09:04:00 14.08.2026
Պուտինի վարկանիշը գնալով իջնում է ու նրա դիրքեր գնալով ավելի խոցելի են դառնում ոչ միայն Ռուսաստանի ներսում, այլև միջազգային ասպարեզում, քանի որ Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակվում է հսկայական մարդկային, ռազմական և տնտեսական կորուստներով։ Ռուսաստանը դեռևս ունի զգալի ռազմական և տնտեսական ռեսուրսներ, սակայն պատերազմը նրա համար դարձել է երկարատև մաշեցնող պայքար։ Նույնիսկ նրա դաշնակիցները, ինչպես, օրինակ, Ղազախստանի ու Չինաստանի ղեկավարները, սկսում են կամաց-կամաց հեռանալ նրանից, որովհետև տեսնում են նրա ապիկարությունն ու թուլությունը։ Ռուսաստանի ներսում նա նույնպես աստիճանաբար կորցնում է իր դաշնակիցներին, և օրեցօր ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր կարող են պատրաստ լինել ճիշտ պահին նրան գահընկեց անելու և պետական հեղաշրջում իրականացնելու։
Այս կոնտեքստում ուշագրավ է այն, որ Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը՝ Պուտինի ամենահավատարիմ ենթականերից ու խամաճիկներից մեկը, ըստ շրջանառվող տեղեկությունների վատառողջ ու մահամերձ է։ Չեչենները պատմականորեն բազմիցս ապստամբել են ռուսական կայսրության դեմ, իսկ վերջին ավելի քան երկու տասնամյակների ընթացքում Կրեմլին հաջողվել է Չեչնիայում հարաբերական կայունություն պահպանել՝ մեծապես հենվելով Կադիրովների իշխանության վրա։
2000 թվականից Մոսկվայի և Ահմադ Կադիրովի միջև ձևավորվեց չգրված քաղաքական պայմանավորվածություն, որի շրջանակում Կրեմլը Կադիրովներին տրամադրում էր լայն քաղաքական և ֆինանսական աջակցություն ու մեծ ինքնավարություն Չեչնիայի ներքին կառավարման հարցերում, իսկ Կադիրովների իշխանությունը պարտավորվում էր ապահովել Մոսկվային հավատարմություն, պահպանել կայունությունը և ճնշել անջատողական ուժերին։ Այդ հարաբերությունների համակարգը հետագայում փոխանցվեց Ահմադ Կադիրովի որդուն՝ Ռամզան Կադիրովին։
Միևնույն ժամանակ, պետք է հիշել, որ չեչեն ժողովուրդը նույնը չէ, ինչ Կադիրովի ռեժիմը։ Չեչենների և ռուսական կայսերական իշխանության միջև դիմակայությունը երկար պատմություն ունի։ Հետևաբար, Պուտին–Կադիրով համակարգի թուլացումը, հետևաբար, կարող է նոր հնարավորություններ ստեղծել Չեչնիայում Մոսկվայի իշխանության դեմ հանդես եկող ուժերի համար, որովհետև Չեչնիայի անկախության գաղափարը և ռուսական գաղութացման դեմ զինված պայքարի պատմությունը չեն վերացել, իսկ արտերկրում գոյություն ունեն նաև հակակադիրովյան և հակառուսական չեչենական ուժեր։ Նման իրավիճակում Կրեմլը, ամենայն հավանականությամբ, արագ կգործի՝ Չեչնիայում իշխանության վակուում թույլ չտալու համար։ Սակայն, իմ կարծիքով, Մոսկվայի համար այդ գործընթացը կարող է շատ ավելի բարդ լինել, քան առաջին հայացքից թվում է, հատկապես երբ Ռուսաստանի ներսում աճում է տնտեսական, քաղաքական և ռազմական խնդիրները։
Կարճ ասած՝ Պուտին–Կադիրով «կոմունիստական սիրո» հարաբերությունը, այսպես թե այնպես, մոտենում է իր ավարտին, և Կադիրովի հեռանալը կարող է նոր անկայունության պատճառ դառնալ Չեչնիայում։ Ծայրահեղ սցենարի դեպքում դա նույնիսկ կարող է նպաստել նոր չեչենական ապստամբության առաջացմանը Ռուսաստանի Դաշնության սահմանների ներսում։ Նեոբոլշևիկ «ցարի» վիճակը, շատ լուրջ է ու ավելի լուրջ է դառնալու, երբ Ռուսաստանի Դաշնությունում տարբեր ճգնաժամեր սկսեն միաժամանակ համընկնել։
Չեչենները մեզ՝ հայերիս, դաշնակիցը չեն, քանի որ Արցախյան ազատագրական պատերազմի տարիներին մի շարք չեչենական ուժեր աջակցել են ադրբեջանական կողմին և հանդես եկել ընդդեմ հայկական ուժերի։ Սակայն, այնուամենայնիվ, եթե Չեչնիայում կրկին սկսվի պայքար ռուսական գերիշխանության դեմ, ես միայն կողջունեմ այդ պայքարը...
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