ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Հայկ Նազարյան - Ճառ #11՝ անգլերեն ենթագրերով - Ժողովում (10-08-2025)

03:00:00 10.08.2025

Հայկ Նազարյան - Ճառ #11՝ անգլերեն ենթագրերով - Ժողովում (10-08-2025)

Ճառ #11
Ժողովում

Եթե լսել եք ելույթներս և դուք ինքներդ համապատասխան ուսումնասիրություն եք կատարել, կարծում եմ՝ արդեն համոզված կլինեք, որ այսպես կոչված «ընդդիմությունը» իշխանության հետ միասին մեծ դավաճանություն է գործել պատերազմի ժամանակ և շարունակում է գործել պատերազմից հետո։ Կարծում եմ՝ արդեն հասկանալի է, թե նրանք ինչ նկատի ունեին, երբ պատերազմի հենց ամենասկզբից կոչ էին անում դադարեցնել պատերազմը, իսկ պատերազմից հետո էլ մեղադրում էին իշխանությանը ոչ թե հանձնվելու, այլ՝ ուշ հանձնվելու մեջ։ Այս ամենը պատահական արտահայտություններ կամ մեղադրանքներ չէին, այլ մաս էին կազմում հակահայկական մի շատ մեծ ծրագրի։ Նման ընդդիմությունը, բնականաբար, երբեք չի կարող համարվել ազգային, քանի որ նրանց կոչերը ոչ միայն որևէ կերպ ազգային չեն, այլ՝ միանշանակ ապազգային են։
Պատերազմի օրերին կեղծ «ընդդիմությունը» նման կոչերով բացահայտ մոլորեցնում էր մեր հայրենակիցներին, իսկ իշխանությունը ավելի թաքուն ձևով էր դա անում։ Իշխանությունը տարածում էր «հաղթելու ենք» միտքը, որն իրականում ողջամիտ ու տրամաբանական կարգախոս է պատերազմի մեջ գտնվող ազգի համար, սակայն խնդիրը նրանում է, որ այդ կարգախոսի տակ որևէ բովանդակություն չկար։ Տարածում էին «հաղթելու ենք», բայց իրականում նախապես պայմանավորված ձևով արդեն պատրաստել էին մեր պարտությունը։ Արտաքին և ներքին պայմանավորվածություններով նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի մենք այդ պատերազմում պարտվենք և մեծ կորուստներ ունենանք։
Նախ սկսենք ամենապարզ հարցադրումից. կոնկրետ ի՞նչ նկատի ունեին, երբ ասում էին «հաղթելու ենք»։ Խնդիրը, ինչպես արդեն ասացի, ոչ թե կարգախոսի մեջ է, այլ այն, որ հաղթելու ո՛չ նպատակ, ո՛չ էլ միտում չունեին այդ կարգախոսը տարածողները։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ իրապես հաղթելու կամք ունեին և ամեն ինչ նախապես մեծամասամբ պլանավորված չէր, նորից հարց կառաջանար՝ ինչպես էր սահմանվում այդ հաղթանակը։ Կառավարությունը, որը տարածում էր «հաղթելու ենք» կարգախոսը, երբեք հստակ չասաց ժողովրդին, թե կոնկրետ ո՞րն է կամ ինչպիսին պետք է լիներ այդ հաղթանակը։ 
Օրինակ՝ Արցախյան առաջին ազատամարտում մենք հասանք ռազմական հաջողության և հաղթանակի՝ Արցախը ազատագրելով թուրքերից և ադրբեջանական զինված ուժերից, քանի որ հենց սկզբից էլ նման նպատակ էինք դրել։ Ուղղակի ցավոք՝ մենք այն քաղաքականապես թղթի վրա չամրագրեցինք Հայաստանում աշխատող ներքին գործակալների պատճառով։ Եթե մեր մտքում և ծրագրում նման հստակ նպատակ չլիներ, ապա երբեք չէինք էլ կարողանա հասնել այդ նպատակին։
