ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Հայկ Նազարյան - Ճառ #10 - Երկրորդ Համաժողով - «Հոսանք» Ծրագրի 36 կետերի ներկայացումը (18-07-2025)

03:00:00 18.07.2025

Հայկ Նազարյան - Ճառ #10 - Երկրորդ Համաժողով - «Հոսանք» Ծրագրի 36 կետերի ներկայացումը (18-07-2025)

Ճառ #10 
Երկրորդ Համաժողովում

Մեր նախորդ համաժողովում, որը նաև մեր շարժման առաջին համաժողովն էր, մենք նշեցինք «Հոսանք»-ի հիմնադրման երրորդ տարեդարձը։ Այդ համաժողովում ներկայացրի մեր շարժման ընդհանուր գաղափարական և հոգևոր հիմքը՝ ընդգծելով, թե որքան կարևոր է, որ յուրաքանչյուր ազգային քաղաքական շարժում ունենա նման ամուր հենասյուն, եթե այն ցանկանում է ոչ միայն հաղթահարել ամեն տեսակ մարտահրավերներ իշխանության ճանապարհին, այլ նաև հիմնովին հեղափոխել մեր երկիրը։
Վստահ եմ, որ մեր գիտակից հայրենակիցների համար այս ամենը հասկանալի ու ընդունելի եղավ։ Սակայն, գիտեմ նաև, որ շատերի մոտ դեռևս կա անորոշություն՝ ինչ կոնկրետ քայլեր ենք պատրաստվում իրականացնել, երբ շարունակենք զարգացնել մեր քաղաքական շարժումն ու մի օր հասնենք իշխանության։ Սա միանգամայն տրամաբանական և արդար հարցադրում է։
Ահա թե ինչու, մենք հենց այս նպատակով կազմակերպել ենք այս համաժողովը և ձեզ հրավիրել այստեղ՝ ներկայացնելու մեր նորաստեղծ, երիտասարդ շարժման քաղաքական ծրագիրը։ Ցանկանում ենք բոլորին ցույց տալ, որ մեր շարժումն ունի ոչ միայն վեհ գաղափարներ ու բարձր նպատակներ, այլ նաև իրագործելի, պրագմատիկ ծրագիր՝ հստակ քայլերով, որի միջոցով մենք պատրաստվում ենք կյանքի կոչել մեր պատմական առաքելությունը։
Նախ կուզեմ ասել, որ այս ծրագիրը նվիրում եմ 44-օրյա դավադիր պատերազմում զոհված հայ քաջերի ու նահատակված հերոսների անմահ հիշատակին։ Նրանց թափած արյունը իզուր չէր, քանի որ ինչպես պատմությունն է ցույց տալիս՝ պարտված ժողովուրդների մեջքին հասնող մտրակի հարվածները դառնում են վերելքի նոր ավետիսներ: 
«Հոսանք» ցեղակրոն քաղաքական շարժումն ինքն իր վրա անձնական պատասխանատվություն է վերցրել՝ չեզոքացնելու Հայաստանի անկախությանը, և ինչու ոչ՝ հայոց ազգին սպառնացող գլխավոր վտանգները։ Այդ գլխավոր վտանգներն են՝ տագնապալից արտաքին անվտանգության խնդիրը, աղքատությունը, գործազրկությունը, արտագաղթը, ցածր ծնելիությունը, ինչպես նաև հայ ազգի օտարացումը, դեգրադացիան և պառակտումը։ Իհարկե, իրականում այս բոլոր խնդիրները փոխկապակցված են, և անհնար կլինի լուծել մեկը՝ առանց մյուսները լուծելու։ Այդ է պատճառը, որ բոլորը պետք է լուծվեն միասին, զուգահեռաբար։
Սակայն, նախքան թևքերը քշտելն ու անցնելը այս խնդիրների լուծմանը, նախ և առաջ պետք է կերտել ազգային պետություն․ պետություն, որտեղ երկրի ռեսուրսները, կառավարման և քաղաքական-տնտեսական համակարգը, օրենքները և բոլոր ուժային լծակները կօգտագործվեն ազգի զարգացման, հայրենիքի անվտանգության ու բարգավաճման համար՝ այսպիսով ամրապնդելով մեր պետականության ինքնիշխանությունն ու անկախությունը։
Դրա համար «Հոսանքը»՝ որպես հայաստանակենտրոն և հայամետ քաղաքական կազմակերպություն, որը միևնույն ժամանակ Հայաստանի միակ ցեղակրոն քաղաքական շարժումն է, իրեն իրավունք է վերապահում մի օր գալ իշխանության և անցնել գործի՝ հայ ազգին ոտքի կանգնեցնելու և մեր պետությունը բոլոր առումներով հզորացնելու։
Հերթով նշում եմ, թե ինչպիսի քայլեր ենք նախաձեռնելու, որպեսզի կարողանանք լուծել վերոհիշյալ բոլոր գլխավոր խնդիրները և հաղթահարել մեր երկրին սպառնացող հիմնական մարտահրավերները։
1.      Կառուցելու ենք ցեղակրոն գաղափարախոսության հիման վրա իսկական ազգային պետություն, որտեղ նվիրյալ, հմուտ հայ ազգային գործիչները իրենց համապատասխան պաշտոններում կնշանակվեն և անձնվիրաբար կկատարեն իրենց պարտականությունները՝ աշխատանքի ընդունվելով՝ ըստ իրենց կարողությունների։ Այդ ազգային պետության համար անկախությունը պետք է լինի ոչ միայն գերագույն արժեք, այլև՝ սրբություն, իսկ նրա պաշտպանությունը՝ կյանքի վեհագույն իմաստը:  

2.      Արցախյան հարցի միակ լուծումը տեսնում ենք Արցախի ամբողջական միացմամբ Հայաստանին, և մեր գերագույն նպատակն է, հայ ազգին համախմբելով, կերտել անկախ, միացյալ ու հզոր Հայաստան, որը ապագայում կընդգրկի ոչ միայն ողջ Արցախը, այլև՝ Հայկական լեռնաշխարհի մյուս հողերը իր պատմական բոլոր նահանգներով հանդերձ: 

