09:28:00 18.08.2025
Խաղաղության հետևից վազելով՝ մենք մոտենում ենք մեր պետականության մահվանը: Այս նեոբոլշևիկյան, հայրենադավ կառավարությունը կեղծ ընդդիմադիրների հետ միասին շարունակում է մեր ժողովրդին խաբել ու մոլորեցնել՝ անտեսելով մեր սերունդների ապագան: Մեզ փորձում են համոզել, որ «խաղաղություն» նշանակում է նահանջ և համակերպում այս ստոր վիճակի հետ, բայց իրականում այդ դատարկ լոզունգները մեզ զրկում են պայքարելու մեր բնական իրավունքից և մեր երկրում իշխանություն պահելու կարողությունից: Մեզ պայքարելու կամքից զրկելով՝ նրանք ուզում են տիրանալ մեր պետությանը, ոտնահարել մեր պատիվը և մասնատել մեր հայրենիքը:
Բայց իրական հայ ազգայնականների վրա «խաղաղության» մասին սին խոսքերը չեն գործում: Հայաստանում դեռ կան արժանապատիվ հայեր, ովքեր չեն կորցրել ողջամտությունն ու գիտակցությունը, ովքեր գիտեն՝ պարտվողականության հետ համակերպվելը միայն ավելի մեծ աղետների և պարտությունների ճանապարհ է բացում: Մենք գիտենք՝ խաղաղություն հետապնդելով մենք միայն կհանդիպենք ավելի ծանր կորուստների և նոր պատերազմի սպառնալիքների:
Խաղաղություն ունենալու համար հարկավոր է գնալ ոչ թե խաղաղության հետևից, այլ՝ ուժի, հզորության և վեհության հետևից, քանի որ այդպես ենք իրական խաղաղություն ստեղծում: Մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանել մեր շահերը, պահպանել մեր ազգային արժանապատվությունը և կանգնել յուրաքանչյուր ոտնձգության դեմ՝ միավորվելով մեկ նպատակի շուրջ. ապահովել մեր անկախությունը և մեր ազգի զարգացումը: Խաղաղությունը պատկանում է ոչ թե խաղաղության մուրացողներին, այլ խաղաղության պարտադրողներին:
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