Ցավոք, այս վերջին դավադիր պատերազմում ո՛չ ռազմական նպատակ էր դրված, ո՛չ էլ` քաղաքական։ Հաղթելը մեզ համար ո՞րը կլիներ։ Մեր հայրենակիցների մեծ մասը չի կարող պատասխանել այս հարցին, նույնիսկ նրանք, ովքեր իրենց մտավորական կամ ազգայնական են համարում։ Հաղթելը Բաքու հասնե՞լն էր, թե՞ միայն ԼՂԻՄ տարածքը պահելը, թե՞՝ ինչպես ես և շատ ողջամիտ ազգայնականներ ենք կարծում՝ պետք է ադրբեջանական բանակը ջախջախելով ամբողջ Արցախը, ներառյալ Հյուսիսային Արցախը միացնեինք Հայաստանի Հանրապետությանը՝ որպես մեկ ամբողջական պետություն։
Հաղթանակը կլիներ այն, որ մենք վերջնականապես հայկական ձևով լուծեինք այսպես կոչված Արցախյան հարցը և անցնեինք առաջ՝ մեր հայացքը սևեռելով Նախիջևանի ազատագրման վրա։ Եթե Արցախյան հարցը իմ նշած՝ ճիշտ, ազգային ձևով լուծվեր, վստահ եմ՝ մեծ ջանք չէր պահանջվի նաև Նախիջևանը ազատագրելու համար, քանի որ այդ պարագայում Ադրբեջանը հավանաբար ներսից կտրոհվեր և բաժանվեր մի քանի մասերի։ Դա մեզ համար հնարավորություն էր՝ ավարտին հասցնելու 1994թ.-ին կիսատ թողած գործը։ Բայց նորից ներքին դավաճանության պատճառով նման բան տեղի չունեցավ։
Մեր քաղաքական էլիտայի ռազմական և քաղաքական որևէ նպատակ չունենալու փաստը մեզ հուշում է մեկ բան. մեր կառավարությունն ու գեներալիտետը կա՛մ այնքան ապիկար ու տհաս էին, կա՛մ ընդհանրապես միտում չունեին որևէ նպատակ դնելու, որովհետև այդ պատերազմը նախապես պայմանավորված էր, և մեզ դիտմամբ տարան պարտության՝ մեր բանակի մեջքին դանակ խրելով։ Կարծես հատուկ էին ասում «հաղթելու ենք», որպեսզի հետո կարողանային մեզնից հանել պայքարելու կամքն ու հաղթելու հույսը։ Եվ մեծ մասամբ հաջողել են, քանի որ մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունն այլևս նույնիսկ չի էլ մտածում պայքարելու ու հաղթելու մասին։ Պայքարելու և հաղթելու կամքի կորուստը ամենամեծ նշաններից մեկն է, որ մեր բանակն ու պետությունը գնում են դեպի անդունդ։
Ինչպես մի քանի անգամ նշել եմ, բայց կարծում եմ՝ պետք է պարբերաբար շեշտել. ներկայիս կեղծ «ընդդիմությունը» պատերազմի ժամանակ նման հարցեր բարձրացնելու փոխարեն, հենց առաջին շաբաթվանից ասում էր՝ «պետք է դադարեցնենք պատերազմը», ինչը անուղղակիորեն նշանակում է՝ անհապաղ հանձնվել և ընդունել ռուսական միջնորդությունը։ Պատերազմից հետո էլ՝ փոխանակ տրամաբանական ու առողջ հարցեր տային, թե ինչո՞ւ մինչև վերջ չպայքարեցինք ու չհաղթեցինք, ինչպես հաղթեցինք 26 տարի առաջ Արցախյան ազատամարտում, հարց էին տալիս՝ «ինչո՞ւ ավելի շուտ չհանձնվեցինք», քանի որ «պարտությունը անխուսափելի էր»։
Ցանկացած իսկական ու ազգային ընդդիմություն կտար առաջին տեսակի հարցերը, եթե իսկապես մտահոգված է Հայաստանի բանակի վերականգնմամբ և մեր անկախության պահպանմամբ: Կարող ենք առանց որևէ կասկածի պնդել, որ կեղծ «ընդդիմությունը» փաշինյանական կլանի հետ միասին կազմում են նույն նեոբոլշևիկյան հակահայկական ցանցը, որոնք, լինելով Կրեմլի խամաճիկներ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն սպասարկում են ռուս-թուրք-սիոնիստական տանդեմի շահերը։ Մեր զինվորները առաջնագծում քաջաբար ու հերոսաբար կռվում էին, մինչդեռ թե՛ քաղաքական իշխանության, թե՛ գեներալիտետի և թե՛ ընդդիմության մեջ գտնվող նեբոլշևիկները հարվածում էին նրանց թիկունքին: 
