել մեր հոգիները: Կարող է հեգնական թվալ, որ մենք պետք է պլանավորենք նվաճել ու հեղափոխել ոչ միայն մեր երկիրը, այլև՝ ամբողջ աշխարհը, որ մենք պետք է պլանավորենք այդ ամենը՝ հանուն տիեզերական ճշմարտության և հավերժության, այն դեպքում, երբ մեզնից շատ ռեսուրսներ ունեցողները չեն կարողացել հաջողության հասնել շատ ավելի սահմանափակ նպատակների համար, ինչպիսիք են՝ անմեղսունակներին կառավարությունից հեռացնելը կամ աշխատավարձ բարձրացնելը, բայց պետք է ընդունենք, որ հենց այս սահմանափակ նպատակների համար աշխատողների պարզունակ մտածողությունն ու կարճատեսությունն են եղել նրանց ձախողման պատճառները։ 
Հավերժության մեջ մեր ծրագրերի արմատավորումն է, որ մեզ վստահություն է ներշնչում և հույս տալիս՝ վերջնական հաղթանակի համար, անկախ նրանից, թե դա մեզնից որքան ժամանակ, աշխատանք ու զոհաբերություններ կպահանջի: Ուստի՝ ես կրկին անգամ պնդում եմ. մեր մոտեցումը միայն ընտրության խնդիր չէ, դա բացարձակ անհրաժեշտություն է։ Մեր ուղուց բացի այլ ուղի չկա, կա միայն մեկ ճանապարհ՝ հավիտենական ու հաղթական ճանապարհը, որը հենց «Հոսանք»-ի ճանապարհն է։ 
Այդ ճանապարհը արիական ցեղի պես նոր բարձունքներին ձգտող արարչագործության ճանապարհն է, որի միջով մենք պիտի անցնենք մեր վճռական կամքով։ Ուրիշ ոչ մեկը, ոչ մի ուրիշ ցեղ մեզ համար չի կարող այդ ճանապարհը անցնել։ Միայն մենք կարող ենք մեր ողջ ոգու նվիրվածությամբ անցնել այդ ճանապարհով, եթե ուզում ենք հասնել այն ճակատագրին, որն Արարիչը մեզ համար պատրաստել է։ Փառահեղ մի ճակատագիր, որը մենք նույնիսկ չենք էլ կարող երևակայել այս պահին։ 
Սա, իհարկե, շատ ծանր ու վիթխարի պատասխանատվություն է, և, եթե մենք ընդամենը ներկայի համար ապրող մահկանացուներ լինեինք, չէինք կարող դա կրել, բայց գիտենք, որ կարող ենք կրել ու կրելու ենք, քանի որ գիտենք նաև, որ մենք դրանից ավելին ենք։ Սա գիտակցում ենք, որովհետև կրում ենք հավերժության դրոշը և գործում ենք հավերժության համար։ Գործելով հանուն այդ հավերժության` մենք ինքներս դառնում ենք այդ հավերժության մաս։
Ամեն ազգ իր պատմության մեջ ունենում է օրհասական ու շրջադարձային ժամանակներ, և մենք կարծում ենք, որ հայ ազգը իր պատմության ամենաօրհասական, բայց նաև ամենաշրջադարձային ժամանակներն է ապրում։ Շատերին թվում է, թե այլևս հնարավորություն չունենք հզորանալու, և անիմաստ է նույնիսկ մի բան փորձելը կամ անելը: Սակայն, մենք հավատում ենք, որ քանի դեռ հայ ազգը շունչ է քաշում, ուրեմն՝ կարող է ոտքի կանգնել, եթե դեռ կա ոտքի կանգնելու երկաթե կամքը: Հայը իր բազկի ուժով աշխարհին բազմիցս ցույց է տվել, որ երբ միասնական է լինում ու հույսը դնում միմիայն իր վրա, դառնում է անհաղթ:
Եթե մեր երազանքը ընդամենը անորոշ ցանկություն չէ, եթե մենք բացարձակապես նպատակադրված ենք այն ի կատար ածելու, ապա ոչինչ մեզ չի կարող կանգնեցնել: Հասկանում ենք, որ առայժմ մեր ցեղի հոգին ժամանակավորապես քնած է, բայց դա երկար չի տևելու: Ցեղի հոգին վաղ թե ուշ կզարթնի և ողջ աշխարհը կցնցի: Համոզված ենք, որ լուսահոգի Սպարապետ Վազգեն Սարգսյանն էլ էր դրան հավատում, երբ ասում էր՝ «21-րդ դարը, անկասկա՛ծ, մերն է լինելու»: 
Մենք չենք թաքցնում իշխանության գալու մեր ցանկությունը, բայց մեր պայքարը ընդամենը իշխանության գալու նպատակի համար չէ, ինչը տեսնում ենք գրեթե մյուս բոլոր քաղաքական շարժումների մոտ։ Առհասարակ մենք չենք կարող հավատալ և վստահել որևէ քաղաքական գործչի կամ շարժման, որի միակ գաղափարախոսությունը իշխանափոխությունն է, և, որի միակ նպատակը իշխանության գալն է։ Մեր շարժումը մեր գաղափարների ու խորհրդանշի նման անմահ է, և նման գաղափարներ ու անպարտելի դրոշ կրելով՝ մենք այս պայքարում մեր աչքերը չենք սևեռել հաջորդ տարվա, հաջորդ ընտրությունների կամ նույնիսկ հաջորդ տասնամյակի, այլ՝ հավերժության վրա: 
