ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Հայկ Նազարյանի ճառը Սարդարապատում՝ անգլերեն ենթագրերով (26-05-2024)

03:00:00 26.05.2024

Հայկ Նազարյանի ճառը Սարդարապատում՝ անգլերեն ենթագրերով (26-05-2024)

Ճառ #2
Սարդարապատում

Երկու օրից մեր անկախության հիմնադրման օրն է։ Այդ օրը ողջ հայության համար չափազանց մեծ նշանակություն ունի, քանի որ ոչ միայն մեր անկախ պետականության հիմնադրման օրն է, այլև նոր սկիզբը մեր առավել քան հինգ հազար տարվա պատմության։ Հարյուր վեց տարի. թվում է՝ դա շատ մեծ ժամանակահատված է, բայց դա ընդամենը մեկ մարդու կյանք է, իսկ պատմության համար ընդամենը մեկ ակնթարթ։ 
Եվ որքան ժամանակն անցնում է, կարծես թե մենք այնքան ավելի քիչ ենք արժևորում այդ մեծ ձեռքբերումը, որը պարզապես հրաշք կհամարվեր մեր այն բոլոր նախնիների համար, ովքեր դարեր շարունակ պայքարել են մեր պետականությունը վերականգնելու նպատակով։ 
Ասում են՝ մինչև մի բան չես կորցնում, չես գնահատում։ Այս խոսքերը ամենաշատը վերաբերում են հենց անկախ պետականություն ունենալուն։ Շատերս մեր քաղաքներում ու գյուղերում խաղաղ ու ապահով ապրելիս չենք գնահատում մեր անկախությունը, չենք գիտակցում, որ մեր նախնիները կերազեին ապրել նույնիսկ ներկայիս Հայաստանում։ 
Նրանք դա կերազեին, որովհետև իրենց մաշկի վրա զգացել են, թե ինչ բան է չունենալ անկախ պետականություն, թե ինչ բան է ապրել ուրիշի, հատկապես վայրագ թշնամու լծի տակ, որտեղ դու՝ որպես ազատ մարդ, չես կարող արժանապատիվ կերպով վայելել քո երկիրը և ապրում ես ընդամենը ստրուկի նման։ Առանց անկախ պետականության՝ հայրենիքից դուրս չես կարող օտարների մոտ քո գլուխը բարձր պահել ու հպարտորեն ասել, որ հայ ես։ 
Պետք է հիշենք այս ամենը և պետք է գնահատենք մեր ձեռք բերածը, անկախ նրանից, թե դա այս պահին մեզ որքան փոքր ու տկար է թվում։ Ինչպես մեր սպարապետ Նժդեհն է ասել՝ հայրենիքը պետք է սիրել անկախ այնտեղ տիրող քաղաքական ռեժիմից և քաղաքական համոզմունքներից, բայց դրան նաև կարող ենք ավելացնել, որ պետականությունը պետք է գնահատել՝ անկախ պետության  թույլ վիճակից։ Չենք կարող մեր հայրենիքը սիրել, եթե չգնահատենք մեր անկախությունը, քանի որ չգնահատելու դեպքում դա էլ կկորցնենք ու կսկսենք երազել մեր կորցրածի մասին, ինչպես եղավ Արցախի հետ։ 
Մենք կարող ենք գնահատել մեր անկախությունը, երբ խորապես գիտակցենք, թե ինչ զոհաբերություններ են պահանջվել այն վերականգնելու համար։ Անկախությունը չի եղել նվեր, մենք այն ձեռք ենք բերել արյունալի պայքար մղելուց հետո՝ ի դեմս Սարդարապատի ու Ղարաքիլիսայի ճակատամարտերում տարած հաղթանակների։ Այդ հերոսամարտերը, կարելի է ասել, շրջադարձային կետ էին մեր ազգի համար, որտեղ մեր թշնամիներին ու ողջ աշխարհին ցույց տվեցինք, որ մի ազգ, որը չի ուզում մեռնել, չի մեռնում՝ անձնվիրաբար շարունակելով գոյամարտը։ 