3.      Մեր կերտած ազգային պետությունը միանշանակ լինելու է հայաստանակենտրոն ու հայամետ, որտեղ պիտի լինեն հայեր, ովքեր բացառապես սպասարկում են Հայաստանի անկախ պետականության շահերը: Դրա համար անհապաղ կկատարվի լյուստրացիա, որի ընթացքում կբացահայտվեն օտար երկրներին, միջազգային թշնամական կազմակերպություններին, շարժումներին ու օրակարգին սպասարկող անձինք և անմիջապես կպաշտոնազրկվեն, իսկ ավելի խիստ դեպքերում նաև կդատվեն: Սա նաև նշանակում է, որ փակելու ենք աղանդները, գաղտնի կազմակերպությունները, օթյակները և այլ ապազգային կառույցները, որոնք շարունակում են մեր ազգին մոլորեցնել, բարոյազրկել, հիասթափեցնել և պառակտել։ Այս ամենը միանգամայն անհրաժեշտ է իրապես անկախ, հայկական քաղաքական դաշտ ու հասարակություն ունենալու համար:
 
4.      Ազգային պետության կառավարման համակարգը կլինի արքայապետություն, որն իր մեջ կպարունակի ազգային սահմանադրական միապետության և արժանապետության սկզբունքները, որտեղ նաև կլինի մեկ գերագույն առաջնորդ ու հրամանատար: Առաջնորդը կարող է միայն հայ լինել և չպետք է ունենա երկքաղաքացիություն: Անթիվ կուսակցությունների երևույթը կդադարի իրականություն լինել: Առաջնորդն էլ կընտրվի բնակչության այն հատվածից, որն արտոնություն կունենա մասնակցելու ընտրություններին: Այդ արտոնությունը ձեռք բերելու համար նրանք առողջական ու մտավոր հատուկ քննություններ պետք է անցնեն: Ազգային ժողովի պատգամավորները կլինեն տարբեր ոլորտների մասնագետներ, ովքեր իրենց փորձից բխած կարծիքները ու մտքերը կարտահայտեն կարևոր խնդիրները լուծելու համար: Նման համակարգ անհրաժեշտ է, քանի որ ժողովրդավարությունը իրականում ամբոխավարություն է, որն ի վերջո վերածվում է ժողովրդավարական բռնապետության, և, որը, երկարաժամկետ հեռանկարում երբեք չի կարող սպասարկել ազգի շահերը: Մեր երկիրը պետք է կառավարվի ոչ թե անպատասխանատու, հայրենադավ ու աթոռներից կառչած պատեհապաշտ պաշտոնյաների կողմից, այլ՝ առաջնորդական իրական ջիղեր ունեցող, ազնիվ հայրենասերների կողմից, ովքեր իրենց կյանքի գործունեությամբ ու պայքարով արժանացել են կառավարության ղեկը ստանձնելուն: 

5.      Չեղարկելու ենք նոյեմբերի 9-ի տխրահռչակ ու հակահայ պայմանագիրը, որն, ըստ էության, Հայաստանի անկախության դեմ պայմանագիր է, որը մեր պետության պարանոցին դավադրաբար փաթաթվեց 44-օրյա պատերազմի ավարտին՝ ռուս-թուրք-սիոնիստական դաշինքի կողմից, քանի որ այդ պայմանագիրը իրավական հիմք է տալիս մեր արտաքին թշնամիներին՝ շարունակելու իրենց ագրեսիվ ռազմական գործողությունները հայոց պետականության դեմ:

6.      Դառնալու ենք Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդը և օգտագործելու ենք պատմական ու իրավական ուժ ունեցող բոլոր հին փաստաթղթերն ու քարտեզները, որոնք նպաստավոր կլինեն մեր ազգի համար, բայց միաժամանակ լավ հասկանալով, որ այդ պայմանագրերը ու թղթերը իմաստ ունեն, եթե փոխկապակցված ու հավասարակշռված են ուժի հետ: Իրավական կողմն ու թղթերը շատ կարևոր են, բայց, եթե այդ թղթերի հետևում իրական ռազմական ուժ չլինի, այդ թղթերը ոչ մի արժեք չեն ունենա: Սա է միակ ձևը դիվանագիտության մեջ օբյեկտից սուբյեկտ դառնալու: Հետևաբար, մենք մեր հույսը նախ և առաջ մեզ վրա պետք է դնենք և հայ ազգին կրկին անգամ ռազմաքաղաքական ուժի գործոնի վերածենք, որպեսզի թշնամու ուժին կարողանա արձագանքել ավելի մեծ ուժով և հարվածներին՝ ավելի հուժկու հակահարվածներով: 

7.      Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը լինելու է մեր արտաքին դիվանագիտության կարևորագույն նպատակներից մեկը:

8.      Դաշինքները կխզվեն այն երկրների ու միությունների հետ, որոնց շահերը ոչ մի ձևով չեն համընկնում մեր երկրի շահերի հետ։ Միաժամանակ կփնտրենք այնպիսի դաշնակիցների, որոնց ազգային ու պետական շահերը մեծամասամբ կհամընկնեն մեր շահերի հետ: Նման բնական դաշնակիցներ կարող են լինել եվրոպական ազգերը և Իրանը, քանի որ ունենք նույն գենետիկ ժառանգությունը: Կարող ենք նաև զուտ ռազմական դաշնակիցներ լինել այլ մեծ պետությունների հետ, որոնց հետ չկա նման գենետիկ կապ, բայց դա այն դեպքում, եթե լինի շահերի համընկնում: Նոր դաշնակիցներ ձեռք բերելուց հետո նպատակ կլինի նրանց հետ ոչ միայն ռազմաքաղաքական սերտ հարաբերություն ունենալ, այլև պարբերաբար զինավարժություններ անցկացնել: 

