ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Հայկ Նազարյան - Ճառ #9 - Ժողովում - անգլերեն ենթագրերով (21-06-2025)

03:00:00 21.06.2025

Հայկ Նազարյան - Ճառ #9 - Ժողովում - անգլերեն ենթագրերով (21-06-2025)

Ճառ #9 
Ժողովում

Նախորդ ժողովում ես հակիրճ խոսեցի, թե ինչպես էին մեր թշնամիները մեր անկախ պետականության դեմ պատերազմ սկսել 1920-ականների սկզբին: Խոսեցի նաև այդ պատերազմից առաջ և դրան հաջորդող դեպքերի մասին: Նշեցի, որ այս իրադարձությունները չափազանց կարևոր է լավ հասկանալ, որպեսզի լավ հասկանանք մեր ներկա ժամանակները, քանի որ շատ հետաքրքիր նմաննություններ ու զուգատիպություն ունեն մեր իրականության հետ: Խոսեցի, թե այն ժամանակվա բոլշևիկները ինչպես էին ներքին դավաճանություն կատարում ու ինչպես էին մեր թիկունքին հարվածում: Իսկ այսօր կուզեմ խոսել, թե ինչպես էր նմանատիպ երևույթ տեղի ունենում 2020թ.-ի պատերազմի ժամանակ:
Իհարկե, 2020թ.-ի 44-օրյա դավադիր պատերազմի մասին իրականում քիչ բան գիտենք, քանի որ պատերազմից արդեն հինգ տարի անց պետական մակարդակով դեռ ոչ մի գիտական ու պատմական վերլուծություն չի եղել, որպեսզի պարզվի, թե իրականում ինչ տեղի ունեցավ այդ քաոսային օրերին: Սա, իմ կարծիքով, դիտմամբ է արվում, որպեսզի հայ հասարակությունը չիմանա, թե ինչպիսի և ինչ աստիճանի դավաճանություններ են տեղի ունեցել պատերազմի ընթացքում՝ թե՛ իշխանության, թե՛ գեներալիտետի, և թե՛ այսպես ասած քաղաքական «ընդդիմության» կողմից:
Սակայն, պետք չէ պատմաբան լինել կամ նույնիսկ շատ խորանալ, հասկանալու համար, որ այդ պատերազմում ներսից մեծ դավաճանություն է տեղի ունեցել այս երեք տարբեր ֆրակցիաների կողմից, քանի որ նրանք ունեին նույն նպատակը՝ ամեն ինչ անել, որ Հայաստանը պարտվի: Եվ հենց այդպես էլ կա, մենք կարծես թե մտանք այդ պատերազմի մեջ ոչ թե հաղթելու, այլ՝ միտումնավոր պարտվելու: Մենք ընդամենը պետք է նայենք և մի քիչ վերլուծենք մակերեսի վրա կատարված տարբեր հրապարակումներն ու արտահայտությունները համոզվելու համար, որ այդ դավաճանությունը լիովին իրական է, և ոչ թե` մեր երևակայության դրսևորումը: 
Շատերն են խոսել իշխանության դավաճանության մասին, թե ինչո՞ւ օրինակ` Արցախը պատերազմի ժամանակ չճանաչեց ու չմիացրեց Հայաստանին, ինչո՞ւ չմոբիլիզացրեց Հայաստանի զինված ուժերը և նման այլ կարևոր հարցեր: Շատերն էլ նաև գիտեն գեներալիտետի դավաճանության մասին, թե ինչպես բանակը բարդակի ու անտերության վերածեցին՝ խառնաշփոթ ու հուսահատություն տարածելով: Երբ պատերազմից վերադարձա ինձ համար ակնհայտ էր այս ամենը, բայց հետո նաև հասկացա, հատկապես 2021թ.-ի խայտառակ ընտրություններից հետո, որ մեր քաղաքական դաշտի այսպես կոչված «ընդդիմությունը» նույնքան դավաճանություն էր գործել, որքան մեր ղեկավարությունն ու գեներալիտետը: Բոլորը միասին մեր բանակի մեջքին դանակ խրեցին, քանի որ բոլորը, ըստ էության, նեոբոլշևիկներ են, ովքեր ծառայում են Կրեմլի նույն հակահայկական շահերին:
