ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Արդեն գրեթե չորս տարի է անցել այն պահից...

04:23:00 25.01.2026

Արդեն գրեթե չորս տարի է անցել այն պահից...

Արդեն գրեթե չորս տարի է անցել այն պահից, ինչ Ռուսաստանը սկսել է իր պատերազմը Ուկրաինայի դեմ, և այս տարիների ընթացքում Ռուսաստանում ապրող հազարավոր հայեր ուղարկվել են Արևելյան Եվրոպա ու հանուն ոչնչի զոհվել։ Ըստ տարբեր աղբյուրների՝ այդ թիվն արդեն գերազանցում է տասը հազարը՝ առավել քան երկու անգամ ավելի զոհեր, քան 44-օրյա դավադիր պատերազմի ընթացքում։

Սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ Հայաստանում ոչ մի լրատվամիջոց կամ վերլուծաբան հստակ չի շեշտում այս ողբերգությունը և դրա հետ կապված թվերը չի անընդհատ հրապարակում։ Սա կարող էր լավ առիթ լինել մեր հայրենակիցներին խրախուսելու, որ Ռուսաստան (կամ ցանկացած այլ երկիր) արտագաղթելու փոխարեն մնան ու ապրեն Հայաստանում, որպեսզի իրենց տղաները ծառայեն Հայոց բանակում, քանի որ Հայաստանում մնալը կպարզվի ավելի ապահով է։ Այս կարևոր տեղեկությունը տարածելով՝ ոչ միայն կարելի է նվազեցնել արտագաղթողների թիվը, այլև խրախուսել, որ Ռուսաստանում ապրող հայերը վերադառնան Հայաստան։

Մի՞թե այս փաստը միտումնավոր է թաքցվում, որովհետև Հայաստանում բոլոր խոշոր լրատվամիջոցները և վերլուծաբանների ճնշող մեծամասնությունը ռուսաֆիլ նեոբոլշևիկ են, ովքեր շատ լավ գիտեն, որ եթե մարդիկ սկսեն իմանալ այս իրականությունը, ապա հօդս կցնդի այն ստրկամիտ միֆը, թե իբր «Ռուսաստանի կազմի մեջ մտնելով մենք ավելի անվտանգ կլինենք»։ Ազգադավ ու հակահայկական ԶԼՄ-ները, որոնք իրենց հրահանգները ստանում են Մոսկվայից, քաջ գիտակցում են, որ նման փաստեր հրապարակելով բնակչության մեջ ավելի արագ կզարգանան արդեն իսկ առկա հակառուսական տրամադրությունները։ Մարդիկ կհասկանան, որ Կրեմլը մեր հայրենակիցներին հանուն իր կայսերական շահերի ուղարկել է և շարունակում է ուղարկել սպանդի։

Այս փաստը գիտակցելով՝ առավել գիտակից ու խելացի մեր հայրենակիցները կգան այն եզրահանգմանը, որ անկախություն ունենալն ու այն պահպանելը անվտանգ ապրելու լավագույն միջոցն է։ Եթե մենք չկռվենք ու արյուն չթափենք մեր անկախության համար, ապա ստիպված կլինենք որպես թնդանոթի միս ծառայել օտար պետությունների ու կայսրությունների շահերին։ Հետևաբար, անկախության համար պայքարելը անհրաժեշտ է՝ մեր գալիք սերունդների համար անվտանգ ու բարգավաճ ապագա երաշխավորելու համար, քանի որ չկա անկախություն առանց անվտանգության, և չկա անվտանգություն առանց անկախության։

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։