03:01:00 31.08.2025
Պատմության բոլոր հզոր ու պատմական շարժումները և իրական հեղափոխությունները սկսվել են ոչ թե զենքով, ոչ թե հարստությամբ, այլ կամքով, խոսքով ուխտով, որը վերածվել է մեծ գործերի։ Խորհրդանշական ուխտը դատարկ ծես չէ․ դա այն գործողությունն է, որով սովորական մարդիկ իրենց կապում են ավելի բարձր նպատակին և վերածվում միասնական ուժի։ Առանց ուխտի գոյություն ունի միայն դատարկ խոսք, միայն աննպատակ ցանկություն, միայն անցողիկ զգացմունք։ Ուխտից ծնվում է պարտականություն, պատասխանատվություն և անխախտ վճռականություն։ Ուխտն է, որ երկմտանքը վերածում է քաջության, իսկ վախը՝ զոհաբերության։
Մեր նախնիների Դավիթ Բեկյան ուխտերը կախարդական բանաձևեր չէին․ դրանք սրբազան պարտավորություններ էին, որոնք ծնունդ տվեցին գործի։ Այսօր, երբ Սյունիքը կրկին մեր թշնամիների հաջորդ թիրախն է, խորհրդանշական ուխտերը ավելի քան երբևէ անհրաժեշտ են։ Ազգի կամքը ներկայացնող թեկուզ փոքրամասնությունը, որ Արարչի, հայրենի հողի ու հերոս նախնիների առջև կերդվի պայքարել մինչև հաղթանակ, դառնում է անսասան ու անկոտրում։ Իսկ այդ ներքին փոփոխությունն է, որ հիմք է դնում արտաքին փոփոխությանը։
Հայաստանը չի փրկվելու դատարկ կարգախոսներով կամ օտար գաղափարախոսություններով։ Հայաստանը կփրկեն միայն այն ուխտակատար հայերը, ովքեր կերդվեն, որ երբեք չեն զիջի, չեն դավաճանի, և չեն հանձնվի։ Եթե ցանկանում ենք փոխել Հայաստանի ճակատագիրը, պետք է սկսենք մեր նախնիների նման՝ այնպիսի ուխտից, որը ոչ մի ուժ չի կարող կոտրել։ Ուխտը սերմն է, և նման սերմից է աճում միասնությունը, ուժը, և հաղթանակը։
Ժամանակը եկել է վերակենդանացնել այն ուխտը, որը Նժդեհն ստեղծել էր հարյուր տարի առաջ՝ հիմնադրելով մեր գաղափարական պայքարի սկիզբը այս ժամանակակից աշխարհում՝ հանուն մեր ապագա սերունդների և փառահեղ ապագայի:
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Հանուն Պետականության՝ Նժդեհաբար
#ԴավիթԲեկյանՈւխտեր #105 #Սպիտակավոր #SicParvisMagna
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