Բնականաբար չեմ կարող այս հարթակում ու այս պահին խորանալ մանրամասնությունների մեջ, բայց վստահ եմ, երբ ապագայում ճիշտ վերլուծություն կատարվի, մենք կարող ենք մի քանի հատոր գիրք գրել, թե ինչպիսի դավադրություններ են տեղի ունեցել այդ օրերին: Նման վերլուծություն անելուց հետո, ես համոզված եմ` մենք կգանք այն եզրահանգմանը, որ 44-օրյա պատերազմը ժամանակակից պատմության ամենադավադրական պատերազմն է եղել: Ես կցանկանամ ուղղակի նշել մի քանի կարևոր փաստեր, որպեսզի ապացուցեմ, որ «ընդդիմությունը» այնքան դավաճանեց Արցախին ու մեր բանակին, որքան մեր ղեկավարությունն ու գեներալիտետը: Սա չափազանց կարևոր է, որպեսզի մենք պատռենք այն պատրանքը, որ «ընդդիմությունը» իսկապես պայքարում է իշխանության դեմ: 
Նախ սկսենք նրանից, որ մինչև հիմա ներկայիս կեղծ ընդդիմությունը տարածում է, որ Հայաստանի կառավարությունն էր մեղավոր 2020թ.-ին պատերազմը սկսելու համար, քանի որ իրենց ասածով՝ «կարելի էր խուսափել պատերազմից»: Նրանց խոսքով պատերազմը սկսվեց, որովհետև մեր կառավարությունը սխալ դիվանագիտություն վարեց: Նրանք այնպես վստահ են ասում, կարծես թե գուշակ լինեն կամ ունեն ինչ-որ կախարդական փայտիկ, որով կարող են վարել այս իրականությունից դուրս մի դիվանագիտություն: Պատերազմը անկանխատեսելի է, և որքան էլ ուզենանք ճիշտ ու հմուտ դիվանագիտություն վարել դա շատ բան չի փոխի, երբ քո թշնամի, ագրեսոր հարևանը մինչև իր ատամները զինվում է և նպատակադրված է ուժով լուծել իր բոլոր խնդիրները:
Հետևաբար, կարող ենք եզրակացնել, որ ընդդիմության այս մեղադրանքը պարզապես դավաճանական արտահայտություն է Հայաստանի պետականության դեմ, որովհետև որքան էլ ներկայիս ապազգային ու ազգադավ իշխանությանը դեմ լինես, նման բան ասելով` մարդ վնաս է հասցնում հայոց պետականությանը և ոչ` Փաշինյանին ու նրա ապիկար խմբակին: Խելագարություն է, որ Փաշինյանը ոչ միայն ընդունում է ընդդիմության մեղադրանքը, այլև ավելի խելագար բան է ասում, որ մենք 1988թ.-ից ենք մեղավոր, քանի որ այդ ժամանակ բարձրացրել էինք Արցախյան հարցը: Այսինքն` կեղծ ընդդիմությունը մի դավաճանական բան է ասում, և ներկայիս վարչապետի աթոռ զբաղեցնողը փոխանակ դա հերքի, ասում է մի ավելի մեծ դավաճանական բան՝ ավելի շատ հիմնավորելով կեղծ ընդդիմադիրների ասածները: 
Այդ մեղադրանքը նաև անհեթեթություն է, որովհետև պատերազմից հնարավոր չէր խուսափել այն պարզ պատճառով, որ 1994թ.-ի մայիսի 12-ին մեր ռազմական հաղթանակը, որը դավադրաբար չնշեցինք որպես տոն, քաղաքականապես չամրագրեցինք թղթի վրա՝ Բաքվին պարտադրելով ճանաչել Արցախը որպես Հայաստանի անբաժանելի մաս: Այդ իսկ պատճառով նոր պատերազմի բռնկումը անխուսափելի էր, վաղ թե ուշ լինելու էր, որքան էլ մենք փորձեինք խուսափել դրանից, որովհետև 90-ականներին մեր ազատամարտիկների կատարած փայլուն գործը կիսատ թողեցինք: Որևէ քաղաքական գործիչ, դա լինի Պողոս Պողոսյանը, թե Պետրոս Պետրոսյանը, ով հակառակը կպնդի` պարզապես խաբեբա, պատեհապաշտ սրիկա է: 
