ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Քաղաքականություն մտնելուց առաջ մարդը պետք է կրի վեհ գաղափարախոսություն...

12:39:00 14.11.2025

Քաղաքականություն մտնելուց առաջ մարդը պետք է կրի վեհ գաղափարախոսություն...

Քաղաքականություն մտնելուց առաջ մարդը պետք է կրի վեհ գաղափարախոսություն, կարևորի ճշմարտությունը և պատրաստ լինի իր անձնական հաճույքներն ու շահերը զոհաբերել իր տեսլականը իրականություն դարձնելու համար՝ որքան էլ դա տվյալ պահին դժվար կամ անհնար թվա, հակառակ դեպքում նա անխուսափելիորեն կդառնա կոռուպցիայի նկատմամբ խոցելի։ Այդ ամենի պակասությունն է պատճառը, որ ճնշող մեծամասնությունը, նույնիսկ նրանք, ովքեր իրենց անձնական կյանքում աշխատասեր, հայրենասեր, լավ ամուսին ու լավ հայր են՝ էլի կոռումպացվում են, երբ դառնում են քաղաքական գործիչ։ 

Նման մարդիկ շեղվում և հեշտությամբ կոռումպացվում են՝ անկախ իրենց կամքից և հաճախ նույնիսկ չգիտակցելով, որ քաղաքական գործչից վերածվել են քաղաքական մարմնավաճառի, որովհետև նախապես չեն պատրաստվել այդ ճանապարհին։ Ճշմարտությունը կարևորելը և վեհ գաղափարախոսություն կրելը մեզ պաշտպանում է և անխոցելի դարձնում այս աղտոտված ու պղծված քաղաքական ասպարեզում, ինչպես ճառագայթային պաշտպանիչ համազգեստը մարդուն պաշտպանում է ռադիոակտիվ ճահճից: Առանց այդպիսի գաղափարախոսության քաղաքականություն մտնող մարդը կգնա ինքնակործանման՝ ինքն իրեն վարկաբեկելով, ինչպես վայրի բնաշխարհում կողմնացույց չունեցող հետազոտողը, որը մոլորվում է ու գլորվում դեպի անդունդ։

Ինը տարի է, ինչ ապրում եմ Հայաստանում, և այդ ընթացքում բազմաթիվ կուսակցություններ, կազմակերպություններ ու «շարժումներ» փորձել են ինձ հավաքագրել ու օգտագործել, իսկ վերջին չորս տարիներին, ինչ զբաղվում եմ քաղաքականությամբ, փորձել են ներգրավել ու «համագործակցել»՝ նպատակ ունենալով լուծարել իմ ստեղծածը։ Բայց բոլորը ձախողել են և շարունակելու են ձախողել։ Ինձ չեն կարողացել և երբեք չեն էլ կարող շեղել իմ բռնած ուղուց, քանի որ փոքրուց՝ 14 տարեկանից, ունեցել եմ հստակ աշխարհայացք, որը տարիների ընթացքում ավելի է հղկվել և ավելի պինդ արմատավորվել իմ մեջ։

Շատերը իմ անզիջող լինելը կհամարեն «ծայրահեղություն», և շատերը իմ անունը լսելիս կասոցացնեն «անիրատես», «ֆաշիստ», «երազող», «ռադիկալ», «ֆանատիկ» կամ «ռոմանտիկ» բառերի հետ, բայց երբեք չեն կարող ասոցացնել խաբեբա, ծախված, դավաճան, սրիկա կամ պատեհապաշտ բառերի հետ։ Նրանք, ովքեր անգաղափար են և ներկա պահի համար քաղաքականությունում մի քիչ ավելի հայտնի դառնալու կամ հարստանալու նպատակով զիջում են իրենց արժանապատվությունը, ապագայում երբեք չեն կարող հասնել իրական հաջողության։ Իսկ գաղափարական անհատները, ովքեր ներկայում մնում են անկոտրում և կարողանում են դիմադրել այդպիսի կեղծիքներին, ապագա քաղաքական դաշտը իրենցն է դառնալու...

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Մի՛շտ Հայ


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։