07:00:00 27.06.2026
Այս քաղաքական պայքարում տարբեր մարդկանցից հաճախ եմ լսում և մեկնաբանություններ կարդում, որ մենք «պետք է միանանք», «մեզ համախմբում է պետք» կամ նմանատիպ այլ կոչեր, բայց նկատել եմ, որ նման բաներ ասողների ճնշող մեծամասնությունն իրականում չգիտի, թե ինչ նկատի ունի՝ նման բաներ ասելով: Այդ արտահայտություններն այնքան են արժեզրկվել, որ դարձել են դատարկ ու ոչինչ չասող խոսքեր։
Հիմա մեր ժողովուրդը ավելի պառակտված է, քան երբևէ, և այո՛, միայն միասնությունը մեզ կարող է այս կործանարար վիճակից դուրս հանել, բայց մենք պետք է ողջամիտ մոտենանք այն հարցին, թե ինչպես ենք պատկերացնում այդ ազգային համախմբումը: Նախ պետք է հասկանանք, որ այս հարաբերականորեն կայուն ժամանակներում ազգային միասնությունն անհնար է, և այս պահին դրան ձգտելը իրատեսական չէ։
Այս ժամանակներում ազգային քաղաքական շարժումը պետք է սևեռվի ոչ թե ողջ ազգին համախմբելու գործի վրա, ինչը կլինի թանկագին ժամանակի անիմաստ վատնում, այլ՝ ազգի չնչին փոքրամասնության համախմբման վրա՝ այն հատվածի, որը կարողանում է ինքնուրույն մտածել և քիչ թե շատ գիտակցում է, թե ինչ է կատարվում։ Այս չնչին փոքրամասնությունը պետք է ապագա փոփոխության հողը մշակի, որովհետև միայն այդ չնչին փոքրամասնությունից կարող է ճգնաժամի ժամանակ ծնվել համազգային շարժում: Սակայն այդ չնչին փոքրամասնությանը պետք է համախմբել ճիշտ գաղափարներ ու նպատակներ մարմնավորող շարժման շուրջ, և ոչ թե ինչ-որ անձի դեմ կամ որևէ անբովանդակ գործողության համար։
Եվ այդ առանցքային գաղափարների ու նպատակների շուրջ համախմբում լինելու համար այդ չնչին փոքրամասնությունը կազմող յուրաքանչյուր անձ նախ պետք է համաձայն լինի հետևյալ երեք կարևոր կետերի հետ.
Առաջին՝ Հայաստանում իշխող նեոբոլշևիկյան համակարգը մինչև հիմքը փտած է ու հիմնովին՝ հակահայկական, որովհետև այս համակարգի բոլոր կուսակցություններն ու նրանց աջակցող լրատվամիջոցները ծախված ու դավաճանական են: Դրանց շարքերում են բոլոր օլիգարխները, ինչպես նաև քաղաքական «գործիչների», «հոգևորականների» և գեներալիտետի ճնշող մեծամասնությունը։
Երկրորդ՝ այս համակարգից հնարավոր կլինի ազատվել և հայ ազգի շահերին բացառապես ծառայող ազգային պետություն կերտել միմիայն ազգային հեղափոխություն իրականացնելով։
Երրորդ՝ միայն այս հայադավ համակարգից ամբողջությամբ դուրս և դրան ամբողջությամբ դեմ կանգնած, լիովին անկախ ազգայնական քաղաքական շարժումը, թեպետ ներկայումս «մարգինալ» համարվող, կարող է ունենալ այն ներուժն ու հնարավորությունը, որպեսզի պատմական ճիշտ պահին իրականացնի նման ազգային հեղափոխություն: Ուստի պետք է միանալ կամ աջակցել նման շարժմանը, որպեսզի այն զարգանա և ավելի մեծ ազդեցություն ունենա հասարակական կարծիքի վրա։
Բոլոր ազգային քաղաքական գործիչները, ովքեր իսկապես ցանկանում են, որ ազգային համախմբում լինի և Հայաստանը ոտքի կանգնի այս հնազանդ վիճակից, հարկավոր է ընդունեն այս երեք կարևորագույն կետերը և գիտակցեն, որ միայն այս դժվար ճանապարհով անցնելով հնարավոր կլինի ազգային հեղափոխության միջոցով առաջացնել ազգային զարթոնք ու վերածնունդ։
Հերի՛ք է ժամանակ ծախսեք հեշտ ու արագ լուծումներ փնտրելու վրա: Այս ուղուց բացի այլ ուղի չկա. կա միայն մեկ ճշմարիտ, հաղթանակի ճանապարհ, և դա իրական ազգային պայքարի ճանապարհն է։
Միացի՛ր կամ աջակցի՛ր «Հոսանք»-ին՝ hosank.net/am/join
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Մի՛շտ Հայ
#Ճակատագրի_Շարժումը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