Ազգային պետությունը պատերազմի հենց առաջին օրվանից հստակ կսահմաներ իր քաղաքական և ռազմական նպատակները, որոնք բացառապես կբխեին Հայաստանի անկախության շահերից։ Այդ պետությունը կմտածեր ոչ թե ինչպես պատերազմը շուտ դադարեցնել, այլ թե ինչպես հնարավորինս հուժկու հարվածներ հասցնել թշնամու զորքերին, որպեսզի Արցախը ամբողջությամբ միացներ Հայաստանին՝ քաղաքականապես ամրագրելով մեր ռազմական հաղթանակը։ Նման ազգային պետություն ունենալու դեպքում պարտությունը ոչ թե «անխուսափելի» կլիներ, ինչպես հինգերորդ շարասյունն է տարածում, այլ՝ անհնար, քանի որ այդ պետությունը կունենար նույն հաղթելու կամքը, ինչը 30 տարի առաջ ունեին Արցախը ազատագրած մեր ազատամարտիկները։
Եթե մեր քաղաքական էլիտան վաղուց խորապես գիտակցեր այս չափազանց պարզ, բայց նաև խորիմաստ գաղափարները, կհասկանար հաղթելու կամք ունենալու անհրաժեշտությունը։ Կհասկանար նաև, որ այս վերջին պատերազմում հաղթելու համար պետք էր վաղուց վերափոխել մեր զինված ուժերը՝ ունենալու իրական հայկական բանակ, որը կհամապատասխաներ մեր հոգեբանությանը, աշխարհագրությանը և էությանը, այլ ոչ թե պատճենված կլիներ որևէ այլ պետության ռազմական համակարգից։
Եթե իսկապես ազգային մտածողություն ունենային, Արցախյան հարցը՝ իմ ասած ամենահայամետ ձևով կարող էին լուծել դեռևս 94թ.-ին՝ ընդամենը մի քանի ամսում։ Դրա փոխարեն՝ կասկածի տակ դրեցին մեր ռազմական հաղթանակը և արհեստականորեն բարդացրին Արցախյան հարցը՝ այն ներկայացնելով որպես մի անլուծելի խնդիր։ Հակահայ իշխանության և հայրենադավ «նախկիններից» բաղկացած ընդդիմության ներկայացուցիչները անամոթաբար անընդհատ խոսում են հայրենասիրությունից ու արժանապատվությունից, բայց ռազմի դաշտում մեր ազատամարտիկների կողմից ազատագրված 10,000 քկմ Արցախը 26 տարում չկարողացան կամ չցանկացան միացնել Հայաստանին։ Ոչ մի արդարացում չի փրկելու նրանց ապագա պատմական դատաստանից։
Հուդայի փեսա ԼՏՊ-ից սկսած՝ ԲՈԼՈՐ ղեկավարները հարվածել են Արցախին և հաղթած դիրքից աստիճանաբար մեզ իջեցրել ու տարել են փակուղի, տարել են խայտառակ պարտության։ Մեկը զինադադար կնքեց ու հաղթանակը չճանաչեց, մյուսը՝ պահեց նույն ապազգային ստատուս քվոն, հաջորդը՝ տարավ հայրենադավ փոխզիջումների, վերջինը՝ տվեց վերջնական հարվածը։ Նրանք ներկայացնում էին հաղթած պետություն, բայց այնպես էին բանակցում, կարծես պարտված ղեկավարներ լինեին։ Նրանց հակազգային դիվանագիտության պատճառով մենք հասանք այս ամոթալի վիճակին։ Սա էլ բնական է, քանի որ բոլշևիկ չեկիստների ժառանգներից այլ բան ուղղակի չենք կարող սպասել։
Հաղթած պետություն ժառանգեցին, բայց 26 տարում այս փոքր խնդիրը չլուծեցին կամ չուզեցան լուծել։ Սա կա ՛մ տոտալ ապիկարություն է, կա՛մ` պարզ դավաճանություն, կա՛մ էլ` երկուսը միասին։ Եթե հաղթած պետությանը այս օրին հասցրին, պատկերացրեք՝ ինչ են անելու պարտված պետության ղեկը կառավարելով։ Հետևաբար, պետք է սթափ մտածենք ու իրատես լինենք։ Պետք է հետևենք մեր ազատամարտիկների օրինակին, այլ ոչ թե` դավաճան նեոբոլշևիկներին, եթե ուզում ենք իմանալ՝ ինչպես պետք է վարել հայամետ ռազմավարություն և քաղաքականություն։
