03:00:00 21.09.2024
Մենք հաճախ ենք տեսնում, որ ազգային գաղափարներ կրող կամ ազգային մտածելակերպ ունեցող տղանները իրենց երկրների ներսում դիմում են շատ իմպուլսիվ ու անմիտ քայլերի, որը հաճախ այդ գործողությունները բացասական հակազդում են ունենում ու ոչ մի օգուտ չեն տալիս ազգային քաղաքական շարժում զարգացնելու և ազգային պետություն ստեղծելու նպատակին։ Այդպես է, որովհետև ազգայնականները, հատկապես Հայաստանում, սովորաբար տաքարյուն են լինում, որի արդյունքում դառնում են կարճատես ու անհամբեր։ Սա կարող ենք բացատրել շատ հեշտ. դարեր շարունակ ազգային պետություն չունենալու պատճառով, ազգային գաղափարներ կրող տղամարդիկ քաղաքականությամբ չեն զբաղվել և իրենց ազգայնականությունը ու հայրենասիրությունը գրեթե միշտ արտահայտել են կռվի դաշտում, որտեղ տաքարյուն լինելը (որպես հասարակ զինվոր, ոչ որպես հրամանատար) առավելություն է ու նույնիսկ անհրաժեշտություն շատ դեպքերի ժամանակ։
Սակայն քաղաքական ասպարեզում, քաղաքական պայքարի համար տաքարյուն լինելը մեզ ոչ միայն չի բերի երկարատև հաջողություններ, այլև, ինչպես արդեն նշվեց, հաճախ կտա բացասական ու նույնիսկ կործանարար հետևանքներ, քանի որ քաղաքականությունը տաքարյուն մարդկանց համար չէ։ Քաղաքական պայքարում երկարատև հաջողություններ արձանագրելու համար պարտադիր պետք է ստրատեգիկ, սառնասիրտ ու հետևողական լինենք, և ոչ անփույթ, տաքարյուն և իմպուլսիվ։
Այդպես լինելու համար նախ և առաջ պետք է խորապես հավատանք մեր գաղափարին, մեր տեսլականին և մեր պայքարը հաղթանակին հասցնելու առաքելությանը։ Մեր պայքարը հենց դրանով է տարբերվում բոլոր մյուսներից և այդ է պատճառը, որ մեր տաքարյուն հայրենակիցների մեծ մասը մեզ և մեր մոտեցումը դեռ լավ չի հասկանում, քանի որ այս վերջին հարյուր տարում առաջին անգամ են տեսնում, որ Հայաստանի քաղաքական կյանքում ծնվել ու զարգանում է իսկական ազգային քաղաքական շարժում։
Վստահ ենք, որ բոլոր նրանք, ովքեր հիմա մեզ դեռ չեն հասկանում, կհասկանան մոտ ապագայում։ Եկեք տաքարյունությունը թողնենք մարտի դաշտում մեր արտաքին թշնամիների դեմ պայքարելու համար, իսկ սառնասրտությունը՝ քաղաքական դաշտում բոլոր ապազգային ու հայադավ երևույթների դեմ պայքարելու համար։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