Հայկ Նազարյան - Ճառ Դրոյի շիրիմի մոտ - անգլերեն ենթագրեորվ (31-05-2025)
03:00:00 31.05.2025
Ճառ #8
Դրոյի շիրիմի մոտ
Անցյալ տարի այս օրերին մենք գնացել էինք Սարդարապատ մեր հարգանքի տուրքը մատուցելու համար այն բոլոր զոհված ու նահատակված հերոսների հիշատակին, ովքեր 107 տարի առաջ` Մայիսյան հերոսամարտերի ժամանակ, կենաց մահու կռիվ էին մղում մեր ոխերիմ թշնամիների դեմ: Նրանց սխրանքների ու անթիվ զոհաբերությունների շնորհիվ՝ մենք հաղթանակներ տարանք և կերտեցինք մեր առաջին հանրապետությունը՝ վերականգնելով 500 տարվա կորցրած մեր պետականությունը: Իսկ այս տարի որոշեցինք այստեղ՝ Ապարանում, այցելել Դրաստամատ Կանայանի շիրիմին, ով հայտնի է որպես «Դրո» մականունով: Որոշեցինք այսօր՝ Դրոյի երկնային ծննդյան 141 ամյակի կապակցությամբ գալ այստեղ, հարգանքի տուրք մատուցել ոչ միայն նրա համար, որ Դրոն մեր ազգի յուրահատուկ հերոս էր այս ժամանակակից աշխարհում, այլև նրա համար, որ նա հենց մեր Առաջին հանրապետության հիմնադրողներից ու կերտողներից մեկն էր:
Դրոն այն զորավարներից էր, ով ծանրագույն պահին առանց վարանելու` հերոսաբար կռվեց, երբ հայ ազգի գոյությունը թելից էր կախված: Նրա վճռականությունը, քաջությունը և հանճարեղ առաջնորդությունը եղան այն ուժը, որը կարողացավ սանձազերծել թշնամու գրոհը մեր հայրենիքի վրա: Նման քայլերով նա, ըստ էության, ոչ միայն իր անունը ոսկե տառերով դաջեց մեր ազգի պատմության էջերում, այլև դարձավ անկախության գաղափարի մարմնավորումը և անկախության խորհրդանիշներից մեկը:
Սարդարապատը, Բաշ-Ապարանը և Ղարաքիլիսան ոչ միայն մարտական հաղթանակներ էին, այլև հոգևոր զարթոնք՝ մի ամբողջ ազգի համար, որն դարեր ի վեր անցել է ամեն տեսակ արհավիրքների միջով: Այդ հերոսամարտերը ցույց տվեցին, որ նույնիսկ ցեղասպանության աղետից հետո, նույնիսկ կոտորված և քայքայված վիճակում, հայ ազգը չի պարտվում, չի դավաճանում իր նախնիների զոհաբերություններին, այլ ապացուցում է աշխարհին, որ դեռ ապրելու, պայքարելու և հաղթելու ներուժ ունի: Ցույց տվեցինք աշխարհին, որ հայ ազգը ոչ միայն ստեղծագործող ու մշակութային ազգ է, այլև՝ ռազմաքաղաքական գործոն, ով կարող է ուժով իր անկախությունը կերտել և իր սեփական ուժերով երաշխավորել իր անվտանգությունը:
Սակայն, անկախ այս հաղթանակներից, դեռ մի շատ վտանգավոր ու կործանարար գաղափար է շարունակում շրջանառվել մեր երկրում, հատկապես՝ 44-օրյա դավադիր պատերազմից հետո: Դա այն գաղափարն է, որ մենք՝ հայերս, իբր ավելի անվտանգ ու խաղաղ կարող ենք ապրել առանց անկախության, եթե մենք մեր ինքնիշխանությունն ու պետականությանը զիջենք ինչ-որ մի գերտերության: Սա ոչ միայն թշնամական ու հակահայկական քարոզչություն է, այլև տրամագծորեն հակասում է ճշմարտությանը, քանի որ պատմությունը մեզ բազմիցս ցույց է տվել, որ անկախությունը անվտանգության ու խաղաղության հոմանիշն է:
Երբ մենք չենք ունեցել անկախություն և ստիպված ենք եղել կռվել ինչ-որ կայսրության համար, անհամեմատ ավելի շատ զոհեր ենք տվել, քան, երբ կռվել ենք մեր անկախության համար: Սրա վառ օրինակը հենց Երկրորդ աշխարհամարտն է, որտեղ հարյուր հազարավոր մեր հայրենակիցները իրենց հայրենիքի սահմաններից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա գնացին, զոհվեցին՝ կռվելով մի կայսրության շահերի համար, որոնք ամենևին չէին համընկնում մեր ազգի շահերի հետ: Սա մեզ պարզ ցույց տվեց, որ, եթե մենք պատրաստ չենք մեր անկախության համար զոհեր տալ, ապա պետք է պատրաստ լինենք տասնապատիկ զոհեր տալ օտար կայսրությունների համար: Նա, ով իր անկախությունը զիջում է անվտանգության ու խաղաղության համար, չի ունենա ո՛չ անկախություն, ո՛չ անվտանգություն, և ո՛չ էլ հաստատ խաղաղություն: Հետևաբար, եկեք արհամարհե՛նք անհայրենիք նեոբոլշևիկներին ու նրանց բարբաջանքները, որոնք պարզապես թքած ունեն մեր անկախության վրա: Եկեք վերջնականապես գիտակցենք, որ իսկական հայրենասերը, իսկական ազգայնականը, ով իսկապես մտածում է իր ազգի զարգացման և հայրենիքի բարգավաճման մասին, նա է, ով ամեն գնով պատրաստ է պայքարել իր երկրի անկախության համար:
Այսօր՝ Մայիսյան հերոսամարտերից 107 տարի անց, մենք՝ Դրոյի ոգին կրող նոր սերունդը, պետք է արժանի լինենք այդ մեծ հաղթանակներին: Մենք իրավունք չունենք հուսալքվելու, նահանջելու և կասկածելու մեր ուժերին: Եթե նրանք կարողացան կռվել անմարդկային պայմաններում և կերտել հաղթանակ, ապա մենք էլ պարտավոր ենք, մեր դարաշրջանի մարտահրավերների առաջ՝մնալ ամուր, միաբան և վճռական:
Դրաստամատ Կանայանը, մի մարդ, որի անունը վախ էր սփռում թշնամու սրտում, մեզ սովորեցրեց, որ հայրենիքին ծառայելը անձնական ու կուսակցական շահից վեր է: Նրա օրինակն այսօր մեզ ասում է՝ մի՛ հանձնվեք, մի՛ դավաճանեք ձեր ինքնությանը, մի՛ կորչեք պարտվողականության մեջ: Դրոն իր անձի մեջ համադրել էր զինվորի խիզախությունն ու մտավորականի խորագիտությունը. նա գիտեր, որ միայն զենքով չէ, որ հաղթում են, այլ նաև՝ երկաթե կամքով, ամուր ոգով, անսասան հավատով, և ճշմարիտ նպատակի զորությամբ: Մենք պետք է շարունակենք նրա գործը. ամրապնդենք մեր բանակը, հզորացնենք մեր պետությունը՝ երաշխավորելով մեր ազգի զարգացումը այս անբարեհույս աշխարհում:
Այսօր, այս սուրբ հողի վրա, ես հավատքով ուզում եմ ասել՝
Մայիսյան հերոսամարտերում նահատակվածների սերունդը վեր է հառնում, և ցույց ենք տալու բոլորին, որ մենք արժանի ենք լինել նրանց ժառանգները և շարունակել անկախության համար նրանց պայքարը մինչև հաղթանակ:
Փա՛ռք Դրոյի հիշատակին:
Փա՛ռք մեր հերոսներին:
Փա՛ռք Հայ ազգի մարտական ու հերոսական ոգուն:
Փա՛ռք անկախ, միացյալ և հզոր Հայքին, որն վաղն ենք կերտելու:
- Հայկ Նազարյան
31 Մայիսի 2025թ