9.      Հայաստանի զինված ուժերի ռազմավարությունը պետք է ամբողջությամբ վերափոխվի, որպեսզի կառուցվի իսկապես հայկական բանակ, որը համապատասխան կլինի հայկական հոգեբանությանը, աշխարհագրությանը ու էությանը, և ոչ ընդամենը մի ուրիշ երկրի բանակի նախագիծը պատճենված: Սա, իհարկե, նշանակում է, որ Հայոց բանակը պետք է նաև ակտիվ պաշտպանության ու հարձակողական բանակի վերածվի, քանի որ պաշտպանվելու ամենալավ ձևը հարձակվելուն պատրաստ լինելն է, և ի վերջո սա է միակ ճանապարհը նոր հաղթանակներ ձեռք բերելու համար: Մեծ կարևորություն կտրվի նաև քարոզչությանը, քանի որ քարոզչական պատերազմը պատերազմների կարևորագույն գործոններից մեկն է: Մեր ռազմական ակադեմիաներում ծայրից ծայր կուսումնասիրվի, թե ինչպես հաղթեցինք Արցախյան ազատամարտում և ինչպես պարտվեցինք 44-օրյա դավադիր պատերազմում, որպեսզի ճիշտ դասեր կարողանանք քաղել: Առանց հզոր ու մարտունակ հայկական բանակի, որն ունակ է հաղթանակներ կերտելու, անհնար կլինի պահպանել ու ամրապնդել մեր ինքնիշխանությունն ու անկախությունը, քանի որ հզոր հայկական բանակն է մեր անվտանգության և իր հերթին մեր անկախության միակ երաշխիքը: Այսպիսով՝ մենք կկարողանանք դիմակայել ռուս-թուրք-սիոնիստական տանդեմին, որպեսզի նրանք իրենց գերակայությունը չհաստատեն մեր հայրենիքի վրա: Մեր նպատակն է Հայաստանը դարձնել ամենառազմականացված երկիրը այս աշխարհում: 

10.      Մեր բանակի ռազմավարությունը փոխելով և ստեղծելով իսկական հայկական բանակ՝ մենք նոր կմտածենք զենքեր ձեռք բերելու մասին, որոնք համապատասխան կլինեն այդ ռազմավարությանը, այլապես այդ զենքերը շատ մեծ արժեք չեն ունենա: Դաշնակից երկրներից զենքեր գնելուն զուգահեռ՝ պետք է ունենանք և զարգացնենք մեր սեփական ռազմարդյունաբերությունը, որպեսզի մենք կարողանանք կամաց-կամաց արտադրել մեզ անհրաժեշտ բոլոր զենքերը, կամ գոնե այդ զենքերի մեծ մասը: Որքան էլ դժվար ու բարդ թվա այդ ամենը այս պահին, պետք է սկսենք փոքր քայլերից, քանի որ սա լավագույն ձևերից է, որ մեր անվտանգությունը կախված պահենք միմիայն մեզնից:

11.      Բանակը արդիականացնելու ենք, դիրքերը վերանորոգելու ու ամրացնելու ենք, բայց միաժամանակ խստացնելու ենք զինծառայությունը: Զինվորական վարժություններն ու պատրաստությունը խստացնելու ենք, որպեսզի ոչ միայն ունենանք ժամանակակից բանակ, այլև՝ ամեն տեսակի դժվարություններ հաղթահարելուն պատրաստ ռազմիկներ, ովքեր անցած կլինեն բազմաթիվ դժվար տակտիկական վարժությունների միջով: Նրանք, ովքեր առողջական խնդիրներից ելնելով չեն կարողանա հավասար ծառայել մյուսների հետ, կծառայեն այլ միջոցներով: Աղջիկների 6-ամսյա պարտադիր զինծառայություն կավելացվի, բայց տղաներից զատ, ավելի թեթև ու բարենպաստ պայմաններում, որտեղ շեշտը կդրվի բուժօգնության վրա, որպեսզի շատ ծայրահեղ դեպքերում կանայք էլ կարողանան հայրենիքի պաշտպանության գործիք դառնալ:  Վերապատրաստման համար տարին երկու անգամ կկանչվեն նախկին ծառայածները, որպեսզի թարմացնեն իրենց գիտելիքները: Որքան շատ քրտնենք խաղաղության ժամանակ, այնքան ավելի քիչ արյուն կթափենք պատերազմի ժամանակ: Մենք այնպիսի բանակ պիտի կառուցենք, որ խաղաղություն մուրալու փոխարեն մենք կարողանանք մեր կամքը թելադրելով՝ խաղաղություն պարտադրել մեր թշնամիներին: 

12.      Պարտադիր զինծառայությունը անհրաժեշտ պահպանելուց բացի, կլինեն նախազինվորական ամառային ու ձմեռային ճամբարներ 12-18 տարեկան երիտասարդների համար, որտեղ շեշտը կդրվի զենքերին տիրապետելու, բնության արշավների, մարտարվեստի և թիմային խաղերի վրա: Երեխաները պետք է փոքրուց դաստիարակվեն ռազմական հոգեբանությամբ, որպեսզի բոլորը կարողանան պատրաստ լինել հայրենիքը պաշտպանելուն՝ անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն կունենան ապագայում: Դպրոցներում երեխաները բացի հիմնական գիտելիք ստանալուց, կսովորեն այնպիսի հմտություններ, որոնք իրենց առօրյա կյանքում անհրաժեշտ կլինեն: Կսովորեն նաև ողջ մնալու արվեստը, և դպրոցներում հարկավոր կլինի մարտարվեստի ու ծանրամարտի ուսուցանումը: Մեր նպատակն է մեծացնել կաշվի պես կոշտ ու պողպատի պես պինդ հայկազունների սերունդ, քանի որ առողջ միտքն ու հոգին միայն կարող են լինել առողջ մարմնի մեջ: 

13.      Զենքեր կրելու իրավունք կունենան բոլոր առողջ և ոչ քրեական անցյալ ունեցող քաղաքացիները: Անվճար հրացաններ, ինչպես նաև տներ կտրամադրվեն սահմանամերձ գյուղերում ապրող մեր բոլոր հայրենակիցներին, քանի որ մեր հայրենիքը սկսվում է սահմանից: Հրաձգարաններ կլինեն բոլոր քաղաքներում ու գյուղերում, որոնք նաև շատ մատչելի գներ կունենան: Այս ամենն անհրաժեշտ է իսկական ազգ-բանակ դառնալու համար: 

14.      Մեր կառուցած ազգային պետությունում, Հայաստանի քաղաքացի կարող է լինել միայն արմատներով հայ մարդը կամ, բացառությունների դեպքում, հայ ազգին նման ազգի ներկայացուցիչը, և միայն Հայաստանի քաղաքացին կկարողանա անշարժ գույք գնել Հայաստանում: Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար պետք է գոնե հինգ տարի ապրեն իրենց հայրենիքում: 

