ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Բանակի «բարելավման» մասին...

03:32:00 20.01.2026

Բանակի «բարելավման» մասին...

Բանակի «բարելավման» մասին

Վերջին տարիներին հաճախ է կրկնվում այն միտքը, թե իբր 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանը «զգալիորեն ավելացրել է պաշտպանության բյուջեն»։ Սակայն եթե դուրս գանք մակերեսային թվերից և փորձենք հասկանալ, թե իրականում ինչ է փոխվել, պարզ է դառնում, որ այս պնդումը մեծ մասամբ վիճակագրական և քաղաքական մանիպուլյացիա է կառավարության կողմից, որպեսզի հանրության կողմից աջակցություն ստանա։

Նախ պետք է հիշել, որ մինչև 2020 թվականը հայկական կողմի ռազմական ծախսերը ամբողջությամբ չէին արտացոլվում Հայաստանի պետական բյուջեում։ Արցախն ուներ սեփական բյուջե և զինված ուժեր, իսկ Հայաստանի աջակցությունը հաճախ եղել է անուղղակի, ոչ ամբողջությամբ թափանցիկ կամ պաշտոնական վիճակագրության մեջ չներառված։ Իրականում հայկական կողմի ռազմական բեռը բաժանված էր Հայաստանի և Արցախի միջև, բայց հանրությանը ներկայացվում էին միայն Հայաստանի թվերը։ Պատերազմից հետո այդ զուգահեռ համակարգը վերացավ։ Արցախի առանձին ռազմական բյուջե այլևս չկա, և բոլոր ռազմական ու պաշտպանական ծախսերը կենտրոնացված են Հայաստանի հաշվեկշռում։ Սա ինքնաբերաբար ստեղծում է թվացյալ աճի տպավորություն, նույնիսկ եթե իրականում ընդհանուր ռազմական ծախսերը չեն ավելացել։

Բացի այդ, պարտադիր է հաշվի առնել գնաճի գործոնը։ 2020 թվականից հետո Հայաստանը, ինչպես ամբողջ աշխարհը, բախվեց զգալի գնաճի։ Ռազմական ոլորտում դա հատկապես զգալի է, քանի որ զենքը, տեխնիկան, վառելիքը և զինամթերքը հիմնականում ներմուծվում են և թանկացել են ավելի արագ, քան ընդհանուր սպառողական գները։ Եթե պաշտպանության բյուջեն աճել է միայն անվանական թվերով, ապա իրական գնողունակությամբ այն կարող է պարզապես մնալ նույն մակարդակի վրա կամ նույնիսկ նվազել։

Նույնը վերաբերում է նաև պաշտպանության ծախսերի՝ ՀՆԱ-ի նկատմամբ բարձր տոկոսին։ Եթե տնտեսությունը կանգ է առնում կամ փոքրանում է, և պաշտպանության բյուջեն պարզապես պահպանում է իր մակարդակը, ապա այդ ծախսերը որպես ՀՆԱ-ի տոկոս ավտոմատ կերպով աճում են։ Սա չի նշանակում ավելի շատ զենք, ավելի լավ պատրաստվածություն կամ ավելի բարձր մարտունակություն․ դա պարզապես նշանակում է, որ երկիրը աղքատացել է ավելի արագ, քան բանակը ուժեղացել է։

Վերջապես, պետք է հասկանալ նաև, թե ինչ ուղղությամբ են գնում այդ ծախսերը։ Պատմականորեն պարտված պետությունները հաճախ ունենում են բարձր ռազմական բյուջեներ, բայց այդ գումարները ծախսվում են կորուստների փոխհատուցման, սոցիալական վճարների, վիրավորների, թոշակների և սահմանների պահպանման վրա։ Այս ամենը կարևոր է, բայց դա ռազմական զարգացման և երկարաժամկետ ուժեղացման մասին չէ։ Չմոռանանք նաև, որ Հայ-ադրբեջանական սահմանի շփման գիծը մեծացել է 44-օրյա դավադիր պատերազմից և Արցախի կորուստից հետո։

Այս ամենը հաշվի առնելով՝ լիովին հիմնավոր է ասել, որ «Հայաստանը ավելացրել է իր պաշտպանության բյուջեն» թեզը մեծ մասամբ միֆ է։ Եթե հաշվի առնենք գնաճը, Արցախի գործոնի վերացումը և իրական ռազմական կարողությունը, կարելի է եզրակացնել, որ պաշտպանության ծախսերը լավագույն դեպքում stagnation են ապրել, այն դեպքում, երբ Հայաստանի ռազմավարական դիրքը ակնհայտորեն վատթարացել է։

Ամեն դեպքում, պետք է շեշտենք, որ նույնիսկ եթե ներկայիս կառավարությունը իսկապես հզորացրած լիներ բանակը, դա շատ բան չէր փոխի, եթե շարունակում են նույն պարտվողական ու խաղաղություն մուրացող քաղաքականությունը վարել։ Ո՞ւմ է պետք հզոր բանակ, եթե շարունակում են ժողովրդի մեջ ներարկել ստրկամտություն ու հնազանդություն և քարոզել հանձվնելու գաղափարախոսություն: 2020թ-ի պատերազմից առաջ «նախկինների» թե «ներկաների» օրոք ասվում էր, որ մեր բանակը «ամենամարտունակն» էր մեր տարածաշրջանի, և հաճախ ցուցադրում էին տարբեր նոր զենքեր, բայց արի ու տես՝ այդ ամենը ոչ մի նշանակություն չունեցավ, քանի որ դավաճանությունն ու Արցախի դեմ դավադրությունը վաղուց էին կազմակերպված։ Այդ պատերազմում պարտվեցինք դավաճանության արդյունքում, քանի որ մեր հողերի մեծ մասը կորցրինք ստորագրություններից հետո, որի արդյունքում Ադրբեջանին ընկավ հազարավոր տարբեր տեսակի մեր զենքերից։ Այդ պատերազմը ցույց տվեց, որ հզոր բանակը, առանց ճիշտ քաղաքական նպատակի, մարտական ոգու վերականգնման, հաղթանակի կամքի ու ճիշտ քաղաքական առաջնորդության, իրականում ոչ մի արժեք չի ունենում։

Հետևաբար, մեր ռազմական խնդիրները լուծելուց առաջ հարկավոր է նախ լուծել մեր քաղաքական խնդիրները: Երբ լուծենք մեր քաղաքական խնդիրները՝ մեր ազգային քաղաքական շարժման միջոցով կերտելով իրական ազգային պետություն, կունենանք մարտունակ ու հաղթական բանակ կառուցելու կամք ու հստակ նպատակ, որոնց շնորհիվ ապագայում կկարողանանք վերականգնել անկախ, միացյալ ու հզոր Հայաստանը:  

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։