10:51:00 21.11.2025
Շատերը գիտեն այն չինացի ցուցարարի մասին, ով 1989 թ․ հունիսի 5-ին, Չինաստանի կառավարության բռնաճնշումների պատճառով, Պեկինի Թյանանմեն հրապարակում կանգնեց չինական տանկերի դիմաց՝ խոչընդոտելով նրանց առաջխաղացմանը։ Այս անհայտ խռովարարը ստացավ «Տանկ մարդ» մականունը, և մինչ այսօր նրա կերպարը օգտագործվում և հերոսացվում է։ Սակայն աշխարհը չգիտի մեկ ուրիշ «տանկ մարդու» դեպքի մասին, որը տեղի ունեցավ Թյանանմենի դեպքերից մոտ երկու տարի անց։ Աշխարհը դա չգիտի, որովհետև, ցավոք սրտի, տեսանյութ չի պահպանվել, բայց այնուամենայնիվ դա ավելի ազդեցիկ ու հերոսական պատմություն է։
1990-ականների սկզբին, երբ Խորհրդային Միությունը կործանման եզրին էր և ապրում էր իր վերջին ամիսները, ազատատենչ հայ ազգայնականները կարողացան ոտքի կանգնել և դրսևորել իրենց հերոսական ոգին՝ Երևանում ցույցեր կազմակերպելով, իսկ մարտի դաշտում՝ ջոկատներ կազմելով ու պատրաստելով։ Դրանցից մեկը հայ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանն էր (ով ընդամենը անհայտ ուսուցիչ էր այդ ժամանակ), ով, իմանալով, որ Արցախում մարտեր են սկսվել և վիճակը շարունակաբար վատթարանում է, 1990 թ․ սեպտեմբերին մեկնում է Գետաշեն, որն ամենաթեժ վայրերից մեկն էր ադրբեջանցիների սկսած պատերազմում։ 1991թ-ի մարտի ամսին, Մոսկվայի ուղիղ հրամանով, խորհրդային ներքին զորքերն ու ադրբեջանական OMON-ը սկսեցին «Օղակ» գործողությունը՝ Շահումյանի հայկական գյուղերը պարբերաբար գնդակոծելով։ Գետաշենը՝ Շահումյանի գլխավոր գյուղերից մեկը, համարվում էր վտանգավոր շրջան, քանի որ բազմաթիվ ադրբեջանական և խորհրդային ուժեր էին մոտեցել, որոնք թալանել, կողոպտել և կոտորել էին տեղի բնակչությանը։ Իր իսկ հիմնած զինված խմբով Կրպեյանը 1990թ-ի սեպտեմբերից մինչև 1991թ-ի մայիսը ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանությունը՝ ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի, ռուսական խորհրդային բանակի և ոստիկանական խմբավորումների։ Թաթուլ Կրպեյանը իր ջոկատով հասնում է գյուղ՝ քաջ գիտակցելով, որ խորհրդային ներքին զորքերի և ադրբեջանական OMON-ի ներխուժումը գյուղի ուղղությամբ սպանդի կենթարկի և կտեղահանի բնակչությանը։
1991թ-ի ապրիլի 30-ին սկսվում է թշնամու զրահամեքենաների ներխուժումը, որի արդյունքում գյուղացիները խուճապահար էին լինում՝ չիմանալով ինչ անել։ Սակայն Կրպեյանը, տեսնելով ինչ է կատարվում, դիմում է հուսահատ, բայց միաժամանակ վճռական քայլի։ Նա բարձրանում է տանկերից մեկի վրա, որը կանգ էր առել գյուղի կենտրոնում։ Ձեռքին նռնակ՝ նա սպառնում է, որ կպայթեցնի տանկի անձնակազմին, եթե զորքը դուրս չգա գյուղից։ Դրա հետևանքով Կրպեյանը պատանդ է վերցնում զրահամեքենաների ու տանկերի անձնակազմին, այդ թվում՝ Բաքվի գնդի ռուս հրամանատար, գնդապետ Մաշկովին։ Տասնչորս գերին ավելի ուշ փոխանակվում է թշնամու մոտ պահվող 27 հայի հետ։ Մաշկովը ի վերջո տալիս է նահանջի հրաման, և խորհրդային զորքը սկսում է հետ քաշվել, մինչդեռ ադրբեջանական OMON-ը չի ենթարկվում հրամանին։ Մաշկովն անձամբ է փորձում բանակցել Թաթուլի հետ, որի ընթացքում դավադրաբար, հրացանների կրակոցներով, սպանվում են Թաթուլ Կրպեյանը և նրա մտերիմ զինակիցները։
Այդ դավադրական սպանությունից հետո, ցավոք սրտի, Շահումյանը ընկնում է թշնամուն, բայց վեր է բարձրանում Կրպեյանի ոգին, և նրա սխրանքները չեն մոռացվում։ Ներկայիս դավաճան նեոբոլշևիկները, ովքեր վերջին 30 տարում ղեկավարել են Հայաստանի կառավարություն և տիրացել են քաղաքական դաշտը, փորձել են մեր միջից վերացնել նման պայքարի ոգին՝ քարոզելով պարտվողականություն ու հանձնվելու գաղափարախոսություն և վարելով դրան համապատասխան քաղաքականություն։ Նրանք իրականում Թաթուլ Կրպեյանի ու նրա նմանների հակապատկերն են, քանի որ նրանց մեջ իրական հայրենասիրության ոչ մի բջիջ չկա։
Այս հերոսական դրվագը, Արցախյան ազատագրական պատերազմի սկիզբն էր, և իրականում պատռեց այն միֆը, թե ռուսները մեր ռազմավարական «դաշնակիցն» են՝ մեր ազգին ցույց տալով, որ մեր անկախությունը կերտելու ու պահպանելու պայքարում մենք պետք է ոչ միայն պայքարենք թուրքական զինված խմբավորումների դեմ, այլ առհասարակ ռուս–թուրք–սիոնիստական դաշինքի դեմ, որը մի պահ սառեցված վիճակում մնալով՝ կրկին ակտիվացավ մոտ 10 տարի առաջ՝ 2016թ-ին։ Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես Խորհրդային Միությունը 40 տարի առաջ, կործանման եզրին է գտնվում, և հենց դրա համար առավել քան երբևէ պետք է վառ պահենք մեր «Տանկ մարդ» Թաթուլ Կրպեյանի և նրանց նմանների անմար հիշատակը, որպեսզի գալիք վճռական կռիվներում մեր ազգը ծնվի նոր Մոնթեներ, Լիոնիդներ, Վարդաններ և, իհարկե, Թաթուլներ։
Կիսե՛ք եթե համաձայն եք
«Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի…» - Թաթուլ Կրպեյան
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