Պարտավոր ենք մեր անկախ պետականությունը գնահատել և զարգացնել, որպեսզի վառ պահենք մեր այն հերոս ազատամարտիկների հիշատակը, ովքեր քրտինք ու արյուն են թափել այդ երազանքը իրականացնելու համար։ 
44-օրյա պատերազմից հետո, առավել ևս Արցախի ամբողջական կորստից հետո, շատերը կարծում են, որ մեր ներկայիս վիճակը անհույս է՝ մոռանալով, որ մենք անկախությունը ձեռք ենք բերել ցեղասպանություն ապրելուց հետո։ Անկախության կորստից հետո այն նորից ձեռք բերեցինք 70 տարի անց՝ անցնելով սովետական բռնապետության միջով։ Մենք կարողացանք դա անել ու հիմնավորել Արցախը ազատագրելու շնորհիվ, քանի որ առանց դրա չէր լինի այդ ամենը։ Սա ապացույց է, որ եթե կարողացել ենք այդ ամենի միջով անցնել և միաժամանակ մեր պետականությունը վերականգնել, ուրեմն կարող ենք մեր ներկայիս պետությունը ոչ միայն պահպանել, այլև մոտ ապագայում ծաղկեցնել՝ մեր շարժումը հաստատակամորեն առաջ տանելով։ 
Սակայն մեր անկախությունը գնահատելը ամենևին չի նշանակում, որ մենք պետք է հանդուրժենք մեր ներկայիս վիճակը, որտեղ մեր թշնամիները սպառնում են մեր անկախությանը՝ փորձելով մեզնից գողանալ ոչ միայն մեր պետականությունը, այլև մեր նախնիների երազանքը ու մեր գալիք սերունդների ապագան, քանի որ մեզ համար անկախություն ունենալը համարժեք է գոյություն ունենալու հետ։ Ամեն դեպքում մենք շտկելու ենք նախկինում կատարած սխալները. դառնալու ենք Առաջին հանրապետության իրավահաջորդը և մեր հույսը նախ և առաջ դնելու ենք մեզ վրա։  
Այսօր նաև Ավարայրի ճակատամարտի օրն է։ Այդ ճակատամարտն էլ մեր ազգի համար ունի խորհրդանշական մեծ իմաստ, քանի որ խորհրդանշում է հայի ինքնության պայքարը ձուլման դեմ, հոգևոր Հայաստանի պայքարը օտար բռնակալության դեմ և լույսի պայքարը խավարի դեմ։ Սա թող օրինակ լինի, որ մենք մեր շարժմամբ պիտի ամեն ինչ անենք, որ պահպանենք հայ ազգի ինքնությունը, վերականգնենք մեր հոգևոր ազգային արժեքները և հույսի ու հավատի լույս սփռենք մեր ողորմելի ու խավարված քաղաքական դաշտում։ 
Մեր պետականությունը կորցնելու շեմին ենք, հենց դրա համար Ավարայրի, Սարդարապատի ու Ղարաքիլիսայի ճակատամարտերը մեր մտքում վառ պահելով՝ եկեք մարտական ոգով ամրացնենք մեր անկախությունը առավել քան երբևէ, որպեսզի ոսոխին ցույց տանք, որ որքան շատ մեզ փորձեն բնաջնջել, այնքան մենք ավելի շատ կհզորանանք ու ավելի մեծ վտանգ կդառնանք նրանց համար։ Ցույց կտանք բոլորին, որ հայ ազգը փայլում է ճնշման տակ և կրկին կփայլի, ինչպես փայլել է հնագույն աշխարհում։ 
Եկեք այսօրվանից հիշենք և խոստում տանք, որ անկախ պետականությունը մեզ համար ոչ միայն գերագույն արժեք է, այլև սրբություն, որը մենք մեր աչքի լույսի պես կպահենք և, որի համար մենք մեր ողջ կամքով կպայքարենք՝ հանուն մեր հերոս նախնիների և հանուն մեր ապագա սերունդների։ 

Կեցցե՛ մեր անկախությունը
Կեցցե՛ Հայոց պետականությունը

- Հայկ Նազարյան
26 Մայիսի 2024թ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։