Մյուս զավեշտալի բանն այն է, որ ներկայիս կառավարությանը ոչ միայն մեղադրում են պատերազմը սկսելու համար, այլև՝ սկսելուց հետո պատերազմը ավելի շուտ չդադարեցնելու: Իհարկե, մենք գիտենք, որ, երբ խոսում են «պատերազմը դադարեցնելու» մասին, իրականում նկատի ունեն հանձնվելու մասին: Ինչպես ասել եմ նախկինում, հարյուր տարի առաջ բոլշևիկները ավելի պարզ էին խոսում ու ավելի բացահայտ էին ներկայացնում իրենց ծրագրերը: Իսկ մեր օրերի նեոբոլշևիկները ավելի թաքուն են գործում, ներկայանում են ազգային մորթիով և օգտագործում են ծածկագիր բառեր: Մի խոսքով` ավելի խորամանկ ու նենգ են, քան իրենց դավաճան բոլշևիկ պապերը: Նրանք զայրացած են, թե ինչու պատերազմի առաջին շաբաթում մենք չհանձնվեցինք ու չենթարկվեցինք Մոսկվայի պահանջներին, փոխանակ զայրանան Արցախը կորցնելու համար: Լավագույն դեպքում նրանց համար Արցախի միայն մի քանի շրջանն էր կարևոր, և իրականում թքած ունեին մյուս կարևոր շրջանների վրա: Պատերազմի առաջին շաբաթում փոխանակ խոսեին կռվելու ու թշնամու հրոսակախմբերը ջախջախելու մասին, խոսում էին սպիտակ դրոշը հանելու մասին: Եթե սա դավաճանություն չէ, ապա չգիտեմ` ինչ է դավաճանությունը: 
Եթե մեր ընդդիմությունը իրապես ազգային լիներ ու մտածեր մեր պետականության շահերի մասին, ապա Ադրբեջանին կմեղադրեր պատերազմը սկսելու համար, անկախ նրանից, թե որքան ատեր Փաշինյանին: Նրան կմեղադրեր ոչ թե ավելի շուտ չհանձնվելու համար, այլ՝ առհասարակ հանձնվելու և մեր բանակը խայտառակ պարտության տանելու: Այսինքն՝ պատերազմի համար մեղավոր է Բաքվի բռնապետը, իսկ խայտառակ պարտության համար մեղավոր են Փաշինյանը, նրա հետ համագործակցող քաղաքական գործիչները, գեներալիտետը և կեղծ ընդդիմությունը: Ես նրանց բոլորին անվանում եմ՝ «Նոյեմբերյան հանցագործներ»:
Ներկայիս կեղծ ընդդիմությունը, որը հինգերորդ շարասյան մասն է կազմում, իհարկե, նման բաներ չի ասում, որովհետև նրանք իշխանության հետ միասին ընդամենը տարածում են ռուս-թուրք-սիոնիստական տանդեմի քարոզչությունը, որպեսզի կարողանան պարտված կողմի՝ Հայաստանի բնակչության մեջ ներարկել մեղքի զգացում ու պարտվողական հոգեբանություն: Դա անում են, որովհետև նման պարտվողական հոգեբանություն ունեցող ու մեղքի զգացումներով լի ժողովուրդը ավելի կառավարելի է լինում ու ստրկամիտ դառնում: Այդպիսի քարոզչությունը այնքան լավ են տարածում, որ շատ բնական է թվում, քանի որ հասարակ քաղաքացիների մի զգալի մասը նույնիսկ կկարծի, որ նման կեղծ թեզեր տարածելը հայրենասիրության դրսևորում է: 
Ընդդիմադիրները պատերազմից խոսելու ժամանակ հաճախ են 44-օրյա դավադիր պատերազմը ներկայացնում որպես «աղետ», «արհավիրք» կամ «դժբախտություն», բայց հանուն Արցախի, հանուն մեր անկախության մղվող պատերազմը նման բառերով բնութագրելը կոպիտ սխալ է և անթույլատրելի: Աղետ, արհավիրք և դժբախություն են ջարդերը, երկրաշարժները, ցեղասպանությունները և նման այլ դեպքերը, որտեղ անպաշտպան կամ անզեն ժողովուրդը կոտորվում կամ սպանդի է ենթարկվում թշնամիների կամ բնության ուժերի կողմից: Գիտակցված ու զինված պայքարը թշամու դեմ երբեք չի կարող լինել աղետ, անկախ նրանից, թե որքան մեծ պարտություն ես կրում: Նրանք այդ պատերազմը աղետ են համարում, բայց միաժամանակ «հայրենական մեծ պատերազմ» են անվանում Երկրորդ աշխարհամարտը, որտեղ հանուն Սովետի, կապիտալիզմի ու միջազգային սիոնիստական շահերի հարյուր հազարավոր հայեր ստիպողաբար ուղարկվեցին Եվրոպա սպանդի, որի ընթացքում զոհվեցին առավել քան քսան անգամ ավելի շատ հայեր, քան այս մեր վերջին պատերազմում: Սա պարզապես ցույց է տալիս իրենց երկերեսանիությունը և ապազգային մտածելակերպը: 
