07:46:00 13.10.2025
Հայրենասեր լինելը հեշտ է, երբ քո երկիրը հաղթանակած է։ Հեշտ է գլուխդ բարձր պահել, երբ գիտես, որ մի քանի տասնամյակ առաջ քո երկրի բանակը ջախջախել է թշնամու զորքերին և ազատագրել քո պատմական հողերը։ Այսպիսի պատեհապաշտ հայրենասիրություն շատ եմ տեսել՝ գրեթե երեք տասնամյակ ապրելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում և գրեթե մեկ տասնամյակ՝ Հայաստանում։ Այդ պատեհապաշտ հայրենասերները, ովքեր անդադար ընդամենը ցիտում էին մեր հերոսների ասածները ու դրոշ ծածանում, հիմա ոչինչ չեն անում՝ Հայաստանին ներկայիս թույլ վիճակից դուրս հանելու համար։ Ոչինչ չեն անում և, կոպիտ ասած, սուսուփուս մտել են իրենց ծակերը և նույնիսկ ձայն չեն հանում։
Սակայն շատ դժվար է հայրենասեր լինել, երբ քո երկիրը պարտված է և շարունակվում է ստորացվել թշնամու կողմից։ Դժվար է գլուխդ բարձր պահել, երբ քո երկրի բանակը ներքին դավաճանության արդյունքում խայտառակ մեծ պարտություն կրեց ընդամենը մի քանի տարի առաջ։ Բայց հենց այսպիսի ժամանակներում են, երբ իրական հայրենասերներն են երևում։ Այսպիսի ժամանակներում է անհրաժեշտ լինել հայրենասեր, քանի որ հենց այս պայմաններում Հայրենիքը մեր հայրենասիրության մեծ կարիքն ունի։ Այսպիսի պայքարն է, որ իրական հայրենասերի կյանքին տալիս է ապրելու իմաստ: Իրական հայրենասերը իր Հայրենիքի կողքին է լինում օրհասական ժամանակներում՝ մինչև մահ, ինչպես իրական ընկերը այն է, երբ քո կողքին է կանգնում դժվար ժամանակներում։
Հինգ տարի առաջ պարտությունը գոնե մի լավ բան արեց՝ պատռեց շատերի դիմակները և մեր միջից զտեց պատեհապաշտ ու մեծ-մեծ խոսացող կեղծ հայրենասերներին, որոնց համար ընդհանրապես կամ էդքան էլ կարևոր չի եղել Հայաստանի փառքն ու պատիվը։ Նրանց նմաններին հիմա շատ ավելի հեշտ է տեսնել, քան երբևէ: Ցույց տվեց, որ բոլորը հայրենասեր են՝ մինչև գալիս է պահը, երբ պետք է անել հայրենասիրական բաներ։
Դրա համար հենց հիմա է ժամանակը, որ իրական հայրենասերները համախմբվեն և կազմակերպվեն մի ազգային կառույցի ներքո և շարունակեն պայքարը՝ պատրաստվելով գալիք մեծ ճգնաժամին։ Ողջ հայությանը ու աշխարհին պարտավոր ենք ցույց տալ, թե ինչպիսին են լինում իրական հայ հայրենասերները, թե ինչպես ենք կարողանում Հայաստանի փառքի համար մեր գլուխը բարձր պահել և շարունակել պայքարը անկախ ամեն ինչից:
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին
#Ամենաանողոքը #Այս_Անգամ_Աշխարհը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