ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Հայկ Նազարյան - Ճառ #5՝ անգլերեն ենթագրերով (12-04-2025)

03:00:00 02.04.2025

Հայկ Նազարյան - Ճառ #5՝ անգլերեն ենթագրերով (12-04-2025)

Ճառ #5 
Ժողովում

Հետևելով մեր երկրում և, առհասարակ, մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին՝ շատերիս համար դժվար է լինում հավատալ, որ մենք իրոք չենք ապրում մի այլ մոլորակի վրա, որտեղ միայն խելագարություն է տիրում: Գրեթե ամեն օր մենք տեսնում ենք, որ որքան շատ են Փաշինյանը ու նրա ապազգային խմբակը խոսում այսպես կոչված «խաղաղության պայմանագրի», «խաղաղության խաչմերուկի» կամ առհասարակ «խաղաղության» մասին, այնքան ավելի շատ է Բաքվի բռնապետը՝ հոխորտալով սպառնում մեր երկրին ռազմական ուժով: Սա իրականում բնական է, քանի որ պարտված կողմը չի կարող խաղաղություն մուրալով՝ որևէ բան պարտադրել հաղթող կողմին:
Մեր թշնամիները սոված գիշատիչների պես են, և նրանց ախորժակը չափ ու սահման չունի: Նրանք որքան հնարավոր է փորձելու են այս առիթից օգտվել և իրենց գերակայությունը հաստատել մեր ազգի և հայրենիքի նկատմամբ: Նրանք մեր հանդեպ ուզում են անել այն, ինչ մենք պետք է անեինք նրանց նկատմամբ 30 տարի առաջ, երբ Արցախյան ազատագրական պատերազմում ռազմական հաղթանակ տարանք: Նրանք լավ գիտեն, որ իրենց ոսկե հնարավորությունը չպիտի բաց թողնեն: Այդ իսկ պատճառով նրանց կողմից հնչեցրած սպառնալիքները միայն սաստկանալու են և ավելի հաճախ են դառնալու:
Շատ անգամ ենք լսել այն հայտնի ասացվածքը. «եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի», և պատմությունը մեզ բազմիցս ցույց է տվել, որ այս օրենքը այնքան կայուն ու ճշմարիտ է, որքան գրավիտացիայի օրենքը: Բոլորս սա լսել և հասկացել ենք կարևորությունը, բայց շատ չենք մտածել, որ հակառակն էլ է գործում. «եթե ուզում ես պատերազմ, ապա պատրաստվիր խաղաղության»: Եվ հենց այս քաղաքականությունն է վարում մեր ներկայիս կառավարությունը, որը մեր երկրին միայն վնաս է բերելու:   
Մեր տարածաշրջանն ու, առհասարակ, աշխարհը շարունակում են մնալ պատերազմի դարաշրջանում, իսկ ՔՊ-ականները կարծում են, որ կարող են իրենց պարտվողական քաղաքականությամբ խաղաղություն հաստատել՝ առանց որևիցե ուժ ցուցաբերելու: Կարծում են՝ կարող են խաղաղություն բերել, եթե միայն խաղաղության մասին խոսեն և ոչ մի իրական քայլ չանեն իսկական խաղաղություն հաստատելու համար: Մենք, իհարկե, չգիտենք՝ արդյո՞ք նման մի պայմանագիր ստորագրվելու է, թե Բաքվի բռնապետը շարունակելու է անընդհատ նոր պահանջներ ներկայացնել: Բայց, եթե նույնիսկ ստորագրվի ինչ-որ նման պայմանագիր Հայաստանի ու Ադրբեջանի միջև, դա պարզ է, որ միայն նսեմացուցիչ է լինելու հայոց պետականության համար, և այդ խաղաղությունը բոլորովին չի արժենա այն թղթին, որի վրա այն ստորագրվելու է: 
