08:18:00 07.05.2026
Քաղաքական տեսանկյունից կարող ենք մեր հասարակությունը բաժանել հիմնականում հինգ տարբեր մասերի։ Ամենամիամիտ ու խաբված մասը, իսկապես հավատալով այս «խաղաղության» կեղծ օրակարգին, կարծում է, թե առանց պայքարի «ամեն ինչ լավ է լինելու», և մեզ միայն արևոտ օրեր են սպասվում։ Մի մասն էլ դրա մյուս ծայրահեղությունն է․ այն ցինիկները, ովքեր կարծում են, թե մեր անկումը անխուսափելի է, և Հայաստանի ամբողջական թրքացումը ընդամենը ժամանակի հարց է, քանի որ որևէ հույս չկա նորից ոտքի կանգնելու։ Կա նաև այն հատվածը, որը կարծում է, թե միայն ներկայիս դավաճանական իշխանությունը փոխելով ու Գերագույն խրտվիլակին գահընկեց անելով՝ ամեն ինչ միանգամից իր տեղը կընկնի, և մեր բոլոր խնդիրները կլուծվեն։ Ամենաանտարբեր մասն էլ պարզապես ապրում է ջայլամի պես և մտածում միայն վաղվա օրվա մասին՝ լիովին արհամարհելով, թե ինչ է կատարվում մեր երկրում և մեր երկրի հետ։
Սակայն կա, իմ կարծիքով, ամենաողջամիտ ու անձնապես ինձ հուսադրող հատվածը, որը տեսնում է, որ այս ամբողջ հակահայկական համակարգը մինչև հիմքը փտած է և իր հոգու խորքում զգում է, որ մեզ շատ դժվար օրեր են սպասվում, բայց նաև իմանալով, որ մենք կկարողանանք հաղթահարել այդ ամենը, եթե միասնական լինենք ու չհանձնվենք։ Այս հատվածը իրականում կազմում է ժողովրդի չնչին փոքրամասնությունը, բայց հենց այս գիտակից հատվածն է, որի շուրջ կարող է պտտվել մեր պատմությունը, քանի որ նման մտածող մարդկանց ուսերին է միշտ դրվել ազգի ճակատագիրը։
Մեր շարժման նպատակն ու առաքելությունն է, նախ և առաջ, նման մարդկանց ներգրավելը և մեր շարժման անդամ, աջակցող կամ համակիր դարձնելը, որովհետև առանց այդ փոքրամասնության համախմբման չի կարող լինել ողջ ազգի համախմբում։ «Հոսանք»-ը չորսուկես տարի առաջ հիմնադրեցի, որպեսզի այս քաոսի մեջ նման գիտակից ու անձնական պատասխանատվություն կրող հայերը քաղաքական հարթակ ունենան և զգան, որ մենակ չեն։ Այն ժամանակ զգացի, որ մեր շարժումը պետք է դառնա նման արժանապատիվ հայերի «ձայնը»։
Այս «անապատային տարիներին», երբ մեծամասնությունը ապրում է հիպնոսի տակ, մեր շարժման անդամակցությունը սառել է, բայց օրեցօր աճում են մեր համակիրներն ու պասիվ հետևորդները, քանի որ այդ «ձայնը» ինչ-որ կերպ հասնում է իրենց։ Նրանց մեծ մասը այսօր պարզապես հեռվից լուռ դիտում է, բայց վաղը, երբ ճակատագիրը կանչի, նրանցից շատերը միանգամից կիմանան, թե որ ճշմարիտ, անզիջում և ազգային շարժման շուրջ պետք է համախմբվեն...
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Մի՛շտ Հայ
#Ճակատագրի_Շարժումը #Այս_Անգամ_Աշխարհը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