15.      Խստացնելու ենք վերահսկողությունը՝ մշտական բնակության նպատակով Հայաստան ներգաղթող ոչ հայ քաղաքացիների նկատմամբ՝ նրանց մուտքի սահմանափակումները էապես խստացնելով։ Սա անհրաժեշտ է, որովհետև բաց սահմանների քաղաքականությունը, ինչպես տեսնում ենք Ամերիկայում ու Եվրոպայում, միանշանակ կործարար է ազգի, հատկապես՝ մեզ նման փոքրաթիվ ազգի համար: Լավ ու ամուր սահմանները ստեղծում են համերաշխ հարևաններ: 

16.      Ներգաղթյալների աշխատուժի կարիք չենք ունենա, երբ մենք արտագաղթը կասեցնելով, երկիրը զարգացնելով ու ծնելիության աճը բարձրացնելով՝ ունենանք բացառապես հայկական աշխատուժ: Այդ պարագայում մենք աշխատանքի համար երբեք կախված չենք լինի օտար ազգերից ու ներգաղթյալներից: Մենք մեր սեփական մտքով ու ձեռքերով ենք կառուցելու ու շենացնելու մեր երկիրը: 

17.      Ապահովելու ենք հայ ազգի բնակչության աճը՝ չափազանց շատ բարձրացնելով ծնելիությունը՝ տարբեր առատաձեռն արտոնություններ տալով նորապսակ առողջ հայ զույգերին, և տարբեր այլ ծրագրեր խրախուսելով, որոնք կնպաստեն շուտ ամուսնություններին ու շատ երեխաներ ունենալուն, որպեսզի բազմանան հայ ավանդական ընտանիքները։ Տնտեսությունը զուգահեռ զարգացնելով՝ այնպիսի սոցիալական համակարգ կստեղծենք, որ մայրերը աշխատելու կարիք չեն ունենա, իսկ ովքեր որ երեխաներ ունենալուց հետո կցանկանան աշխատել, կունենան առավելություններ և արտոնություններ՝ համեմատ նրանց հետ, ովքեր դեռևս ծնող չեն դարձել: Սրա հետ մեկտեղ նաև առողջ զույգերի համար արգելվելու են արհեստական վիժումները։ Կկազմակերպվեն հատուկ միջոցառումներ, որոնցում կստեղծվի հարմար միջավայր, որպեսզի միայնակ երիտասարդները հնարավորություն ունենան ծանոթանալու, շփվելու և առողջ հարաբերություններ կառուցելու: Նորապսակ հայ զույգերին զրո տոկոսով տան վարկեր կտրամադրվեն, որոնց գումարը կնվազի ամեն երեխա ունենալու դեպքում: Ազգային պետությունը պարտավոր է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի նորաստեղծ հայ ընտանիքները պաշտպանված լինեն՝ թե՛ սոցիալապես, թե՛ հոգեբանորեն։ Հայ կինը պետք է կարողանա առանց վախի և անհանգստության մեծացնել առնվազն 3–4 երեխա՝ գիտակցելով, որ պետությունն իր կողքին է։ Մեր ազգի ապագան սկսվում է մեր մայրերի արգանդներում՝ հենց այնտեղ է որոշվում մեր գոյության շարունակականությունը։ 

18.      Մեր կերտած ցեղակրոն պետությունում քաղաքական-տնտեսական համակարգը հիմնված է լինելու արտադրողական ձեռնարկության՝ ազգայնական և սոցիալիստական սկզբունքների վրա: Դա մի համակարգ է, որտեղ գլխավոր շեշտը դրվում է իրական ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման վրա, հատկապես՝ կարևոր ոլորտներում, ինչպիսիք են՝ ենթակառուցվածքները, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և էներգետիկան։ Այս համակարգում հաճախ կա պետական մասնակցություն կամ ուղղորդում, և նպատակն է ծառայել ազգային շահերին, ոչ թե միայն շահույթ ստանալուն, ինչպես տեսնում ենք կապիտալիստական համակարգում, որը հասարակությանը հասցնում է ագահության ու սպառողականության գագաթնակետին: Արտադրողական ձեռնարկությունը կարևորում է ազգային արդյունքն ու օգտակարությունը՝ կիրառելով կենտրոնացված պլանավորում, նպատակային ներդրումներ և աշխատանքի կազմակերպում՝ ռեսուրսները ճիշտ ուղղորդելու համար։ Այդպիսով, եթե կապիտալիստական ազատ շուկան թյուրիմացորեն կարծում է, որ իբրև միայն շահույթը կբերի բարգավաճում, ապա արտադրողական ձեռնարկությունն իր նպատակը տեսնում է ազգի հզորացման, ինքնաբավության և համընդհանուր բարօրության մեջ՝ արտադրության և աշխատանքի միջոցով՝ առանց աշխատավորների իրավունքները չարաշահելու։ 
Մենք պետք է կարողանանք՝ ազատ շուկայական սկզբունքների վրա հիմնված մասնավոր սեփականության ու բիզնեսի գաղափարները և պլանավորված սոցիալիստական տնտեսության դրական կողմերը միավորել՝ սինթեզելով այդ երկուսը մեկ տնտեսական համակարգի մեջ: Այս երկու համակարգերի ճիշտ հավասարակշռությունը կվերացնի հարստության չափազանց անհավասար բաշխումը և կլուծի ծայրահեղ աղքատության խնդիրը։ Արտադրողական ձեռնարկությունը կարելի է դիտարկել որպես կապիտալիզմի և սոցիալիզմի համադրված գործնական նախագիծ, որը վերցնում է ուժեղ ու դրական կողմերը երկու համակարգերից՝ խուսափելով նրանց ծայրահեղություններից։ Կապիտալիզմից այն վերցնում է մասնավոր սեփականության կամ շահույթի խթանները, մրցակցությունը և արդյունավետ արտադրությունը, ինչպես նաև՝ տեխնոլոգիական նորարարությունը, որը խթանվում է արտադրական նպատակներով։ Իսկ սոցիալիզմից այն ներմուծում է ազգային պլանավորումն ու խոշոր ոլորտների համակարգումը, ինչպես նաև աշխատանքային արժեքների վրա դրված շեշտը՝ որտեղ աշխատանքը դիտվում է ոչ միայն որպես անհրաժեշտություն, այլ որպես արժանապատիվ և կենսական գործունեություն։ Պետական մասնակցությունը դարձվում է ուղղորդիչ ուժ՝ ներդրումների համար, որոնց նպատակը հանրային շահի սպասարկումն է, ոչ թե միայն մասնավոր շահույթը։
Այս համակարգը նորարարության մթնոլորտ կստեղծի, որը կխրախուսի ձեռներեցություն ու արտադրողականություն բոլոր ոլորտների համար։ Նման մի համակարգում հսկա կապիտալիստ քրեաօլիգարխները ու օտար ընկերությունները չեն կարողանա ինչքան ցանկանան և ինչպես ցանկանան չարաշահեն մեր երկրի ռեսուրսները միայն իրենց գրպանները լցնելու համար: Սա նշանակում է, որ այդ քրեաօլիգարխները, ովքեր ապօրինաբար հարստացել են մեր երկրի բարելավման հաշվին, ունեզրկվելու են, և վերացվելու է նրանց մենաշնորհությունը: Սրան զուգահեռ՝ օտար ընկերությունները այլևս չեն կարողանա մեր ընդերքը թալանել, քանի որ մեր ընդերքը և երկրի ողջ ռեսուրսները ազգայնացվելու են: Այս ամենը կխթանի փոքր, ինչպես նաև մեծ բիզնեսների աճը և չափազանց շատ կգնահատվեն աշխատասեր հայերը, ովքեր իրենց քրտինքով վաստակել են իրենց գումարը: Մեր կերտած ազգային պետության մեջ, որտեղ գործելու են արտադրողական ձեռնարկության սկզբունքները, համերաշխություն կլինի բոլոր ոլորտների աշխատավորների ու դասակարգերի միջև: 

