08:30:00 21.10.2024
Նոր լսեցի այս բանավեճը և պետք է անկեղծ ասեմ, որ երկու կողմն էլ բաներ ասացին, որոնց հետ համաձայն եմ ու նաև բաներ, որոնց հետ՝ համաձայն չեմ: Այսպես կոչված «ռուսամետ» թևը պնդում էր, որ մենք պարտադիր պետք է մասնակցենք «3+3» համարվող ձևաչափի բանակցություններին, որովհետև չմասնակցելու դեպքում մենք դուրս կմնանք տարածաշրջանում տեղի ունեցող իրարարձություններից և մյուս երկրները կորոշեն մեր ճակատագիրը, իսկ այսպես կոչված «արևմտամետ» թևը պնդում էր, որ մենք չպետք է մասնակցենք այդ բանակցություններին, որովհետև Արևմուտքը ներգրավված չէ և Արևմուտքից (ԱՄՆ կամ Ֆրանսիա) մեծ դաշնակից չունենալու դեպքում մենք այդ բանակցություններում կոպիտ ասած ստրուկի դերում ենք լինելու և մեզ հետ անելու են այն՝ ինչ կամենան:
Այո՝ համաձայն եմ, որ առանց մեր մասնակցությանը ուրիշները մեր փոխարեն կորոշեն,մեր երկրի ճակատագիրը, ինչպես եղավ 1920թ-ի Մոսկովյան և դրան հաջորդող Կարսի պայմանագրի հետ, և այո՝ համաձայն եմ, որ առանց իսկական ռազմավարական դաշնակցի մենք լուրջ գործոն չենք համարվի այդ մյուս 5 երկրների համար, քանի որ հիմա շատ թույլ ու պառակտված վիճակում ենք: Այս խնդիրը բխում է հենց այդ գլխավոր խնդրից, որ մենք ազգային հայամետ իշխանություն և պինդ առաջնորդ ունենալու փոխարեն ունենք մեղմ ասած թրքամետ, անողնաշար ու ապիկար մի իշխանություն և ղեկավար, որը երբեք չի կարող մեր իսկական ազգային շահերը առաջ տանել որևէ բանակցային գործընթացներում, անկախ նրանից, թե դա լինի «3+3» ձևաչափով թե «33+33» ձևաչափորվ: Այո, լավ կլինի, որ լուրջ ընդունվելու համար մենք ունենանք իսկական ռազմավարական դաշնակից, բայց եթե մենք մեր սեփական հնարավոր ռեսուրսներով չփորձենք մեր ազգին միավորել և մեր մեջքը ուղղել,չենք կարողանալու իրական դաշնակից ունենալ և ընդամենը պրոքսի կհամարվենք թե' Ռուսաստանի, թե' Արևմուտքի կողմից: Մենք չենք կարող իսկական դաշնակից ունենալ, եթե ուժեղ միավորված լինելու վիճակում դաշնակից փնտրելու փոխարեն այս տկար վիճակում ինչ-որ տեր ման գանք, որ մեր սիրուն աչքերի համար մեզ իբր անվտանգություն երաշխավորի:
Ոնց գցում բռնում ենք ,հետ ենք գալիս այն պարզ ճշմարտությանը, որ այն ազգը, որ իր հույսը նախ և առաջ չի դնում իր վրա կորցնելու է արժանապատիվ ու բարգավաճ ապագա ունենալու բոլոր հույսերը: Այս կարևորագույն օրենքը մոռանալու պատճառով է, որ մենք հաճախ տանուլ ենք տալիս աշխարհաքաղաքական ասպարեզում և մեր Հայրենիքը շարունակում է մասնատվելով փոքրանալ:
Իսկ բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ մենք չենք կարող մեր մեջքը ուղղել, քանի որ այդ ռեսուրսը իբր չունենք, տարածում են թշնամական քարոզչություն, որը մեզ ուզում է հուսահատեցնել: Մենք իրականում բավականին մեծ ներուժ ունենք, որ երբեք չենք էլ փորձել կիրառել այս վերջին 33 տարում, քանի որ եղել ենք կիսաանկախ վիճակում և ունեցել ենք ապազգային իշխանություններ: Եվ նրանք, ովքեր ասում են, որ մենք չենք կարող ողնաշար ունենալ ու պայքարելու կամք ցույց տալով հաշվի նստել մեծ գերտերությունների հետ թող պատմություն կարդան և իմանան, թե մենք ցեղասպանության միջով անցնելուց հետո ինչպես մեր՝ 1918թթ-ի հերոսամարտերի շնորհիվ կարողացանք թուրքերին ստիպել մեզ հետ հաշվի նստել:
Թող ոչ մեկը հանկարծ չշփոթվի՝ միմիայն մեր հույսը նախ և առաջ մեր վրա դնելով կարող ենք օբյեկտի վիճակից դառնալ սուբյեկտ և մեր կամքը թելադրել մեր թշնամիներին, մեր տարածաշրջանին և ինչու չէ՝ նաև աշխարհին:
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