ONE NATION, ONE STATE, ONE WILL

Եղել են մարդիկ այս վերջին երկու տարում, ովքեր ինձ ու առհասաարակ մեր շարժմանը մեղադրում են «միայն խոսելու համար»...

03:00:00 19.03.2024

URL: https://www.hosank.net/storage/gallery/1711126678.jpg

Եղել են մարդիկ այս վերջին երկու տարում, ովքեր ինձ ու առհասաարակ մեր շարժմանը մեղադրում են «միայն խոսելու համար», և հաճախ ասում են՝ «գործ է պետք անել», կարծես թե մեր արածը միայն խոսել է ու գործ անել չէ։ Եղել են իբր ավելի «ռադիկալ» մարդիկ, ովքեր ուզել են մեզ պրովոկացիայի ենթարկեն՝ ասելով, որ «պետք է կտրուկ քայլերի դիմենք», բայց դա որն է իրենք էլ չեն հասկանում ու չեն կարողանում բացատրել։ Որքան շատ եմ նման մարդկանց ճանաչել ու որքան շատ եմ շփվել ավելի շատ եմ համոզվել, որ նրանք գաղափարապես սին են ու իրականում նրանք են ոչինչ չանողները։ Ասում են «ժամանակ չկա» երկարատև պայքար մղելու համար, մինչդեռ իրենց ձեռքները ծալած նստում են ու բողոքելուց բացի ոչինչ չեն անում։ Սիրում են մեծ-մեծ խոսել, որպեսզի ցույց տան, թե որքան «լավ տղա» են, քանի որ ինքնահաստատվելու խնդիր ունեն։ Գաղափարապես կայուն ու հասուն մտածելակերպ ունեցող տղամարդը, ով իսկապես հավատում է իր նախաձեռնած գործին կարճատես չի լինի ու նման իմպուլսիվ քայլերին դիմելու կարիք չի ունենա, քանի որ վստահ կլինի իր բռնած ճշմարիտ ուղու վրա։ Շատերը կարող են պատերազմի պայմաններում զենք վերցնեն և մեկնեն ճակատ։ Ես էլ եմ դա արել 44-օրյա դավադիր պատերազմի ժամանակ, երբ անհրաժեշտ է եղել ու պատրաստ եմ նորից անել։ Գրողը տանի, Կալիֆորնիայում աշխատանքից դուրս գալու ու ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխվելու գլխավոր դրդապատճառներից մեկը հենց Ապրիլյան քառօրյա պատերազմն է եղել։ Շատերը կարող են դա անել ու ՊԱՐՏԱՎՈՐ են դա անել, քանի որ նման դեպքերում առաջնագիծ մեկնելը ոչ թե հերոսություն է, այլ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ։ Սակայն ոչ բոլորն են կարող իրենց կյանքը նվիրել ու մեծ զոհաբերություններ կատարել մի վեհ գաղափարի համար, որպեսզի այդ գաղափարը հասցնեն հաղթանակի։ Ամեն մեկը չի կարող ամեն օր հետևողականորեն մի գաղափարի, մի շարժման համար անձնվիրաբար պայքարի փոքրաթիվ ռեսուրսներով, հատկապես երբ բոլոր կողմերից քննադատության է արժանանում ու պարսավանքի է ենթարկվում, քանի որ դա անելու համար մարդ պիտի 100 տոկոս համոզված լինի իր նպատակին և անսասան հավատք ունենա այդ նպատակը իրականացնելու նկատմամբ։ Ամեն մարդու համար չէ երկարատև պայքար մղելը ու զրոյից շարժում կառուցելը՝ քարը քարի վրա դնելով։ Շատերը մինչև հիմա չեն հասկանում՝ հզոր շարժում կառուցելու համար այն նույն մոտեցումը պետք է կիրառվի, ինչպես կիրառվում է մեծ պալատ կառուցվելու դեպքում։ Ամեն մեծ բան սկսում է փոքր քայլերից։ Շատերը դա չեն հասկանում, որովհետև համբերություն ու դաստիարակություն չունեն։ Եթե ջրով լի դույլը թափես քարի վրա ոչ մի բան չի լինի այդ քարին, բայց եթե կաթիլ-կաթիլ այդ նույն ջուրը կաթացնես քարի վրա, վաղ թե ուշ քարը կծակվի։ Այնպես որ, զինվոր լինելը չի նշանակում միայն վտանգների դեպքում զենք բռնել ու գնալ ճակատ, իսկ խաղաղ ժամանակներում ոչինչ չանելով բողոքել ու քեզ «կռվող» տղա համարել։ Իսկական կռվող տղան ու մարտիկը պետք է պատրաստ լինի և՛ մարտի դաշտում կռվել և՛ քաղաքական դաշտում պայքարել։ Մեկ Ազգ, Մեկ Պետություն Մեկ Կամք Մի՛շտ Հայ

Subscribe

Subscribe and receive news to your email address.