19.      Ցեղակրոն քաղաքական-տնտեսական համակարգում բոլոր աշխատել ցանկացող ու կարող քաղաքացիներին, հավասար արդյունք տալու փոխարեն, կտրվեն հավասար հնարավորություններ զարգանալու համար, որի շնորհիվ մեր հասարակության մեջ առաջ կգնան ու կզարգանան աշխատասերները, և կտուժեն չաշխատող դատարկաբանները։  Այս համակարգում աշխատանքի կընդունվեն ամենակարող ու ընդունակ մարդիկ, և ոչ երբեք «խնամի, ծանոթ, բարեկամ» քաղքենի մոտեցմամբ։ Ամենամեծ արժեքը կունենան ոչ թե նրանք, ովքեր պարզապես ավելի շատ փող ունեն, այլ նրանք, ովքեր իրենց արդար վաստակած գումարով ու տաղանդով ամենաշատ օգուտն են տվել հանրությանը, քանի որ կապիտալը պետք է ծառայի ազգին, և ոչ հակառակը: Այս ամենն ինքնաբերաբար կբերի աշխատավարձերի ու թոշակների բարձրացմանը: Մեր քաղաքական-տնտեսական համակարգի հիմնական նպատակը կլինի մարդկանց կենսապայմանների բարելավումն ու սոցիալական արդարության ստեղծումը: 

20.      Տնտեսությունը ոտքի ենք կանգնեցնելու լիովին նոր բանկային համակարգ   հիմնադրելով՝ ստեղծելով Հայ ազգային պետական բանկ, որտեղ մերժվելու են օտար ֆինանսական կազմակերպություններից բարձր տոկոսներով վարկերը, որոնք մեր պետությանը ու քաղաքացիներին շարունակում են խեղդած պահել վարկերի տակ։ Այդ վարկերի դիմաց մենք ստիպված ենք լինում վաճառել մեր երկրի իրական ռեսուրսները, ինչը պարզապես անթույլատրելի է: Միայն Հայ ազգային պետական բանկը փող ստեղծելու բացառիկ իրավունքներ կունենա, որը նախատեսված կլինի շրջանառության մեջ մտնելու համար, և շրջանառության մեջ գտնվող փողը հավասար կլինի հայ ազգի արտադրական ներուժի և աշխատանքային ջանքերի համադրությանը։ Այս հաշվարկում ներառված պարամետրերը լիովին թափանցիկ են լինելու ժողովրդի համար։ Մեր դրամավարկային համակարգը լիովին այլ սկզբունքով կաշխատի, որտեղ մեր երկրի արժույթը կամ թղթային փողը արժեք կունենա ուղղակիորեն կապված ոչ թե ոսկու կամ այլ թանկարժեք մետաղների հետ, ինչպես «ոսկու ստանդարտ»-ը օգտագործող երկրներում,  այլ՝ աշխատանքի հետ՝ այդպիսով արդյունավետորեն կիրառելով «աշխատանքային ստանդարտ» հայեցակարգը, որը արդար ու ծաղկող տնտեսություն ունենալու լավագույն տարբերակն է։ Այնպիսի տնտեսություն կստեղծենք, որտեղ օտարերկրյա ներդրողները իրենց ցանկությամբ, և ոչ մեր խնդրանքով, կուզենան ներդրումներ անել մեր երկրում:

21.      Ընդունելով, որ ներկայիս համաշխարհային ֆինանսական համակարգը հիմնված է արհեստական և փուչ արժեքների վրա և անխուսափելիորեն մոտենում է համակարգային փլուզման, մենք պարտավոր ենք նախապես պատրաստվել այդ զարգացումներին՝ նոր տնտեսական օրենսդրությամբ, որը կձևափոխի Հայաստանի տնտեսական համակարգը արմատական փոփոխություններով: Կձևավորվի նոր, արդիական ու ինքնիշխան տնտեսական մոդել, որն առավելագույնս կազատագրի ազգային տնտեսությունը արտաքին կախվածությունից և կհամապատասխանի ժամանակակից աշխարհաքաղաքական պատկերին ու պահանջներին։ Նոր օրենքներով նախատեսվում է ստեղծել հզոր վերահսկող մարմին՝ կանխելու կոռուպցիան, խոշոր չարաշահումները և շուկայում մենաշնորհների ձևավորումը։ Մեր տնտեսական զարգացման հիմքում լինելու է գործարար հայ աշխատավորը, ում կտրամադրվեն հնարավորություններ՝ կառուցելու նոր մայրուղիներ, արտադրական հզորություններ, բնակելի շենքեր և ենթակառուցվածքներ՝ երբեք չզիջելով որակին։ Ամեն առողջ ու ունակ քաղաքացի կունենա աշխատանքի հնարավորություն, և աշխատանքը ոչ միայն արժանապատիվ ապրուստի միջոց կլինի, այլև՝ ազգային նվիրում։ Հայ աշխատավորը ու գյուղացին լիարժեք սոցիալական պաշտպանություն և պետական աջակցություն կստանան՝ արժանապատիվ պայմաններում կատարելու իրենց հայրենանվեր աշխատանքը։ Մեր տնտեսության փիլիսոփայության առանցքում լինելու է «երջանկություն՝ աշխատանքով» սկզբունքը, որի հիման վրա հայ ազգը նորովի կմոտենա աշխատանքին՝ այն ընկալելով որպես ստեղծագործական և ազգային հզորացման ճանապարհ։

