06:14:00 13.10.2026
Մեր վերջին հավաքի տարբեր տեսանյութերն ու նկարները տեղադրելով մեր սոցցանցերում (ՖԲ, Ինստագրամ, Տիկտոկ, X, Յութուբ)՝ բոլորը միասին, ինչպես նաև մեր նախորդ հավաքները, հավաքեցին հարյուր հազարավոր դիտումներ, հազարավոր հավանումներ ու նույնիսկ հազարավոր դրական մեկնաբանություններ։ Իհարկե, ինչպես միշտ, մեր արտաքին թշնամիները վայնասուն բարձրացրին, և եղան մեծ-մեծ խոսող, դատարկաբան հայեր, ովքեր մատը մատին չեն տալիս, բայց սիրում են ամեն անգամ ասել՝ «գործ արեք», «համախմբվեք» կամ նման այլ անհեթեթություններ։ Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ արձագանքը դրական էր։
Սակայն այդ մեծ դրական արձագանքից հետո չհայտնվեց գեթ ՄԵԿ հոգի, ով ցանկություն հայտներ ինչ-որ բանով օգնելու, որպեսզի մեր շարժումն ավելի շատ երիտասարդներ ներգրավի, ավելի շատ նման միջոցառումներ կազմակերպի և առհասարակ զարգանա։ Նույնիսկ մեր նման փոքրաթիվ շարժումը պահպանելու ու զարգացնելու համար գումար է անհրաժեշտ, բայց չհայտնվեց մի հոգի, ով ցանկանար, օրինակ, ամսական հազար դրամով օգնել։ Հետո էլ բողոքում են, թե ինչու քաղաքական դաշտում այսքան դավաճան, ծախված սրիկաներ կան։ Մեր ժողովրդին վարժեցրել են, որ միայն լուրջ ընդունի նրանց, ովքեր ծախվում են տարբեր օլիգարխների և նրանցից հովանավորություն ստանում։
Սա ապացույց է, որ առցանց իմ հանդիպած հայրենասիրական արտահայտություններն ու խոսքերն իրականում փուչ են և ոչ մի արժեք չունեն։ Եվ հենց դա է պատճառը, որ այսօր այս օրին ենք։ Եթե համացանցում ցուցադրվող հայրենասիրության նույնիսկ 5 տոկոսն իրական լիներ, մենք այսօր հաստատ լրիվ ուրիշ Հայաստան կունենայինք։ Սա հենց այն «ստահայրենասիրությունն» է, որի մասին Նժդեհը գրել էր, և որին ես անձամբ ականատես եմ եղել՝ 27 տարի ապրելով ԱՄՆ-ում և վերջին տասը տարին՝ Հայաստանում։
Այս ստահայրենասիրությունը գոյություն ունի, որովհետև հայ ազգայնականությունը մեռած է։ Այն մեռած է և այսօր գոյություն չունի, որովհետև 20-րդ դարում մեր թշնամիներն այն արմատախիլ են արել մեր ազգի միջից։ Ցեղասպանությունը, 70 տարվա սովետական բռնապետությունը և ևս 35 տարվա նեոբոլշևիկյան ու լիբերալ-դեմոկրատական համակարգը թողել են իրենց աղետալի հետևանքները։ Այդ է պատճառը, որ մեր քաղաքական դաշտում հայրենասիրության ու ազգային գաղափարների մասին խոսող մարդիկ չեն իմանա, թե որն է իրական ազգայնականությունը, նույնիսկ եթե այն արծաթե սկուտեղի վրա մատուցվի նրանց։ Բոլորը ձևական հայրենասերներ են, քանի որ մտածելակերպով և ուղն ու ծուծով նեոբոլշևիկ սրիկաներ են։
Դրա համար, ինչպես բազմիցս շեշտել եմ, մեր շարժման կարևորագույն նպատակներից է այս 21-րդ դարում կրկին կյանքի կոչել հայ ազգայնական միտքն ու գաղափարը և առհասարակ՝ հայ ազգայնականությունը, որովհետև առանց դրա երբեք չի կարող ձևավորվել իրական ազգային դիմադրություն այն բոլոր հակահայկական երևույթների դեմ, որոնք սպառնում են մեր ողջ ազգին ու հայրենիքին։
Մենք այսօր ապագա ազգային վերելքի սերմերն ենք ցանում, որպեսզի մոտ ապագայում, երբ այս դավաճանական համակարգը փլուզվի և ներկայիս իրավիճակը կտրուկ փոխվի, մենք կարողանանք տեսնել մեր ցանած ազգային սերմերի ծիլերն ու հետագայում՝ պտուղները։ Արդեն տասը տարի է՝ ապրում եմ Հայաստանում, բայց միայն հիմա եմ վերջապես հասկացել, թե ինչու և կոնկրետ ինչ նպատակով տասը տարի առաջ ճակատագիրն ինձ ուղարկեց Հայրենիք։
Շատերն այսօր լավ չեն հասկանա, թե ինչ եմ ասում, որովհետև այս հարմարավետության ու ստերի ժամանակաշրջանում կեղծիքը կարողանում է լավ քողարկված մնալ։ Բայց երբ գա մեծ ճգնաժամը, կբացահայտվեն իրենց ճանաչած «հայրենասերների» ու «ազգայնականների» իրական դեմքերը, և այդ ժամանակ արդեն ավելի հեշտ կլինի թացը չորից տարբերել։
Հայ ազգայնականության նոր հոսանքը մենք հաստատակամորեն կշարունակենք առաջ տանել մինչև հաղթանակ։
#Sic_Parvis_Magna #Այս_Անգամ_Աշխարհը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