ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Միջազգային մեդիայի տարբեր քաղաքական վերլուծաբանները...

07:18:00 11.05.2026

Միջազգային մեդիայի տարբեր քաղաքական վերլուծաբանները...

Միջազգային մեդիայի տարբեր քաղաքական վերլուծաբանները իրոք մակերեսորեն են հասկանում, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում։ Ճնշող մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, անընդհատ պնդում են, որ Երևանի ներկայիս կառավարությունն Հայաստանը իսկապես պոկում է Ռուսաստանից և կամաց-կամաց մտցնում է Եվրամիության մեջ։ Նրանք կամ դիտմամբ են ինչ-որ նպատակի համար նման ապատեղեկատվություն տարածում ու թերի վերլուծություններ անում, կամ էլ պարզապես բավականաչափ չեն խորացել իրադարձությունների մեջ և չեն դիտարկել ավելի մեծ պատկերը։

Ո՞վ կարող է իսկապես հավատալ, որ մի ծաղրածու, շիզոֆրենիկ դեղին մամուլի լրագրող, ով իբր «հակառուս» է և «արևմտամետ», կարող էր երգելով ու պարելով ընդամենը մեկ ամսվա ընթացքում Հայաստանում գալ իշխանության, պատերազմում մեծ դավաճանություն գործել և այսքան տարիներ շարունակել մնալ վարչապետ ու ամրապնդել իր աթոռը՝ առանց Կրեմլի որևէ միջամտության։ Եթե նրա վարած քաղաքականությունն իսկապես վնասակար է Կրեմլի համար, ապա ինչպե՞ս է ստացվում, որ ութ տարի շարունակ նա մնում է պետության ղեկին, երբ ժողովրդի կեսից ավելին ատում է նրան։ «Գերհզոր» Ռուսաստանը չի՞ կարողանում ութ տարվա ընթացքում գահընկեց անել այս գերագույն խրտվիլակին։ Ինչպե՞ս կարող է մի ղեկավար, ով դավաճանեց Արցախը և հիմա ֆետիշացնում է Սովետական Հայաստանի քարտեզը՝ փաստացի հպարտանալով իր պարտությամբ ու դավաճանությամբ, մեզ պոկել Ռուսաստանի մահվան ճիրաններից և Հայաստանն ազատագրել այս ռուս-թուրքական վանդակից։

Կներեք, բայց մարդ պետք է քաղաքականապես տհաս լինի, որպեսզի այսքան տարիներ անց և այսքան դեպքերից հետո իսկապես հավատա նման անհեթեթության։ Այս մեծ ստին հավատալը գուցե ներելի է օտարների համար, բայց ոչ հայերի, հատկապես նրանց համար, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ։ Չի կարելի այսքան կարճատես ու պարզունակ մտածել։ Ով ազնվորեն հավատում է այս ամենին, պարզապես հալած յուղի պես կուլ է տալիս Կրեմլի ստեղծած սուտը։ Հայաստանում ցանկացած քաղաքական գործիչ, ով տարածում է նման ստեր, կամ կատարում է Մոսկվայից տրված հատուկ առաջադրանք, կամ էլ պետք է կիլոմետրերով հեռու մնա քաղաքականությունից, որովհետև միայն վնաս է տալիս և ջուր լցնում թշնամու ջրաղացին։

Ներկայիս հայրենադավ նեոբոլշևիկյան կառավարությունն ինչ անում է, անում է Կրեմլի թույլտվությամբ և թաքուն աջակցությամբ, որովհետև դա ձեռնտու է Ռուսաստանի կայսերական հեռահար նպատակներին՝ Հայաստանը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելու համար։ Պետք է սթափվենք և հասկանանք, թե իրականում ինչ է կատարվում։ Հերիք է ինքնախաբեությամբ զբաղվենք և պատրանքների մեջ ապրենք։ Ժամանակն է առերեսվելու դառը իրականության հետ։

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։