Սակայն, այս անմեղսունակ իշխանությունը և անամոթ ընդդիմությունը լիովին համաձայն են այն անհեթեթ գաղափարին, որ մենք իբրև կարող ենք պարտության հիման վրա և հանձնվելու դրոշով ամրապնդել մեր անկախությունը և խաղաղություն բերել մեր Հայրենիքին: Կարծում են, որ այդ խաղաղությունը միայն Հայաստանից է կախված, որ, եթե մենք իսկապես ուզենք խաղաղություն ու «ճիշտ դիվանագիտություն» վարել, ապա կլինի խաղաղություն: Բայց միաժամանակ ասում են, որ մենք շատ փոքր ու թույլ երկիր ենք ու շատ բան չենք կարող ինքնուրույն անել: Մի կողմից մեզ վախեցնում են, որ, եթե մենք չշարունակենք հանձնվելու քաղաքականությունը, ապա պատերազմ կլինի, մյուս կողմից էլ կեղծ հույսեր են տալիս, որ, եթե շարունակենք թուրքերին ու ռուսներին հնազանդվել, ապա խաղաղություն կտիրի: Մի կողմից խոսում են անկախության մասին, մյուս կողմից էլ ծիծաղում են հաղթանակ բառի վրա: Այսպիսի հակասական ու խելագար գաղափարներով նեոբոլշևիկ նոյեմբերյան հանցագործները շարունակում են թունավորել մեր հայրենակիցների մտքերն ու հոգիները:  
Այս ամենը մեզ պարզ ցույց է տալիս, որ ներկայիս կառավարությունը, խորհրդարանական ընդդիմությունը և արտախորհրդարանական ընդդիմության ճնշող մեծամասնությունը գիտակցաբար կամ անգիտակցաբար քարոզում են նույն հակապետական գաղափարախոսությունը և առաջ են տանում մեր անկախության դեմ նեոբոլշևիկյան օրակարգը: Նրանք իրենց հրահանգները ստանում են նույն Կրեմլից, ինչպես իրենցից 100 տարի առաջ ստանում էին այն հայրենադավ հայերը, ովքեր գրկաբաց ընդունում էին հանցագործ ու ազգավեր Կարմիր բանակին: 
Սա պետք է լավ գիտակցենք, որպեսզի իմանանք, որ մենք կարող ենք վստահել միայն այն քաղաքական շարժմանը, որը ոչ միայն ներկայիս ապազգային իշխանության դեմ է պայքարում, այլև` այն ամբողջ հակահայ համակարգի, որը թքած ունի Հայաստանի հաղթանակի ու անկախ պետականության վրա: Պարսավանքի են արժանի այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք ճշմարտությունը խոսելու փոխարեն ամբոխահաճ արտահայտություններ են անում և կեղծ խոստումներ տալիս: Կարող ենք վստահել ու հավատալ այն քաղաքական շարժմանը, որը ճշմարտությունն է խոսում այս կարևորագույն հարցերում, անկախ նրանից, թե որքան դառը լինեն այդ ճշմարտության խոսքերը: Համախմբվելուց, ուժեղանալուց և պայքարելուց բացի` խաղաղության այլ ճանապարհ չկա այս անգութ աշխարհում: 
Ով պայքարում է Հայաստանի անկախության դեմ՝ մեր թշնամին է, ով պայքարում է Հայաստանի անկախությունը ամրապնդելու համար՝ մեր բարեկամն է. ահա՛ սա է մեր քաղաքական պայքարի բանաձևը: Սա է մեր գաղափարական կողմնացույցը: 
Եթե ուզում ենք պահպանել մեր անկախությունը, եթե ուզում ենք հզորացնել մեր պետականությունը և, եթե ուզում ենք խաղաղ ու բարգավաճ ապրել, ապա պետք է հիշել միմիայն երեք բառ՝ պայքար, զոհաբերություն և հաղթանակ: 

- Հայկ Նազարյան
21 Հունիսի 2025թ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։