05:34:00 06.05.2026
Ամեն քանի տարին մեկ սիրում եմ նորից դիտել իմ սիրած ֆիլմերից մեկը։ «Գլադիատորը», իհարկե, պատմական իրականության և գեղարվեստական հորինվածքի խառնուրդ է։ Իրականում եղել է իմաստուն կայսր Մարկոս Ավրելիոսը, ով ուներ Կոմոդոս անունով որդի, սակայն կայսրը մահացել է հիվանդությունից, ոչ թե իր որդու ձեռքով։ Չի եղել նաև Մաքսիմուս Դեցիմուս Մերիդիուս անունով գեներալ, որը հետագայում դառնում է գլադիատոր և փորձում տապալել Կոմոդոսի իշխանությունը։
Ամեն դեպքում, «Գլադիատորը» շատերի համար սիրելի ֆիլմերից է, և ես այն հաստատ դիտել եմ տասից ավելի անգամ։ Սակայն միայն վերջին դիտման ժամանակ եմ ավելի հստակ հասկացել, թե ինչու է Մարկոս Ավրելիոսը ցանկանում գահը փոխանցել Մաքսիմուսին, ոչ թե իր որդուն՝ Կոմոդոսին։ Պատճառը միայն այն չէ, որ Մաքսիմուսը Կոմոդոսից ավելի բարոյական, ազնիվ և քաջ մարդ է։ Ավրելիոսը ցանկանում է գահը փոխանցել նրան նաև այն պատճառով, որ նա Իսպանիայից եկած գեներալ էր՝ դուրս Հռոմի կոռումպացված քաղաքական համակարգից՝ մարդ, ով չէր թաթախվել այդ աղտոտված ճահճում։
Ավրելիոսը Մաքսիմուսին ասում է. «Քեզ կփոխանցեմ գահը մեկ նպատակի համար՝ վերադարձնել իշխանությունը Հռոմի ժողովրդին և վերջ տալ այն կոռուպցիային, որը խեղել է այն»։ Սակայն Մաքսիմուսը մերժում է՝ ասելով. «Ավելի լավ է սենատոր լինի, ով ճանաչում է քաղաքը և հասկանում է նրա քաղաքականությունը»։ Ավրելիոսն էլ պատասխանում է. «Բայց դու չես կոռումպացվել նրա քաղաքականությունից»։
Իմաստուն կայսրը լավ էր գիտակցում, որ երբ համակարգը մինչև հիմքը կոռումպացված ու փտած է, միայն այդ համակարգից ամբողջությամբ դուրս գտնվող ազնիվ մարդը, որը չի աղտոտվել դրա քաղաքականությամբ, կարող է արմատախիլ անել կոռուպցիան և վերականգնել երկրի արժանապատվությունը։
Տեսնելով մեր երկրում համատարած կոռումպացվածությունն ու դեգրադացիան, հատկապես նողկալի քաղաքական դաշտում, դժվար է չհամաձայնել Մարկոս Ավրելիոսի այս մոտեցման հետ...
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