22.      Գյուղատնտեսությունը կզարգացնենք՝ պետական մեծ արտոնություններ տալով գյուղացիներին, ովքեր ցանկանում են հող մշակել ու ջերմոցներ կառուցել՝ նրանց տալով օրինակ՝ հարկային սուբսիդիաներ: Պետք է ձգտենք հնարավորինս մենք մեր պարենային անվտանգությունն ապահովել, որպեսզի սնունդի առումով կախված չլինենք այլ երկրներից, քանի որ այս հարցում ինքնաբավ լինելով՝ մենք կամրապնդենք մեր ինքնիշխանությունը: Սա, իհարկե, նշանակում է, որ մեր ազգի համար ավելի շատ հող է պետք, հատկապես, երբ հաշվի առնենք այն, որ ծնելիությունը ու հայրենադարձությունը աճելու է: Մենք պետք է ձգտենք ընդարձակել մեր սահմանները՝ ազատագրելով մեր կորցրած հողերը, քանի որ ներկայիս Հայաստանի սահմաններով ոչ միայն շատ դժվար կլինի ինքնիշխանությունը պահպանել, այլև՝ մեր պարենային անվտանգությունը չենք կարող բավականաչափ ապահովել:  

23.      Մեր արդյունաբերության զարգացմանը պետք է տրվի նոր որակի խթան՝ դուրս գալու ներկայիս սահմանափակված վիճակից, որտեղ գերակշռում են միայն հյուրանոցների, ռեստորանների և եկեղեցիների շինարարությունները։ Հայրենի արդյունաբերությունը պետք է կենտրոնանա հատկապես հաստոցաշինության, տեխնոլոգիական, մեքենաշինական և վերամշակման ոլորտների վրա։ Պետությունն առաջնահերթ խրախուսելու է ձեռներեցներին՝ ներդրումներ կատարելու արդյունաբերական ոլորտներում՝ նրանց տրամադրելով հարկային արտոնություններ, պետական աջակցության ծրագրեր և տեխնիկական հնարավորություններ։ Մեր ռազմավարական նպատակն է հնարավորինս ավելացնել ներմուծմանը փոխարինող արտադրանքը և ձևավորել բարձր տեխնոլոգիական և ինժեներական ներուժ՝ Հայաստանի ինքնաբավությունն ու տնտեսական անվտանգությունը ապահովելու համար։ Հայաստանը պետք է դադարի դիտարկվել բացառապես որպես զբոսաշրջային ուղղություն։ Պետք է դառնա երկիր, որտեղ մարդիկ ապրում, ստեղծագործում, արտադրում և զարգանում են՝ ունենալով լիարժեք արդյունաբերական համակարգ։

24.      Ազգային պետությունը նպատակ ունի վերահսկել և կարգավորել մեդիա տարածքը՝ հիմնավորելով ազգային արժեքներին հնազանդ քարոզչական համակարգ, որը կզսպի նեոբոլշևիկյան, ֆեմինիստական, ԼԳԲՏ, լիբերալ, «գողական» ենթամշակույթների և այլ ապազգային ազդեցությունները, որոնք չեն համապատասխանում մեր ազգային արժեքներին և խաթարում են հասարակության միասնությունը ու ազգային ինքնությունը։ Սա անելով՝ մենք մեր հայ ազգային մշակույթի բոլոր սուրբ արժեքները պահպանելու ու պաշտպանելու ենք: Մեդիան ընդամենը զենք է, և վստահ ենք՝ այդ զենքը ճիշտ ձեռքում հայտնվելու դեպքում, մենք մեր հայրենակիցներին փչացնելու փոխարեն՝ դաստիարակելով  բարձրացնելու ենք, որպեսզի դառնան Հայաստանի արժանապատիվ քաղաքացիներ: 

25.      Փակելու ենք բոլոր տեսակի խաղատները, գիշերային ակումբները և արգելելու ենք պոռնոգրաֆիայի տարածումը: Ավելի մեծ պայքար ենք մղելու թմրամոլության և նմանատիպ այլ մոլուցքների դեմ, և կլինեն վերականգնողական կենտրոններ նման մոլուցքներից կախվածություն ունեցող անձանց համար, որտեղ կկիրառվեն բնական բուժման բազմաթիվ տարբեր միջոցներ: 

26.      Դպրոցներում, համալսարաններում և բոլոր այլ պետական կառույցներում, ինչպես նաև գովազդներում քարոզելու ենք առողջ ապրելակերպ, որպեսզի բոլորը սովորեն ճիշտ սնվելու և մարզվելու ձևերը: Պետության կողմից հովանավորված մարզասրահի ցանց կլինի մեր հայրենիքի տարբեր անկյուններում, որի անդամավճարը անվճար կամ շատ մատչելի կլինի: Բժիշկները ընդամենը դեղեր նշանակելու փոխարեն, պարտադիր պետք է սովորեն բնական միջոցներով հիվանդներին բուժել: Մեզ համար ավելի կարևոր ու իմաստալից է հիվանդությունները կանխել առողջ ապրելակերպով, քան թողնել, որ դրանք զարգանան և մահացու դառնան մեր հայրենակիցների համար: Սրա հետ մեկտեղ բժշկությունն անվճար կլինի բոլոր քաղաքացիների համար: Առանց առողջ քաղաքացիների չենք կարող առողջ ազգ ունենալ, քանի որ առողջ ազգը բաղկացած է առողջ քաղաքացիներից: 