Մենք հաղթեցինք Արցախյան առաջին ազատամարտում, որովհետև վարում էինք ակտիվ պաշտպանական և հարձակողական պատերազմ՝ կռիվը տանելով թշնամուն։ Իսկ 44-օրյա դավադիր պատերազմում պարտվեցինք, որովհետև այդ նույն ռազմավարությունն այս անգամ թշնամին կիռարեց մեր դեմ, որտեղ մենք ընդամենը պաշտպանվող դիրքում էինք։ Այսինքն՝ քսան տարուց ավելի նրանք ուսումնասիրեցին, թե ինչպես էինք իրենց հաղթել, և նույնը օգտագործեցին մեր դեմ, իսկ մենք մեր հաղթանակներից իրականում ոչ մի դասեր չքաղեցինք և չկիրառեցինք այս վերջին պատերազմում։ Միայն պաշտպանողական պատերազմ մղելով՝ չենք կարող պահել մեր հողերը։ Դա գուցե հնարավոր լինի տարածքով մեծ պետությունների համար, բայց մեզ համար աղետալի կլինի։
Սա ապացուցում է այն, որ, եթե ցանկանում ենք պաշտպանել Սյունիքը, պարտավոր ենք ունենալ նախահարձակ ռազմավարություն՝ կրկնելով 90-ականների հաջող փորձը։ Մենք պետք է մեր սխալներից դասեր քաղենք, որպեսզի երբեք չկրկնվի 2020թ.-ի նոյեմբերի 9-ը։ Սյունիքը երբեք չպետք է արժանանա Արցախի ճակատագրին։
Եվ որքան էլ հեգնական թվա` այս վերջին հինգ տարիներին մեզ համար ամենահուսադրող խոսքերը ասաց հենց Բաքվի բռնապետը, երբ պատերազմից մոտ մեկ տարի անց հայտարարեց, որ իրենք չեն թողնի, որ հայկական բանակը կրկին դառնա իրենց համար սպառնալիք։ Սա նշանակում է, որ նրանք շատ լավ հասկանում են, թե ինչ ներուժ ունենք։ Նրանք մեզնից լավ գիտեն, որ մենք կարող ենք վերականգնվել և դարձյալ վտանգ ներկայացնել իրենց համար, քանի որ մեր թշնամիները մեզ ավելի լավ են ճանաչում, քան մենք ինքներս մեզ։ Նրանք ավելի շատ հավատ ունեն մեր հնարավորությունների նկատմամբ, քան մենք՝ մեր հանդեպ։ Այդ պատճառով էլ փորձում են ամեն ինչ արագ լուծել, քանի դեռ այդ հնարավորությունն ունեն։ Նրանք գիտեն, որ, երբ հայ ազգը կրկին զարթնի, իրենց օրերը հաշված կլինեն։
Եկե՛ք հաշվի առնենք այս ամենը։ Եկե՛ք ցույց տանք մեր թշնամիներին, որ հայ ազգը կարող է ոտքի կանգնել, կարող է նորից դառնալ նրանց ահ ու սարսափը։ Դրա համար պետք է մեր միջից արմատախիլ անել իշխանության և կեղծ ընդդիմության պարտվողական մտածելակերպը, որը մանիպուլացրել է մեզ պատերազմի օրերին և դրանից հետո։ 
Մեզ ֆիզիկապես կոտրելուց առաջ՝ հոգեպես կոտրեցին։ Ուստի` մեր առաջին քայլը պետք է լինի մեր մարտական ոգու վերականգնումը։ Մենք կարող ենք գնալ հաղթական ուղով, եթե վերագտնենք մեր հաղթելու կամքը և նորից սկսենք հավատալ մեր ներուժին։ Միայն մեր ներուժին հավատալով` կարող ենք դառնալ ուժի գործոն և լուծել մեր բոլոր խնդիրները՝ չեզոքացնելով թշնամու բոլոր սպառնալիքները։ 
Որքան էլ փոխվեն ժամանակները և զարգանա դիվանագիտությունը, միևնույն է, բնության օրենքները չեն փոխվում։ Ուժն է ֆիզիկայի առաջին օրենքը։ Ուժն է ծնում իրավունքը: Ուժն է պտտեցնում աշխարհը։ Միայն ուժով կա վրեժխնդրություն, միայն ուժով կա հաղթանակ, միայն ուժով կա հայոց փրկություն։

                       - Հայկ Նազարյան
                         10 Օգոստոսի 2025թ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։