03:00:00 15.08.2025
URL: https://www.hosank.net/storage/gallery/1767628271.jpg
Երբ մեկի հետ նոր եմ ծանոթանում, և ինձ հարցնում են՝ ինչո՞վ եմ զբաղվում, պատասխանում եմ՝ քաղաքականությամբ: Այնուհետև՝ ինձ սովորաբար հարցնում են, թե ո՞ր կողմն եմ և ու՞մ եմ դեմ, և ես միշտ պատասխանում եմ՝ «հայկական կողմն եմ և այս ամբողջ հակահայկական համակարգի դեմ», քանի որ սա է միակ ճիշտ պատասխանը հայ ազգայնական քաղաքական գործչի համար: Միայն ներկայիս ազգադավ իշխանության դեմ լինելը ամենևին բավական չէ, որովհետև խորհրդարանական ընդդիմության և արտախորհրդարանական ընդդիմության ճնշող մեծամասնությունը էապես չեն տարբերվում նրանցից: Սա այն դառը իրականությունն է, որը շատ հայեր չեն ուզում ընդունել: Մարդիկ դեռ սին հույսեր ունեն այս ապիկար նեոբոլշևիկյան համակարգի այսպես կոչված «Երրորդ Հանրապետության» հետ՝ չգիտակցելով, որ այն ընդամենը հետսովետական կիսանկախ պետություն է, որովհետև ամենասկզբից սխալ հիմքերի վրա է կառուցվել: Շատերը, հատկապես տարեցների ճնշող մեծամասնությունը, չափից շատ հուսահատ ու ցինիկ են դարձել, դրա համար երբեք չեն կարող նոր մի բան ընդունել, երբեք չեն կարող իրենց քթից հեռու տեսնել և ծառի հետևում անտառը դիտարկել։ Ավելի լավ է կառչած մնան ներսից նեխած ու խորտակվող նավից, քան ցատկեն նոր, բայց ճիշտ ուղով գնացող նավի մեջ: Իրական, անկախ, հայ ազգային քաղաքական գործիչը այլ ճար ու ճանապարհ չունի, բացի՝ այլախոհ լինել այս ողջ ապազգային քաղաքական համակարգի նկատմամբ: Առանց որևէ կասկածի վստահ եմ, որ այս համակարգը դատապարտված է ինքնակործանման, և այդ է պատճառը, որ մենք շատ էներգիա չպետք է ծախսենք այս՝ ստերի վրա կառուցված համակարգի դեմ պայքարելու համար, քանի որ դա նման կլինի հարձակվելուն խարխուլ շենքի վրա, որը մի քանի օրից ինքն իրեն կքանդվի: Դրա փոխարեն մենք, մեր էներգիան ու նյարդերը խնայելով, հետևողականորեն ու հաստատակամորեն պետք է փորձենք ստեղծել մի քաղաքական ուժ, որպեսզի կարողանանք ինքնակործանման գնացած հին համակարգի մոխիրների վրա կառուցել լիովին նոր մի պետություն, որը կլինի ապագա անկախ, միացյալ ու հզոր Հայաստանի հենարանը: Սոկրատեսը հենց սա նկատի ուներ, երբ ասում էր՝ «Փոփոխության գաղտնիքն այն է, որ քո ամբողջ ուժը կենտրոնացնես ոչ թե հնի դեմ պայքարելու, այլ նորը կառուցելու վրա»: Նման ռազմավարություն մշակելու համար պետք է ունենալ անկոտրում կամք, հեռատեսություն և հաստատակամություն, բայց նման բաներից զուրկ է բնակչության մեծ մասը, դրա համար երբեք չեն հասկանա այս երկարատև մոտցումը: Նման մտքեր չեն հասկանում, դրա համար երբեք չեն կարող հասկանալ նման ճանապարհի միջով անցնող քաղաքական գործիչներին, բայց պատմությունը հաճախ ցույց է տվել, որ միայն այդ ճանապարհն է իրականում տվել երկարատև ու դրական արդյունք: Հետևաբար, մինչդեռ շատերը խառնվում են իրար և փորձում են անհամբեր երեխայի պես արագ «գործ անել», որպեսզի արագ մի արդյունք տեսնեն, ավելի ողջամիտ ու իմաստուն հայերը պարտավոր են անցնել ավելի խելամիտ, երկար, տաժանակիր, բայց նաև ամենապատվաբեր ճանապարհը, եթե իսկապես ուզում ենք փրկել մեր Հայրենիքը ու անկախ պետականությունը, այլ ոչ թե ընդամենը ինքնահաստատմամբ զբաղվել: Սա է արժանապատիվ ու ազգայնական հայի միակ ճշմարիտ քաղաքական ուղին: Եկեք միասին կառուցենք այն շարժումը, որն ապագայում կարող է դառնալ հայ ազգային պետության հենասյունը:
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։