27.      Հայագիտությունն ու հայոց պատմագիտությունը պարտադիր առարկաններ կլինեն դպրոցներում, որպեսզի յուրաքանչյուր հայ կարողանա իր հնարավորության սահմաններում պայքարել մեր պատմության ու ինքնության կեղծիքների դեմ, որոնք տարածում են մեր թշնամիները: Մի ազգ, որը լավ չի ճանաչում իր պատմությունը չի կարող ինքն իրեն լավ ճանաչել ու չի կարող արդյունավետ կերպով պայքարել իր ինքնությունը պահպանելու համար:

28.      Հայոց լեզուն, լինելով մեր մշակույթի անկյունաքարը, մաքրվելու է բոլոր տեսակ աղավաղումներից: Մեդիայում միայն խոսվելու է մաքուր հայերեն, և խանութները, օրինակ՝ պետք է նախ և առաջ ունենան հայկական անուններ հայատառ գրված, և Հայաստանում ցանկացած հանրային վայրում աշխատող մարդ պետք է տիրապետի հայերենին: Չենք կարող հայրենասեր լինել, եթե նախ և առաջ չլինենք լեզվասեր:

29.      Նոր խթան ենք տալու տեխնիկական գիտությանը, որը, ցավոք սրտի, Հայաստանում մահամերձ վիճակում է գտնվում: Ապահովելու ենք գիտնականներին ու ճարտարագետներին՝ նրանց տալով առավել արտոնություններ, քանի որ գիտության զարգացումը ուղիղ կապված է մեր անվտանգության համակարգի զարգացման հետ:  Այսպիսով՝ մենք պետք է ստեղծենք լիովին նոր գիտություն, որը մեզ առավելություն կտա մյուս երկրների, հատկապես` մեր թշնամիների նկատմամբ: Աշխարհին սպասվում է էներգետիկ մեծ ճգնաժամ, այդ իսկ պատճառով մենք պետք է ձգտենք ստեղծել էներգիա ստանալու տարբեր ու ավելի արդյունավետ միջոցներ, որպեսզի որքան հնարավոր է կախված չլինենք նավթից ու գազից: Նպատակադրված ենք, որ հայի հանճարեղ միտքը կրկին անգամ ցույց տանք աշխարհին՝ Հայաստանը երկիր մոլորակի վրա դարձնելով գիտության կենտրոնը: 

30.      Բնապահպանությունը մեր ուշադրության կենտրոնում է լինելու, քանի որ մեր բնությանը վնասելով՝ մենք միայն ինքներս մեզ ենք վնասում: Երբ մեր գյուղատնտեսությունը ճիշտ ռելսերի վրա դնենք, մենք կկարողանանք չափազանց նվազեցնել անտառահատությունը, ինչպես նաև ջրի ու օդի պղտորումը: Մեր հանքերի չարաշահումը տարբեր ընկերությունների կողմից կկասեցվի, և Հայաստանի ընդերքը կպատկանի միայն Հայաստանի պետությանը, և իր հերթին՝ Հայաստանի քաղաքացիներին: Համակարգ կմշակվի, որտեղ դպրոցների աշակերտները, համալսարանների ուսանողները, զորամասերի զինվորները, և ինչու չէ, նույնիսկ բանտերի կալանավորները պարբերաբար կզբաղվեն աղբահավաքությամբ: Վերամշակման գործարաններ կկառուցվեն ամեն քաղաքում ու գյուղում, որպեսզի աղբաթափությունը կարողանանք արմատախիլ անել մեր երկրում: Սրան զուգահեռ՝ կենդանիների պաշտպանության իրավունքները կշատացվեն, և կենդանիների նկատմամբ սադիստական ու դաժան վերաբերմունքը քրեորեն դատապարտելի կլինի: Բնապահպանության համար կենդանական աշխարհի պաշտպանությունը հարկավոր է, քանի որ կենդանիները բնության անբաժանելի մասն են, և անհնար կլինի մեկը պաշտպանել առանց մյուսի: Մեր նպատակն է ավելի մաքուր ու ավելի կանաչ երկիր ստեղծելը:  

31.      Համալսարանների ուսուցումը անվճար կլինի, և ուսանողները կդաստիարակվեն՝ գիտակցելով, որ դիպլոմ ստանալը միայն աշխատանք ձեռք բերելու համար չէ, այլև՝ հասարակությանը օգտակար լինելու համար:   

32.      Արգելելու ենք տարբեր խաղարկումները ու այդ խաղարկումների հետևում կանգնած տարբեր կազմակերպությունները, որոնք նպաստում են Հայաստանի արտագաղթին, որն, ըստ էության, մեր հայրենիքի արյունահոսությունն է: Միաժամանակ որքան հնարավոր է կապեր ենք ստեղծելու Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների հետ, ովքեր ուզում են իրենց գիտելիքով ու տաղանդով, և ոչ միայն գումարով, օգտակար լինել մեր հայրենիքին: Սա նշանակում է, որ սփյուռքահայությունը միայն չի դիտարկվելու որպես փող «կթելու» աղբյուր, այլ տարբեր միջոցներով կարևոր գործոն՝ Հայաստանի բարելավման ու զարգացման համար: Այնուամենայնիվ, մենք հասկանում ենք, որ սփյուռքահայությունը հավերժ երևույթ չէ, քանի որ ձուլումն անխուսափելի է, անկախ նրանից, թե մենք որքան փորձենք հետաձգել այն: Դրա համար սփյուռքահայերի հետ համագործակցելուն զուգահեռ՝ պետք է նրանց վերջնական վերադարձի համար բարենպաստ պայմաններ ստեղծենք: Մեր հայրենակիցների արտագաղթը կասեցնելը հնարավոր կլինի, եթե մենք միաժամանակ աշխատենք արտագաղթածներին հետ բերել Հայաստան, քանի որ այդ երկուսն իրար հետ շաղկապված են: Հայը արժանապատիվ ապագա կարող է տեսնել միմիայն իր հայրենի հողի վրա: 

