12:10:00 04.01.2026
Ահա այսպիսի օրվելական բարբաջանքով դավաճան նեոբոլշևիկները մեր հայրենակիցներին հիպնոսացնում են ու ուղեղները լվանում։ Կարճ ասած՝ գերագույն խրտվիլակը ասում է, որ «լեգիտիմությունն» է մեր անվտանգության երաշխիքը, և բանակը չի կարող անվտանգության երաշխիք լինել, որովհետև կհայտնվի մեր բանակից ավելի հզոր բանակ, որը մեր բանակին կհաղթի և ուժով կվերցնի մեր հողը։ Նա ասում է՝ «ինչքան բանակի նշանակությունը հետ ա, էնքան երկիրը անվտանգ ա», ինչը պարզապես հակասում տրամաբանությանը ու պատմության փորձին։
Մեկը չեղա՞վ էդտեղ նրան հարցնի՝ բա որ մի ուժեղ բանակով պետություն հայտնվի ու թքած ունենալով մեր «լեգիտիմության» վրա (ինչպես հազար անգամ եղել է պատմության մեջ) ուժով ջախջախի մեր՝ վերջին երաշխիքը դարձած թույլ բանակին ու գրավի մեր հողերը։ Եթե հզոր բանակ ունենանք, բայց ոչ իր ասած «լեգիտիմությունը», գոնե հնարավորություն կունենանք դիմադրություն ցույց տալ ավելի հզոր բանակին և նույնիսկ հաղթել, իսկ եթե միայն ունենանք դատարկ «լեգիտիմություն»՝ առանց բանակի, պարզապես դատապարտված կլինենք ոչնչացման։ Այս մանկամիտը կամ իրոք հավատում է իր արտահայտած տհաս մտքերին, կամ ուղղակի ուզում է նենգաբար ավելի մոլորեցնել մեր՝ արդեն իսկ մոլորված ժողովրդին։
Մի՞թե այդքան բարդ է հասկանալ, որ լեգիտիմությունը օդից չի գալիս, այլ բխում է ուժից՝ հենց մեր զինված ուժերից։ «Լեգիտիմություն» առանց բանակի անվտանգության պատրանք է, որը երկար չի կարող շարունակվել և շուտով փլվելու է, երբ թշնամին նորից սկսի մեզ հետ իր սիրած լեզվով խոսել։ Այս «խաղաղության» կեղծ, նեոբոլշևիկյան օրակարգը ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ ազգին զինաթափելու և ծնկի բերելու դավադրություն, որը մեր պետության պարանոցին են ուզում խաբելով փաթաթել մեր թշնամիներն ու հայադավները։
Կգա ժամանակը, երբ կկերտվի իրական ազգային պետություն, որը մեր հայրենակիցներին կհանի այս հիպնոսի ազդեցությունից և կսովորեցնի այն պարզ ճշմարտությունը, որ առանց ուժ ցուցաբերելու և քո հողի ու լեգիտիմության համար պայքարելու դու իրականում ոչ միայն չես կարող, այլև իրավունք էլ չունես պետություն կամ նույնիսկ գոյություն ունենալ այս անգութ աշխարհում։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