ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Հայկ Նազարյան - Ճառ Սպիտակավորում՝ անգլերեն ենթագրեր (25-08-2025)

03:00:00 25.08.2025

Հայկ Նազարյան - Ճառ Սպիտակավորում՝ անգլերեն ենթագրեր (25-08-2025)

Ճառ #12
Սպիտակավորում 

Այսօր ուխտագնացությամբ եկել ենք Սպիտակավոր՝ Նժդեհի շիրիմի մոտ, որպեսզի նշենք Դավիթբեկյան ուխտերի ստեղծման 105 ամյակը, որը կարող ենք համարել մեր գաղափարական պայքարի սկիզբը այս ժամանակակից աշխարհում: Այն շարունակում է ոգևորել և հիմք հանդիսանալ բոլոր այն հայ ազգայնականների համար, որոնց մեջ արթուն է մեր ցեղի հոգին: 
Նախքան այստեղ գալը, անկեղծ ասած` մտադրություն ունեի Նժդեհի «Հատընտիր» գիրքը բերել և մի քանի լավ խոսք մեջբերել, բայց հետո հասկացա՝ նման բան անելով մի քանի գիշեր պետք է մնայինք այստեղ, որովհետև որքան շատ ենք կարդում նրա գրածները, այնքան ավելի շատ ենք ուզում կարդալ։ Սակայն վաղուց եմ գիտակցել նաև, որ Սպարապետի գրածները կարդալը և նրա խոսքերն ուղղակի ցիտելը բավական չէ։ Մեր շարժումը այդ նպատակի համար չի ստեղծվել։ Մենք չպետք է միայն նրա կենացը խմենք, այլ պարտական ենք նրա սուրբ գործը շարունակել։ Հենց այդ պատճառով էլ Նժդեհի գաղափարների հիման վրա երեքուկես տարի առաջ հիմնադրվեց մեր նորաստեղծ, երիտասարդ շարժումը, քանի որ ամենասկզբից էլ նպատակ է եղել կառուցել մի շարժում, որը ապագայում կդառնա կառուցվելիք ազգային պետության հենասյունը։
Նժդեհն իր պայքարը՝ բոլշևիկների, թուրքերի և հայադավների դեմ, սկսել էր այն պահին, երբ հայոց աշխարհը օրհասական վիճակում էր։ Նա, բոլորից լավ գիտակցում էր, որ անհողդողդ պայքարից բացի այլ ելք ու ճանապարհ չկա։ Նա հասկանում էր՝ առանց Սյունիքի, առանց մեր ամուր ողնաշարի, կվերանա թե՛ հայկական պետությունը, թե՛ իր հերթին՝ հայ ազգի ինքնությունը։ Ինչպես տեսնում ենք՝ պատմությունը չի կրկնվում, բայց հաճախ նմանվում է, որովհետև կրկին անգամ մեր պետականությունը կանգնած է կործանման եզրին։
Հետևաբար, մենք այսօր այստեղ ենք` այս սրբազան վայրում, ոչ միայն պարզապես հարգանքի տուրք մատուցելու անցյալին, այլև վերակենդանացնելու այն ուխտը, որը 105 տարի առաջ տվեցին մեր նախորդ ռազմիկները: Սա միայն այցելություն չէ, սա այդ սրբազան ուխտի շարունակությունն է: Երբ նայում ենք Նժդեհի տապանաքարին, պետք է զգանք, որ մենք դեռ շատ գործ ունենք անելու, որ մենք շատ կարևոր առաքելություն ունենք իրականացնելու:
Մեր թշնամիները փորձում են ջնջել ու ոչնչացնել այն, ինչ ստեղծել են Նժդեհը ու նրա նմանները, իսկ մենք պետք է ցույց տանք ոսոխին, որ այդ բոլոր փորձերը դատապարտված են ձախողման, քանի որ Նժդեհի ոգին չի մահացել: Նժդեհի ոգին վերածնվում է յուրաքանչյուր իրական հայի մեջ, ով զգում է պարտականության կանչը հայրենիքի հանդեպ: Այս նոր դարում մենք նրա շունչը բերող ավետիսներն ենք՝ նրա քայլերի ու գործերի արձագանքը մեր լեռնաշխարհում։
Մեր թշնամիները բոլորից շատ մեր տեսակից են վախենում՝ այն հայի տեսակից, որը չի ընդունում պարտվողականությունը և չի հաշտվում այս ստոր վիճակի հետ: Վախենում են, որովհետև այդ տեսակը կպայքարի մինչև վերջ և երբեք չի հանձնվի: Մեզ վարկաբեկում են ու ամեն տեսակ մեղադրանք մեր հասցեին հնչեցնում, ինչ է թե կրում ենք Նժդեհի գաղափարները: Մեր պատասխանը նրանց մեկն է՝ մենք հայ ազգի քաղաքական զինվորներն ենք, և Գարեգին Նժդեհը մեր ուղեցույցն է. ով սրա հետ խնդիր ունի, թող կորչի գրողի ծոցը:

Այս պահին մեր հայրենակիցների մեծ մասը մեզ չի հասկանում, քանի դեռ ապրում է խաղաղության սին հույսերով՝ քնած է մի խորը թմբիրի մեջ: Այնուամենայնիվ՝ կհասկանան, երբ գա սթափեցնող փոթորիկը, որի ժամանակ մենք կկանչվենք ճակատագրի կողմից: Մենք՝ նոր սերնդի ցեղակրոններս, կանգնած ենք որպես հեղափոխականներ մի աշխարհում, որը մեզ փորձության է ենթարկելու ամեն քայլափոխի։ Բայց յուրաքանչյուր փորձություն հաղթահարելով՝ մենք դուրս ենք գալու ավելի կոփված, ավելի նպատակադրված և ավելի վճռական։ Մեր կամքը ավելի ամուր կդառնա, իսկ հավատը՝ ավելի անսասան։ Նժդեհն ասել է. «Չկա անկարելին, երբ կա զորեղ և վճռական կամքը, ոգին»։ Սա մեզ համար ընդամենը ասացվածք չէ, այլ գիտական փաստ է: Մենք այս խոսքերը ոչ միայն սրտանց ընդունում ենք, այլև մեր պայքարով այն դնելու ենք փորձության տակ: 
Մենք չենք կարող շարժվել ըստ այն բանի, թե որ կողմն է քամին փչում։ Մենք պետք է հավատարիմ մնանք մեր գաղափարին, մեր տեսլականին, մեր նպատակին։ Մեր քայլերն ու գործերը պետք է որոշվեն ոչ թե ժամանակի համակրանքով կամ հակակրանքով, այլ՝ ճշմարտությանը ծառայելու մեր պարտավորությամբ։
Մեկ դար անց, Սյունյաց աշխարհը մեզ նորից է կանչում և մենք պարտավոր ենք արձագանքել այդ կանչին: Մենք չենք կարող թույլ տալ, որ Արցախում տեղի ունեցածը կրկնվի Սյունիքում։ Մենք չենք կարող ականատես լինել մեր անկախության վախճանին: Մեր թշնամիները կարծում են՝ ամեն ինչ Սյունիքով կավարտվի։ Իսկ մենք վստահաբար պնդում ենք՝ Սյունիքից է սկսվելու հայկական վրեժխնդրությունը։ Սյունիքից է սկսվելու հայ ազգի զարթոնքը։ Սյունիքից է սկսվելու հայկական նոր վերածնունդը։
Այն, ինչ Նժդեհն երազել է մենք պատասխանատվություն ունենք կյանքի կոչել, և վստահ ենք, որ կարող ենք դա անել, քանի որ մեր երակներում դեռ հոսում է Հայկ Նահապետի, Տիգրան Մեծի, Աշոտ Երկաթի և այո՝ նաև Նժդեհի արյունը: Մենք հազարամյակներ չենք ապրել ու պայքարել բռնապետությունների և մարդկության թշնամիների դեմ, որպեսզի այսօր առանց պայքարի ստրկանանք: Եթե անցյալում եղել ենք հզոր պետություն, նշանակում է մեր գենի մեջ կրկին այդպիսին դառնալու ներուժը ունենք, ուղղակի մեզ մնում է այդ ներքին ուժի հետ կապ հաստատել։
Ուստի՝ այս պայքարը միայն քաղաքական և ռազմական պայքար չէ, սա ավելի շատ՝ հոգևոր պատերազմ է: Հետևաբար, մենք պետք է հոգեպես պատրաստ լինենք ամեն մարտահրավերի՝ վստահ լինելով, որ վերջում ճշմարտությունը կհաղթի ստին, և լույսը՝ խավարին:
Հոգեպես պատրաստվելու համար առանցքային նշանակություն ունի Դավիթբեկյան ուխտը, որը, իմ համոզմամբ, արժե թարմացնել այս նոր դարաշրջանի համար։ Նժդեհն ասում էր. «Հանուն հայրենիքի՝ Դավիթբեկաբար», իսկ մենք շարունակում ենք այդ ավանդույթը՝ կոչ անելով. «Հանուն պետականության՝ Նժդեհաբար»։ 
Նժդեհի արտառոց օրինակը մեր մտքում է, Նժդեհի փառահեղ հիշատակը մեր սրտում է և Նժդեհի բոցավառ ոգին մեզ հետ է:
Հա՛յ ազգ, ոտքի՛։ Ժամանակը եկել է տեր կանգնելու քո ճակատագրին, ժամանակը եկել է կերտելու նոր պատմություն: 
Կեցցե՛ մեր սրբազան պայքարը 
Կեցցե՛ մեր հայոց աշխարհը
Մի՛շտ Հայ 

- Հայկ Նազարյան
     25 Օգոստոսի 2025թ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։