01:15:00 18.11.2025
Հիպնոսը աշխատում է մի պարզ սկզբունքով՝ կենտրոնացնում է մտավոր ուշադրությունը և հանգստացնում մարմինը: Հիպնոսացնողները հաճախ օգտագործում են «հիպնոսի ճոճանակ» հենց դա անելու համար: Ճոճանակը օգտագործելով, մարդու ուշադրությունը կենտրոնանում է միայն շարժման վրա՝ հանելով մյուս մտքերը, և մարդը ավելի պատրաստ է լսել այլ առաջարկներ: Մի խոսքով, ճոճանակը օգտագործելով հիպնոսը կենտրոնացնում է ուշադրությունը մեկ բանի վրա՝ այլ կարևոր բաներից շեղելով:
Սա նման է մեր ներկայիս իրավիճակին, որտեղ հիպնոսացնողները նեոբոլշևիկյան համակարգի տերերն են, իսկ «ճոճանակը» մեր լրատվական ու ժամանցային մեդիան է: Մեզ զբաղեցնում են սերիալներով, համերգներով, իսկ քաղաքական դաշտում արհեստականորեն ստեղծում են շոուներ՝ անկապ ձերբակալություններով ու անիմաստ ընտրություններով, որոնց շուրջ առաջանում են վեճեր, հակամարտություններ ու սկանդալներ:
Կարևոր է շեշտել, որ հեշտ է հիպնոսացնել այն մարդուն կամ ժողովրդին, ով նոր է դուրս եկել տրավմայից, քանի որ նա «ելք» է փնտրում իրականությունից: Դրա համար պատերազմի պարտությունից և Արցախի հայաթափումից հետո մեր ժողովուրդը սուզվել է խորը անտարբերության մեջ, որտեղ մեծամասնությունը ապրում է ջայլամի պես՝ «ամեն ինչ լավ է լինելու» կեղծ հույսերով: Տրավմա ապրած ժողովուրդը ամենահեշտ զոհն է հիպնոսացնողների համար, և աճպարար վարպետները այս ամենը անում են, որպեսզի շեղեն մեզ մեր գլխավոր ու առանցքային խնդիրներից, ինչպես Հռոմեական կայսրության անկման տարիներին, երբ հռոմեական կայսրերը սկսեցին շատ հաց բաժանել և կրկեսներ կազմակերպել՝ զանգվածներին գալիք կործանումից անտարբեր պահելու համար...
Մեր պարագայում առանցքային խնդիրն այն է, որ ռուս-թուրք-սիոնիստական դաշինքը ցանկանում է Հայաստանի Հանրապետությանը անել ճիշտ այն, ինչ արեց Արցախի Հանրապետությանը՝ օգտագործելով Հայաստանի իշխանության ու «ընդդիմության» մեջ վխտող հայադավներին: Առանց չափազանցության նրանք ուզում են վերջնականապես ոչնչացնել մեր անկախ պետականությունը և ավարտին հասցնել 100 տարի առաջ սկսած հայոց ցեղասպանությունը: Սա է դաժան իրականությունը, որից մեզ ուզում են շեղել սատանայական աճպարարները՝ պառակտելով ու կենտրոնացնելով դատարկաբանությունների վրա:
Ուզում են, որ մենք պաշտպանենք խաբեբա դավաճաններին ու սրիկաներին, և անտեսենք իսկական ազգայնականներին, ովքեր ճշմարտությունն են ասում և զգուշացնում մարդկանց՝ նրանց պահելով քաղաքական ծայրամասերում: Ժողովրդի մեծ մասը իրականում ուզում է լինել այս հիպնոսի տակ, ու դրա համար լուրջ չեն ընդունում «մարգինալ», «ծայրահեղական» քաղաքական գործիչներին, ովքեր դուրս են այդ դավաճանական համակարգից: Նրանք ուզում են ապրել ստերի մեջ, քանի որ դաժան իրականության հետ առերեսվել չեն ցանկանում, բայց ուզեն թե չուզեն, առերեսվելու պահը կամաց-կամաց մոտենում է:
Փա՛ռք Արարչի, որ այս նեոբոլշևիկյան համակարգը և նրանց աճպարարական մեխանիզմները մոտ ապագայում ինքնակործանման են գնալու, ինչը կպատռի կեղծիքի պատրանքը: Մարդիկ դուրս կգան հիպնոսից և կհասկանան, որ «մարգինալ» ազգայնականները ճիշտ էին ասում, որի արդյունքում քաղաքական դաշտում մեծ և անհրաժեշտ փոփոխություններ կկատարվեն: Մեր ազգը դարերով, և հատկապես ժամանակակից դարում, քնած է մնացել, բայց վստահ ենք, որ զարթոնքը գալու է՝ ցնցելու է մեր լեռնաշխարհը, և ինչու չէ, նաև ողջ աշխարհը: Ինչպես Նիցշեն է ասել՝ «Եթե առաքինությունը քնած է մնացել, ապա կարթնանա առավել զորացած»...
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