Այս ճակատագրական պայքարի արդյունքը կտա ընդամենը երկու տարբերակ. կա՛մ մեր թշնամիները կանցնեն մեր դիակների վրայով, կա՛մ մենք՝ նրանց դիակների վրայով: Ամեն ինչ դառնում է ի շրջանս յուր. «Վահագնը կքաղի վիշապին, Հայկը կհաղթի Բելին»: Ժամանակն է, որ մեր պատմության վերջին էջը թերթելու փոխարեն՝ ոսկե տառերով նոր էջ բացենք՝ դարձյալ ստանձնելով արիականության և արդարության առաջնորդ ազգի դերը: Մեր պայքարը պետք է հաղթի, եթե ուզում ենք մեր ցեղը արևի տակ իր տեղը չկորցնի։
Մեր բոլոր բանակցությունների ու որոշումների ժամանակ պետք է հաշվի առնվի այս ամենը: Մեր ողջ մշակույթը, գիտությունը, մտքերը, գործողությունները և քայլերը պետք է ծառայեն ցեղի հզորացման նպատակին. սա է նոր դարաշրջանի հրամայականը: Այս ամենը նախադրյալներ են և անհրաժեշտություն առողջ ու առաջադեմ հասարակություն ստեղծելու համար, հասարակություն, որը բաղկացած կլինի անձնական պատասխանատվություն կրող, պարտականություններ ճանաչող, աշխատասեր, ազնիվ, առողջ և զտարյուն, արժանապատիվ քաղաքացիներից: Մենք պիտի ստեղծենք լիովին նոր մարդ, նոր պետություն, նոր հասարակություն, նոր քաղաքակրթություն և այդ փառահեղ ապագայի սերմերը հենց հիմա պետք է ցանենք և այդ սերմերը օրեցօր պիտի ջրենք մեր պայքարով:  
Հայաստանում պիտի գա այն ժամանակը, որ մենք այլևս միայն չենք հպարտանալու մեր անցյալով։ Կգա այն ժամանակը, որ մենք իսկապես կսկսենք հպարտանալ նաև մեր ներկայով, քանի որ մեր աշխատանքով, մեր պայքարով և մեր զոհաբերություններով կստեղծենք հպարտության արժանի պետություն ու երկիր։ 
Մենք հավատում ենք, որ Հայաստանը նորից դառնալու է քաղաքակրթության վերածննդի և մարդկության փրկության տապանը։ Մենք հավատում ենք, որ Հայաստանը նորից կդառնա Արևմուտքն ու Արևելքը, Հյուսիսն ու Հարավը իրար կապող  քաղաքակրթական ճանապարհների կարևոր հանգույցը։ Մենք հավատում ենք, որ Հայաստանը պետք է դառնա ոչ միայն այս տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում ամենահզոր երկրներից մեկը, որի հետ բոլորը ստիպված են լինելու հաշվի նստել: 
Հայկական լեռնաշխարհից կարող ենք մեկ լուցկու հատիկով լույս սփռել՝ գալիք արիական հազարամյակի կայծը սկսելով, որը հրդեհի պես կտարածվի արիական մյուս ազգերի մոտ։ Մեր բարձրավանդակից լիցքեր կտարածվեն ոչնչացնելու երկրագնդի հոգևոր զարգացման ուղու արգելքները։ Այդ լիցքը կտարածեն այն անկոտրում վճռական անհատները, ովքեր խանդավառված կլինեն մեր մեծ նախնիների օրինակներով։ Հավատում ենք այս պատմական սուրբ առաքելությանը, որը մեզ՝ հայ արիներիս է տվել Տիեզերքի Արարիչը: 
Իրականում «Հոսանք»-ը ժամանակակից Բաբելոնի համար ներկայացնում է շատ վտանգավոր գաղափար՝ իսկապես անկախ ու հզոր Հայաստան: Այդ գաղափարից մենք չենք կարող հրաժարվել՝ անկախ նրանից, թե որքան խոչընդոտներ կդրվեն մեր առջև: Մենք պիտի ազգովի հոգեպես պատրաստ լինենք հերթով ջախջախելու այդ ամենը և չեզոքացնելու մեր դեմ ուղղված բոլոր գրոհները: Մեր նպատակը մեծ է, մեր մարտահրավերները՝ անթիվ, որովհետև պետք է կատարենք անհնարինը ու դա անելու համար պետք է զինանոցից օգտագործենք մեր ամենահզոր զենքերը. հավատարմությունը, նպատակասլացությունը, քաջությունը և քրտնաջան աշխատանքը, սակայն, եթե այդ զենքերն էլ չբավականացնեն, մենք կփոխհատուցենք մեր կամքի ուժով: 
Այսպիսով՝ որքան էլ այժմ աներևակայելի թվա անկախ ու հզոր Հայաստան կերտելու այս երազանքի իրականացումը, այնուամենայինիվ, սա պետք է լինի մեր հիմնական տեսլականը և գերագույն նպատակը, որից իրավունք չունենք շեղվելու, քանի որ մեր նպատակը Արարչի նպատակն է, և մեր պայքարը Արարչի կամքն իրագործելու պայքարն է։ Երազանք կա, որը Մեծ Հայքն է և այն պետք է իրականացվի: 

- Հայկ Նազարյան
18 Դեկտեմբերի 2024թ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։