33.      Համաչափ տնտեսական զարգացում կապահովենք բոլոր քաղաքների ու գյուղերի համար, որպեսզի ազգաբնակչությունը հավասար բախշվի մեր երկրում, քանի որ «երևանակենտրոն» համակարգը կործանարար է Հայաստանի ընդհանուր բարգավաճման ու զարգացման համար: Հայաստանում ամեն քաղաք ու գյուղ նույնքան արժեք ու կարևորություն պետք է ունենան, որքան` կողքի գյուղն ու քաղաքը:

34.      Այսուհետ ինչ շինարարություն նախաձեռնվի` նախ և առաջ ունենալու է մասնագետ ճարտարապետների կողմից գծագրված հստակ նախագիծ, և շեշտը միշտ դրվելու է որակի, գեղեցկության ու ապահովության վրա՝ համապատասխանելով միջազգային ամենաբարձր չափանիշներին: Սա նաև նշանակում է, որ ոչ միայն նորակառույց  շենքերը պետք է ունենան ապաստարաններ ռազմական դրության համար, այլև մեր ամբողջ երկրում պետք է կառուցվեն պաշտպանության բունկերներ, ինչպես կան, օրինակ` Շվեյցարիայում: Մեր բոլոր քաղաքները ու գյուղերը պետք է հանդիսանան որպես ամրոցներ ընդհանուր պետության պաշտպանության համար: 

35.      Համերաշխություն ենք ստեղծելու քրիստոնյաների ու հեթանոսների միջև՝ ցույց տալով բոլորին, որ իրական քրիստոնեության ու հեթանոսության հիմքում նույն արիական վեհ արժեհամակարգն է ու նույն արիական ապրելակերպի քարոզը: 

36.      Հայաստանը՝ որպես եվրոպական քաղաքակրթության բնօրրան, մեր կառավարման ժամանակ ստեղծվելու է նոր դաշինքի կառույց, որը հեռահար նպատակ կունենա ընդգրկել բոլոր եվրոպական ազգերին, որպեսզի կարողանանք միասին պայքարել մեր ընդհանուր շահերի համար՝ ընդդեմ մեր ընդհանուր թշնամիների:

Եվ ահա, սրանք են այն կետերը, այն հստակ գործողությունները, որոնցով մենք կերտելու ենք ավելի կայուն, ավելի բարգավաճ ու ավելի հզոր պետություն, որպեսզի Հայաստանը կարողանա դարձյալ իր կարևոր ու պատմական դերը ստանձնել աշխարհաքաղաքական բեմի վրա: Այս կետերը պատշաճ իրականացնելու համար անհրաժեշտ է լինելու բարեփոխել կամ լիովին նոր նախարարություններ ստեղծել, սակայն, շատերը կմտածեն, որ վերոհիշյալ կետերից շատերի իրականացումը իրատեսական չէ, հատկապես` այս պահին: Նրանց մտահոգությունը հասկանալի է, բայց պետք է գիտակցենք, որ աշխարհը փոխվում է ու փոխվում է շատ կտրուկ, որտեղ ներկայիս աշխարհակարգը փլուզվելու է իր ստերի ու կեղծիքների ծանության տակ՝ մեզ համար հնարավորության պատուհաններ բացելով: Ժամանակը հասունանալու է, ու մենք ստիպված ենք լինելու արմատական փոփոխություններ անել և պետք է պատրաստ լինենք այդ պահին: Եթե մեր նպատակը մեր ազգի համախմբումն է, ապա դա հնարավոր կլինի միմիայն նման վեհ գաղափարների ու նպատակների շուրջ, քանի որ կիսատ-պռատ նպատակները միշտ տարել են ու տանելու են ձախողման: Մենք պետք է հեռատես լինենք և քաջություն ցուցաբերենք՝ չթողնելով, որ վախը մեզ հետ պահի մեր իրական երազանքներին ձգտելուց: 
Մենք հավատում ենք, որ որքան հզորանան Հայաստանի դիրքերը երկրագնդի վրա, այնքան ավելի կլուսավորվի աշխարհը և կամրապնդվի քաղաքակրթույան հենասյունները: Հետևաբար, այս ծրագրի իրագործումը ոչ միայն համազգային կամ նույնիսկ համարիական նպատակ է, այլև՝ համամարդկային:
Ամեն դեպքում պետք է շեշտենք, որ կարող ենք ամենալավ ծրագրերը գրել, թե կոնկրետ ինչպես ենք պատկերացնում նման ազգային պետությունը, սակայն, եթե այդ ծրագրերի հետևում չլինի կազմակերպված հետևողական պայքար և չլինեն վճռական, անհողդողդ ու անկոտրում կամք ունեցող անձինք, այդ ծրագրերը չեն արժենա այն թղթին, որի վրա գրված են: Մեր կամքը պետք է լինի երկաթից պինդ, իսկ մեր հավատքը՝ մեր լեռներից էլ անսասան, եթե ցանկանում ենք մեր գաղափարները դարձնել իրականություն և տանել դեպի հաղթանակ։
Այդ իսկ պատճառով մեր շարժման կորիզը ստեղծելու համար մենք փորձում ենք ներգրավել արժանապատիվ, հեռատես, գիտակից ու նվիրյալ հայորդիների, ովքեր պատրաստեն ամեն գնով ի կատար ածել անկախ, միացյալ ու հզոր Հայաստանը:
«Հոսանք»-ը Նժդեհի ոգու օրհնությամբ ձգտում է ցեղակրոնությունը վերածել հզոր շարժման և հասնել իշխանության, որպեսզի արիական գաղափարների հիման վրա կերտի ցեղակրոն պետություն, որը ծաղկող տնտեսություն, բարգավաճ հասարակություն և հաղթող բանակ ունենալու միակ ճանապարհն է։ Վստահ ենք մեր հաղթանակի վրա, որովհետև այս աշխարհում չկա ավելի հզոր ուժ, քան մի գաղափար, որի ժամանակը հասունացել է: «Հոսանք»-ը ճակատագիր ունի, և մեզ ոչինչ չի կարող կանգնեցնել։
Կեցցե՛ մեր շարժումը, որն համախմբելու է մեր ազգին, ոտքի է հանելու մեր հայրենիքը և զարգացնելու է մեր անկախ պետականությունը:   

-  Հայկ Նազարյան
   18 Հուլիսի 2025թ



Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։