03:25:00 25.09.2025
Հայերեն կարդալ ու գրել ինքնուրույն սովորել էի 17 տարեկանում (քանի որ հայկական դպրոց երբեք չեմ գնացել), սակայն քերականությունս շատ վատ էր, իսկ խոսակցականս՝ դեռ միայն կենցաղային մակարդակի: Հենց ուղիղ տասը տարի առաջ, նախքան Հայաստան տեղափոխվելը, որոշեցի կատարելագործել հայերենս և այդ նպատակով գտա առցանց ուսուցիչ Հայաստանից: Չէի կարողանում գրական հայերենով պատասխանել անգամ ամենապարզ հարցերին և չէի կարողանում մեկ էջ անգամ գրել՝ առանց բազմաթիվ կոպիտ քերականական սխալների: Այնքան վատ էր, որ վարժությունների ժամանակ նույնիսկ ամաչում էի:
Այդ առցանց պարապմունքները որոշ չափով օգնեցին, բայց իրական մեծ տարբերությունը նկատեցի այն ժամանակ, երբ Հայաստան տեղափոխվելուց մոտ երկու տարի անց որոշեցի հաճախել հայոց լեզվի անհատական պարապմունքների շուրջ երկու տարի (2018–2020): Այդ ընթացքում անցա մի քանի հատոր քերականության գրքեր, կարդացի տարբեր վեպեր և արեցի բազմաթիվ գրավոր ու բանավոր վարժություններ: Տասը տարի առաջ գիտեի, բայց դեռ լավ չէի պատկերացնում, որ կհասնի այն օրը, երբ ամեն օր հետևողականորեն գրական հայերենով հոդվածներ կգրեմ, հրապարակային ճառեր կասեմ և հարցազրույցներ կտամ: Անկախ նրանից, որ ծնվել ու մեծացել եմ ԱՄՆ-ում, այսօր հայերենս ավելի լավ է, քան անգլերենս, քանի որ մտքերս ավելի հստակ ու ամբողջական կարողանում եմ արտահայտել հայերենով, քան անգլերենով: Ցավալի է, որ հայրենադարձների ճնշող մեծամասնությունը (գեթ մեկին չեմ հանդիպել, որ հայերեն լավ խոսի) ուշադրություն չի դարձնում այս շատ կարևոր հարցին:
Բայց ես ուրախ եմ, որ համառ ու սկզբունքային մնացի այս հարցում: Լիովին հայ չէի զգա և ինձ հայրենասեր չէի կարող համարել, եթե չկատարելագործեի հայերենս: Իսկ եթե չկատարելագործեի, չէի կարողանա Հայաստանում մտնել քաղաքականություն՝ իմ գաղափարները իրագործելու նպատակով:
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