Մենք գիտենք, որ այս պարտված վիճակում ոսոխի հետ «խաղաղության» մասին խոսակցություններն ու բանակցությունները անիմաստ են, քանի որ մենք, պատմությունից դասեր քաղելով, հասկացել ենք, որ մեր թշնամիները միայն ուժի լեզուն են հասկանում, և մենք՝ հայերս, հնուց ի վեր լինելով էությամբ ռազմական ազգ, շատ լավ կարող ենք այդ լեզվով խոսել նրանց հետ, եթե, իհարկե, պայքարելու կամքը նորից վերականգնենք և մեր մեջ մարտական ոգին նորից արթնացնենք: Մենք հասկացել ենք, որ միայն այս լեզուն են մեր թշնամիները հասկանում, երբ դեռ հազարամյակներ առաջ Հայկ Նահապետը Բաբելոնի բռնակալ Բելի կրծքին նետ մխրճեց և փախուստի մատնեց նրա զորքերին: Նրանք քաջ գիտակցում են, որ մենք այդ լեզուն շատ ավելի լավ ենք հասկանում, քան իրենք:  
Իսկ Նիկոլ Փաշինյանը վերջերս զավեշտալիորեն պնդում էր, որ մենք հիմա իբրև ի վիճակի ենք բարձրացնել մեր անկախության ու ինքնիշխանության մակարդակը՝ շարունակելով ասել, որ Հայաստանը դառնում է ավելի ու ավելի անկախ երկիր: Սա ասում է այն նույն մարդը, ով մեր ազգին առավել քան երբևէ հիասթափեցրեց ու պառակտեց: Սա ասում է այն նույն մարդը, ում  կառավարման ժամանակ՝ 44-օրյա դավադիր պատերազմի ընթացքում, մեր բանակի մեջքին դանակ խրվեց: Դա, իհարկե, մեզ տարավ դեպի խայտառակ պարտություն, և ստորագրվեց նոյեմբերի 9-ի տխրահռչակ համաձայնագիրը, որը ըստ էության՝ Հայաստանի անկախության դեմ պայմանագիր է: Սա ասում է մի մարդ, ով Արցախը ամբողջությամբ սկուտեղի վրա հանձնեց մեր թշնամիներին, երբ նա ճանաչեց Ադրբեջանի ամբողջականությունը: Դա անելով՝ Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում՝ թքած ունենալով մեր պապերի թափած քրտինքի ու արյան վրա: Եվ այս նույն մարդը կարծում է, որ կարող է բարձրացնել մեր Հայրենիքի ինքնիշխանության ու անկախության մակարդակը:
Արցախն ուրացողը չի կարող չուրանալ նաև մեր անկախությունը, քանի որ Արցախը սերտորեն միշտ կապված է եղել մեր անկախության հետ: Եթե մենք Արցախյան ազատամարտում չհաղթեինք մեր ազատամարտիկների բազմաթիվ սխրանքների ու զոհաբերությունների շնորհիվ, մենք չէինք կարողանա ամրապնդել մեր անկախությունը, նույնիսկ այս դե յուրե անկախությունը, որը ձեռք բերեցինք 90-ականների սկզբին:
Մի ղեկավար, ով իսկապես ուզում է բարձրացնել Հայաստանի անկախության մակարդակը չի կարող մոռանալ Արցախի մասին և սրբացնել ներկայիս Հայաստանի սահմանները՝ իր իսկ խոսքով «իրական Հայաստան»-ը, քանի որ ներկայիս 29,800 քառակուսի կիլոմետր սահմանը, որն ունենք այսօր գծված է եղել 1921թ.-ին Մոսկվայի և Կարսի՝ ռուս-թուրք-սիոնիստական պայմանագրով: Այս սահմանն այսքան փոքր է ու հատուկ է այսպես գծված, որպեսզի մենք՝ հայերս, չկարողանանք լիարժեք անկախ լինել: Սա նաև նշանակում է, որ այսպիսի սահմաններով մենք շատ դժվարությամբ կկարողանանք մեր անվտանգությունը ինքնուրույն ապահովել: 
Ճիշտ է՝ Արցախը 1990-ականներին ազատագրելով և 1994թ.-ին հաղթանակ կերտելով՝ մեզ համար ճանապարհ բացեցինք ոչնչացնելու մեր թշնամիների կողմից կնքված  այդ պայմանագիրը, բայց, ցավոք, այն կիսատ մնաց, որովհետև Հայաստանում գործող ռուսական գործակալների պատճառով մենք այդ հաղթանակը չկարողացանք ամրագրել թղթի վրա և Արցախը ամբողջությամբ միացնել Հայաստանին, ինչպես կցանկանային այն ազատատենչ հայերը, ովքեր 1988թ.-ին դուրս էին եկել փողոց այդ արդար պահանջով: Նրանք ընդամենը ուզում էին շտկել այն անարդարությունները, որոնք թրքաբոլշևիկները իրագործել էին մեր դեմ 100 տարի առաջ: 
Թշնամական քարոզչությունը մեզ տարիներ շարունակ ուզում էր համոզել, որ առանց Արցախի մենք կարող ենք ավելի խաղաղ ու անկախ ապրել, որը տրամագծորեն հակասում է իրականությանը, քանի որ ճշմարտությունը ամբողջությամբ հակառակն է: Նիկոլ Փաշինյանը, լինելով Լևոն Տեր-Պետրոսյանի աշակերտը և նրա գործի շարունակողը, իր քաղաքական կարիերայի հենց ամենասկզբից էլ եղել է այս ազգավեր գաղափարի կրողը և քարոզողը, և հենց նա ոչ միայն շարունակում է այս նույն հակազգային քարոզչությունը, այլև՝ դարձրել է այն մեր պետության քաղաքական օրակարգը: 
Հազար անգամ ավելի հավանական է, որ նման մարդը իր ծոծրակը կարողանա տեսնել, քան բարձրացնել մեր անկախության մակարդակը: Սա պարզապես աբսուրդի ժանրից է, և առհասարակ անհեթեթություն է, որ մենք այս պարզ ճշմարտությունը պիտի ասենք: Փաշինյանը մեզ ցույց է տալիս, որ մենք ապրում ենք ոչ թե իր ասած խաղաղության, այլ՝ խելագարության դարաշրջանում: 
Մենք կարող էինք մեր անկախության մակարդակը բարձրացնել, եթե մեր ազգին համախմբելով՝ Արցախը ամբողջությամբ միացնեինք Հայաստանին և մեր բանակի մարտավարությունը ակտիվ ու հարձակողական պաշտպանության վերածելով՝ Ադրբեջանի բանակին ջախջախեինք պատերազմի ժամանակ, քանի որ միայն ազգի միասնությամբ և հաղթանակով է լինում հայրենիքի անկախության ամրապնդումը, և ոչ թե՝ ազգին բաժան-բաժան անելով և կործանարար պարտության տանելով: Այս իշխանությունները կեղծ ընդդիմության հետ միասին լիովին գործում են տրամաբանությանն ու ողջամտությանը հակառակ, և սա նշան է, որ նրանց շատ երկար ժամանակ չի մնացել:
Այնուամենայնիվ, մենք դեռ կարող ենք մեր անկախությունը ամրապնդել, եթե կերտենք ազգային պետություն, պատռենք նոյեմբերի 9-ի հակահայ պայմանագիրը, և մեր մարտական ոգին վերականգնելով ու բանակի մարտավարությունը վերափոխելով՝ նորից ուժի գործոն դառնանք, որպեսզի կարողանանք ձեռք բերել իրական դաշնակիցներ, ովքեր մեզ կօգնեն պատրաստվել ոչ թե այսպես ասած խաղաղությանը, այլ՝ պատերազմին, քանի որ խաղաղությանը պատրաստվելը միայն պարտություն է բերում, իսկ պատերազմին պատրաստվելը՝ հաղթանակ: 

- Հայկ Նազարյան
      02 Ապրիլի, 2025թ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։